— Վինդհուկ, սա Վինդհուկն է,- շատ ջերմ ու պարզ ասաց այն մարդը, որին առաջինն էի հանդիպել: Նա նույնքան ազնիվ թվաց, որքան ետեւի լեռները, նրա գլխին մեքսիկական գլխարկ էր, որն ամբողջությամբ ստվեր էր գցել դեմքին: Ինձ էր նայում, խոսելու ցանկություն ուներ:
— Դուք Վինդու՞կն եք փնտրում,- հարցրեց:
— Ես չեմ փնտրում,- ասացի:
— Սա է Վինդհուկը,- ժպտաց:
— Ես գիտեմ:
— Սա է Վինդհուկը,- կրկնեց,- ես այստեղ եմ ծնվել:
— Ես ոչինչ չգիտեմ Ձեր մասին,- ասացի:
— Բայց Դուք ինձ էիք չէ՞ փնտրում: Այնպես չէ՞:
— Այո, իհարկե,- հեգնանքով ասացի:
— Դուք ճանաչո՞ւմ եք ինձ,- ձեռքերը դողացին:
— Ոչ: Ես Ձեզ չեմ ճանաչում:
— Ընդհանրապե՞ս:
— Ոչ:
— Վատ է չէ՞: Վատ է, որ մարդիկ միմյանց չեն ճանաչում:
— Այո,- ասացի:
— Դուք լա՞վ եք ապրում:
— Չգիտեմ:
— Ես էլ: Ես զարմանում եմ, թե ինչպես կարող են մարդիկ որոշել` որն է լավ, որն է վատ: Անհնար է որոշել: Ես այդպես եմ կարծում:
— Դուք ո՞վ եք:
— Կներեք, ես չներկայացա:
Եթե մեկ մետր էլ ետ քայլեի, կհայտնվեի ձորում: Քիչ առաջ էի փողոց դուրս եկել ու անցնելով մի քանի խաչմերուկ` հայտնվել էի գործարանի բակում: Լքված վայր էր, բոլոր պատուհանները կեղտոտ էին, ճաքած, պատերին նկարներ էին` գրաֆիտի, մի քանի վանդակաճաղ ուներ, ինչպես նաեւ, վերեւի պատուհաններից մեկում ինչ-որ բան էր անկանոն շարժվում, ասես աղաց լիներ: Մենք կանգնել էինք ձորի բերանին եւ ամեն վայրկյան ինձ թվում էր, թե նա ինձ ձորը կնետի: Սակայն նրա աչքերը խեղճ էին, ինչպես հեռվում ընկած հեծանիվը, նա բարի հայացք ուներ:
— Անունս Ջոն Սեբաստիան Հիտցֆիլդեր է: Կարող եք Ջոն ասել: Իմ կեղծանունն է, ես իրականում չգիտեմ անունս: Ես չգիտեմ, թե ովքեր են ծնողներս, եւ չեմ հիշում նրանց: Երբ մտածում եմ այդ մասին, գլուխս ցավում է: Դա նման է նրան, որ մտածեմ, թե որտեղից է այս գլխարկը:
— Չգիտե՞ք:
— Գտել եմ:
— Դուք տուն չունե՞ք:
— Ոչ: Այստեղ եմ ապրում: Այս հսկա շենքն է իմ տունը:
— Ի՞նչ է սա:
— Չգիտեմ: Երեւի գործարան է եղել: Հիմա պարզ չէ: Ես չգիտեմ, թե այս շենքում ինչեր կան: Այն շատ մեծ է: Ինձ բավարարում է միայն մի սենյակը:
Ես վստահ էի, որ աղացով սենյակը հենց իրենն է:
— Ա՛յ, նա է իմ սենյակը: Տեսնո՞ւմ եք:
— Իսկ ի՞նչ է այնտեղ այդպես շարժվում:
— Օդափոխիչի վրա թաց շորեր եմ փաթաթել:
— Այստեղ ուրիշ մարդ չկա՞:
— Ոչ: Սա քաղաքին մոտիկ ամենահեռու տեղն է:
— Այսինքն:
— Ամենամոտիկ թաքստոցը:
— Ի՞նչ իմաստով:
Նա զարմացած ինձ նայեց:
— Մոռացի՛ր:
— Ես մի քանի րոպեում հասա այստեղ,- ասացի:
— Իսկ ինչո՞ւ:
— Չգիտեմ, պարզապես ուզում էի քայլել, մտածել: Քաղաքային աղմուկից հեռու տեղ էի փնտրում:
— Եվ գտար,- մեջ մտավ,- որովհետեւ շատերին է այս վայրը ձգում: Մարդիկ ուզում են կտրվել ամեն ինչից, գալիս են այստեղ ու իրենց մտքերն են պատմում: Նրանք երբեմն տխուր են լինում, երբեմն հուսալքված, երբեմն մտամոլոր, իսկ երբեմն, գալիս են այստեղ ու հենց այստեղից փորձում են իրենց վայր գցել: Հենց այստեղ մարդիկ կորցնում են իրենց:
— Դուք ո՞վ եք:
— Ե՞ս: Փողոցային, որն ունի մի հեծանիվ, հսկա շենքի մեջ մի սենյակ ու մի քանի մետաղե բաժակ:
— Դուք հետեւո՞ւմ էիք ինձ:
— Ոչ:
— Ձեր հայացքը փոխվեց,- ասացի:
— Այո՞:
— Այո: Մի քանի վայրկյան առաջ դուք ինձ աշխարհի ամենաբարի մարդն էիք թվում:
— Ինչո՞ւ: Որովհետեւ լո՞ւռ էի:
— Ոչ:
— Միգուցե գլխարկս էր դուր եկել:
— Ոչ: Դուք պարզ էիք թվում:
— Ինչպես դրախտից եկվորը՞:
— Ոչ: Բայց Ձեր խոսքերի մեջ ագրեսիվություն կա: Քիչ մնա` Դուք կսպանեք բոլորին:
— Ինչո՞ւ:
— Դուք սառնասիրտ եք, ասես ոչինչ չի եղել:
— Իսկ ի՞նչ է եղել:
— Ես պետք է գնամ,- ասացի:
— Դուք Ձեզ աղջկա պես եք պահում:
— Ինչո՞ւ:
— Նույնիսկ թեյ չեք ուզում խմել ինձ հետ,- ասաց:
— Ավելի լավ է գնամ:
— Ինչո՞ւ: Դուք ուրիշին էիք փնտրում:
— Չեմ հասկանում:
— Միշտ էլ մարդ ինչ-որ մեկին փնտրում է: Այդպես չէ՞:
— Ի՞նչ նկատի ունեք:
— Մոռացե՛ք: Ես սիրում եմ մարդկանց հոգու հետ խաղալ: Ստացվում է, չէ՞:
Ջոն Սեբաստիան Հիտցֆիլդերն ամենաքիչը երեսուն տարեկան էր: Նա սպիտակամորթ էր: Նեղ աչքեր ուներ, հաստ շուրթեր: Անթրաշ էր, ու դեմքը թաց էր: Նա սեւ մազեր ուներ: Ինձ թվում էր, թե շուտով ինչ-որ բան է լինելու, որը կարող է վերջ դնել իմ ճամփորդությանը: Ես այդքան մոտ էի դրա ավարտին, ինձ մնում էր միայն մեկ մետր ետ գնալ, ու կհայտնվեի ներքեւում:
— Ես բարի եմ, ճիշտ նկատեցիք: Ես աշխարհի ամենաբարի մարդն եմ: Եվ աշխարհի ամենա-բարի մարդը հրավիրում է Ձեզ իր կացարան: Կգա՞ք:
— Ինչո՞ւ:
— Կզրուցենք:
— Ես պետք է գնամ:
— Ինչո՞ւ:
— Չեմ ուզում մնալ:
— Մի՛ վախեցեք,- ասաց,- գրողներին հատուկ է վախենալը, այնպես չէ՞:
— Դուք ինձ ճանաչո՞ւմ եք:
— Ոչ:
— Ինչպե՞ս իմացաք, որ գրող եմ:
— Միայն Աֆրիկայի մասին գրողը կգար այստեղ ու չէր իմանա ինչ անել: Ես ենթադրեցի:
Մենք քայլեցինք շենքի կողմը:
— Այն լողավազան էր: Իսկ այն մեկը` փոքրիկ խաղահրապարակ: Ես այնտեղ լողացել եմ,- ասաց:
Ջոնը հարբած էր: Առաջին անգամ զգացի, երբ քամին փչեց նրա ուղղությամբ, իսկ հետո, երբ աստիճաններից վայր ընկավ, ինչպես Լուսակայի պանդոկից գլորվող ամերիկացին: Մենք նրա սենյակում էինք, նա տաբատի գրպանից հանեց կես լիտրանոց շիշը եւ տարավ բերանը: Թե ինչ էր շշում, չգիտեմ, բայց սպիրտի հոտ էր գալիս: Նրա սենյակն այնքան էլ կեղտոտ չէր: Նրա դեմքը ծանոթ էր, չէի կարողանում հիշել, թե որտեղ եմ տեսել: Ջոնը պառկեց մահճակալին: Սենյակում մի աթոռ կար, օդափոխիչ, փոքր պահարաններ, թեեւ աջ անկյունում թափթփված իրեր կային, որոնց մեջ ինչ ասես կարելի էր գտնել:
— Ես Ձեզ տեսե՞լ եմ,- հարցրի:
— Ոչ,- բղավեց ու բարձը դրեց գլխին:
— Ձեր դեմքը ծանոթ է:
— Այո՞, Գերմանիայում ենք հանդիպել, հիշո՞ւմ եք գերմանական պատը: Մենք այնտեղ էինք, 1989 թվականն էր, չէ՞: Միասին գարեջուր էիք խմում եւ նշում հաղթանակը:
— Ի՞նչ եք խոսում:
— Չեք հիշո՞ւմ:
— Ոչ:
— Որտեղի՞ց հիշեք: Դուք այնտեղ չէիք,- ծիծաղեց,- գիտե՞ք ինչու չեք գնում: Որովհետեւ ինձ հետ հետաքրքիր է: Երբ վազելով մտաք գործարան, ապշած նայեցիք վանդակաճաղերին, ես տեսա, որ Ձեր աչքերում վախ կա:
— Հետո՞:
— Հասկացա, որ բոլորն էլ վախենում են,- պտտվեց անկողնու մեջ,- բոլորն էլ նույն բանն են զգում: Մաշկիդ գույնը կապ չունի, տխուր մարդու համար կարեւոր չէ, թե նա որ ազգից է: Նա ուզում է լացել ու լացել: Դու ատում ես չէ՞ ինձ,- ասաց:
— Ոչ: Մենք անծանոթներ ենք:
— Բայց քեզ տհաճ է: Մտածում ես, թե ով է այս հիմարը, որը հարբած հիմարություններ է դուրս տալիս: Ինչո՞ւ ես եկել: Պատասխանի՛ր:
— Ո՞ւր:
— Այստեղ:
— Դուք գիտեք: Չէ՞ որ քիչ առաջ ասացիք, որ գրող եմ:
— Ես նկատի ունեմ ինձ մոտ:
— Ես Ձեզ մոտ չեմ եկել:
— Վստա՞հ ես:
— Այո:
— Ես կարող էի երդվել, որ քեզ մարդ է հարկավոր, ում հետ կարող ես խոսել: Դու այնքան սարսափած տեսք ունեիր: Երբ մտար գործարան, դեմքդ ամբողջությամբ կարմիր էր,- ասաց:
— Այո, բայց ես չեմ ուզում այդ մասին խոսել:
— Ես մոռացա թեյ հյուրասիրել, սպասի՛ր,- վեր կացավ:
— Պետք չէ:
— Երբ մոտեցար ինձ, ես զգացի, որ սիրտդ գցում է, ասացի` Վինդհուկ, սա Վինդհուկն է, կարծեցի, թե մոլորվել ես, օգնության կարիք ունես: Կանաչ թեյ կխմե՞ս:
— Ոչ, թեյ չեմ ուզում:
— Ցանկացա օգնել քեզ: Բայց աչքերիդ մեջ մոլորություն չէր, դու վախեցած էիր, ես այնտեղ վախ տեսա, ասես, մի քանի րոպե առաջ քո դիմաց մարդ են աղացել: Ճիշտ է, չէ՞:
— Ես չեմ ուզում խոսել,- ասացի,- պետք է գնամ:
— Ո՞ւր: Մնա: Ես պետք է խոստովանություն անեմ: Ի՞նչ ես կարծում, կա՞ օտարից ավելի լավ խոստովանահայր: Չկա: Օտարն ամենասուրբն է: Գիտես ինչո՞ւ:
— Ինչո՞ւ:
— Նա թքած ունի քեզ վրա: Եվ այդ միտքն ինձ ստիպում է անկեղծանալ: Նայի՛ր ինձ,- բղավեց:
— Նայում եմ:
— Ես ինչի՞ եմ նման:
— Մարդու:
— Ի՞նչ մարդու, ես չար ե՞մ, թե՞ բարի:
— Չգիտեմ, շատ տարօրինակ հարց է:
— Ես կարո՞ղ էի հրեշտակ լինել, օգնել մարդկանց, թե՞ միայն սպանություններն են ինձ բնորոշ:
— Չգիտեմ:
— Վերցրու՛ թեյը:
— Չեմ խմում:
— Ինչո՞ւ, զզվո՞ւմ ես:
— Ոչ:
— Տեսնո՞ւմ ես, ես տհաճ եմ, ես բարի մարդու տեսք չունեմ:
Ջոնի խոսքը շատ պաթետիկ էր, ասես նա բեմում կանգնած հերոս լիներ, ով ինքնասպանությունից առաջ իր վերջին մենախոսությունն է արտասանում:
— Ասա ինձ, մարդը կարո՞ղ է ներվել,- ասաց:
— Չգիտեմ:
— Եթե ես սեւ լինեի, դու ինձ կհարգեիր չէ՞, թե՞ կխղճայիր, ճի՛շտն ասա,- ձեռքով խփեց ուսիս, քիչ էր մնում բաժակը ձեռքիցս ընկներ:
— Ես տարբերություն չեմ տեսնում:
— Ինչո՞ւ: Նրանք լավն ե՞ն: Ասա՛: Նրանք պետք է շատ ավելի լավը լինեն, որ տարբերություն չտեսնես: Այդպես չէ՞,- գրպանից մի փոքր քար հանեց, այն ասես ադամանդ լիներ:
— Ոչ:
— Ինչու՞ ես այդպես ուրվականի հայացքով նայում: Ասես որեւէ միստիկ, կախարդական բան ես փնտրում: Բայց գիտե՞ս, որ իրականությունից ավելի կախարդական բան չկա: Սա չէ՞ կյանքի իմաստը, այս մի կտոր քարը, որի համար մարդիկ իրար գլուխ են ուտում: Բայց այն այժմ արժեք չունի: Գիտե՞ս ինչու են մարդիկ հորինել կախարդական ու միստիկ բաները:
— Ինչո՞ւ:
— Որպեսզի չխելագարվեն: Այլապես, իրականությունը շատ դաժան կթվա: Նրանց հեքիաթ է պետք: Ես մարդ եմ սպանել, հասկանո՞ւմ ես: Մարդ:
— Ե՞րբ:
— Ի՞նչ կարեւոր է: Քեզ համար մեկ չէ՞, թե ինչ եմ ասում:
— Ոչ:
— Ես երբեք մարդ չէի սպանել: Եղել են դեպքեր, երբ կրակել եմ, գողացել, բայց մարդ չէի սպանել, երդվում եմ: Երբ քեզ տեսա, ինձ թվաց` եկել ես իմ ետեւից, ինձ թվաց` եկել ես տանելու: Կարծեցի, թե իմ հրեշտակն ես, բայց դու հեգնանքով ասացիր, որ ինձ ես փնտրում, ես հասկացա, որ դու էլ ես ինձ պես մարդ: Ոչ մի հրեշտակ էլ չկա:
— Դուք փոշմանե՞լ եք:
— Որ սպանե՞լ եմ:
— Այո:
Ջոնը կանգնեց, անջատեց օդափոխիչը, վրայից վերցրեց հագուստը: Հագավ: Նստեց: Սկսեց ծխել: Պատուհանից դուրս հանեցի գլուխս: Դրսում` մի քանի փողոց այն կողմ, ոստիկանական մեքենաներ էին: Նստեցի անկողնուն: Նա դադարեց ծխելը եւ օդափոխիչը միացնելով` ուղղեց դեպի ծուխը:
— Ես փոշմանել եմ, որ ծնվել եմ: Իրականում, եթե ես չլինեի, ըստ էության, ոչինչ չէր փոխվի: Օրինակ, ասա ինձ, շատ կտխրեի՞ր, եթե իմանայիր, որ Ֆիլիպինների գյուղերից մեկում ապրող մի կին կամ մի երեխա այլեւս չկա:
— Չգիտեմ,- ասացի:
— Իհարկե, չէիր տխրի: Ինչո՞ւ պիտի տխրեիր: Քանի դեռ մարդուն չես ճանաչում, նա քեզ համար գոյություն չունի, մեռած է, որովհետեւ մարդն իրականում ծնվում է այն ժամանակ, երբ նրան ճանաչում ես: Իսկ ինձ ոչ ոք չի ճանաչում: Ես չունեմ ոչինչ,- կրկին խմեց:
— Դուք միշտ այստեղ ե՞ք ապրել:
— Այո: Բայց չեմ հիշում, թե որքան ժամանակ է: Ինձ համար միշտ էլ կարեւոր է եղել սիրված լինելը: Բայց ես երբեք սիրված չեմ եղել: Իմ ինչը՞ պետք է սիրեին:
— Դուք այստեղ ոչ ոքի չե՞ք ճանաչում:
— Ճանաչում եմ, բայց միայն նրանց, ում պետք եմ, ոչ թե նրանց, որոնք ինձ են պետք: Ես ճանաչում եմ հանցագործներին, խարդախներին, մարդասպաններին, վատ մարդկանց: Իսկ եթե դու օտար ես բոլորին եւ չունես ոչինչ, ուրեմն քեզանից հրաշալի ոճրագործ դուրս կգա:
— Ի՞նչ եք խմում:
— Չգիտեմ, մի քանի բան խառնել եմ իրար: Ինձ տուն են խոստացել եվ գումար: Ինձ խոստացել են, որ կարող եմ, վերջապես, դուրս գալ այս գործարանից: Բայց ուշ է: Ես իմ թուլության պատճառով կարողացա դրան հասնել միայն սպանությունից հետո: Դա ճիշտ չէ: Եթե ես նորից ծնվեի, կցանկանայի լինել վատ մարդկանցից մեկը:
— Ինչո՞ւ:
— Ինքնասպան կլինեի, եւ եւս մեկ վատ մարդ կպակասեր:
Մի պահ գիտակցեցի, որ դիմացս մարդասպան է: Ես մարդասպանի սենյակում էի, որն իր ձեռքն էր առել ատրճանակն ու հուզված խոսում էր: Նրա ձայնը գնալով ցածրանում էր: Լսելի էին դառնում ոստիկանական մեքենաների ազդանշանները: Օդափոխիչը լավ չէր աշխատում, ծուխը մոտեցել էր պատուհանին, բայց ոչ մի կերպ չէր ուզում դուրս գալ: Ջոն Սեբաստիան Հիտցֆիլդերը եւս մի քանի վայրկյան անց ինքնասպան էր լինելու, նա վերցնելու էր իր դեղնած բարձը, պահելու էր գլխին եւ բղավելու էր, որ լքեմ իրեն, սպառնալու էր, որ եթե դուրս չգամ սենյակից, ինձ էլ կսպանի, իսկ ես աչքերս փակ իջնելու էի` աշխատելով չտեսնել նրա սենյակից դուրս թափվող բարձի փետուրները:
Լսվեց կրակոցը, ես գեղեցիկ քաղաքում էի, ուր մարդիկ շատ քիչ են, բայց բոլորը բարի հայացք ունեն: Վինդհուկն այնքան էլ մեծ չթվաց, այստեղ մի գեղեցիկ եկեղեցի տեսա` Լյութեռնի, որի առջեւ մի ձիավորի արձան էր: Եկեղեցին գոթական էր կարծես ու հրաշալի տեսք ուներ: Քայլեցի անկախության պողոտայով, ուր բազմաթիվ շինություններ կային, եղա նաեւ քաղաքի կենտրոնում: Տեսա քարայծի արձանը:
***
Դեռ մտքերի մեջ էի` կապված Անգոլայի հետ: Նոր էի ժամանել Վինդհուկ, եւ ամեն ինչ հիանալի էր թվում: Ես հիշում էի այցելածս բոլոր երկրները ու յուրօրինակ թախիծ էի զգում: Մի պահ մեծ ցանկություն ունեցա ընդհանրապես չվերադառնալ, հատկապես, երբ հիշեցի ԿԱՀ-ի խոզապանին, մոտս ցանկություն առաջացավ թողնել ամեն ինչ եւ գնալ այնտեղ ու ծառայել նրան: Միայն թե ոչ այժմ, ես դեռ պետք է եւս մի քանի երկիր այցելեի ու ժպտացող մարդկանց տեսնեի, պետք է հասցնեի սիրել բոլորին, միգուցե միայն դրանից հետո հնարավոր կլիներ այցելել խոզապանին:
Վինդհուկում էի` Նամիբիայի մայրաքաղաքում: Ավելի շուտ, փոքր-ինչ հեռու էի արդեն, քանի որ զբոսաշրջիկների մեքենան ուղեւորվում էր Վինդհուկի արվարձաններից մեկը, ուր ադամանդների հանքեր կան: Մեքենայի սրահում բոլորն անգլիացիներ էին: Նրանք զբոսաշրջության էին եկել եւ գեղեցիկ վայրեր տեսնելու ցանկություն ունեին: Նրանց շատ էր հետաքրքրում Նամիբիան, հատկապես` ադամանդների հանքերը: Շատերի ձեռքերին փոքրիկ տեսախցիկ կար, որն աջ ու ձախ էին պահում եւ համարյա ամեն ինչ նկարում էին, նույնիսկ` ինձ:
— Անունս Սթիվեն է,- ասաց դիմացս նստածը եւ խցիկը պահեց վրաս,- մենք գնում ենք ադամանդներ տեսնելու, չէ՞,- խցիկի պատուհանից ինձ էր նայում եւ ձեռքն անհանգիստ շարժում էր` նշան անելով, որ խոսեմ:
— Այո,- ժպտալով ասացի:
— Կցանկանայի՞ք, որ բոլոր հանքերի ադամանդները Ձերը լինեին:
— Ոչ,- ասացի:
— Զարմանալի մարդ է,- խցիկը պահեց դեմքին եւ ինքն իր հետ խոսեց,- իսկ ես կցանկանայի:
Հասանք: Ես մեկուսացա: Ինձ չէին հետաքրքրում սպիտակ, նոր լվացած միկրոավտոբուսը եւ նրա մեջ նստած զբոսաշրջիկները: Հեռվում մի քանի հսկա բեռնատարներ էին, տրակտորներ, ինչպես նաեւ` մարդիկ: Իսկ կողքին` մի քանի ձեռքով փորված հանքեր, ավելի շուտ` փոսեր: Այնտեղ կար նաեւ մի տնակ, ուր բնակվում էին ադամանդագործները:
Ես վերեւից էի նայում, իրականում այդ ամենն այնքան էլ մոտ չէր: Ստիպված էի քարքարոտ ու ցեխոտ ճանապարհը ոտքով հաղթահարել: Ներքեւում ամեն ինչ շատ ավելի անջատված էր. հանքերն ու բնակարանները մի կողմում էին, իսկ իմ տեսած փոսերը` բոլորովին այլ: Մոտեցա տնակներից մեկին: Սկզբում ցանկություն չունեի մտնելու: Պարզապես քայլում էի կողքով: Բայց ամեն ինչ փոխվեց, երբ շրջվեցի տնակի մյուս կողմը, ուր մուտքի դուռն էր, եւ կարդացի դռանը փակցված հայտարարությունը. «Հարգելի՛ զբոսաշրջիկներ, խնդրում եմ, եթե կցանկանաք մի քանի մետաղադրամ նետե՛ք դռան մոտ դրված արկղի մեջ: Ես շատ շնորհակալ կլինեմ ձեզանից: Եթե նույնիսկ չօգնեք ինձ, կարդացեք իմ այս երկտողը, ես, միեւնույն է, շնորհակալ կլինեմ: Հարգանքներով` Մոբի»:
Դռան տակ արկղ չկար: Ես երեք կամ չորս անգամ պտտվեցի տնակի շուրջ, սակայն ոչինչ չգտա: Ինձ ամենաշատը հետաքրքրում էր, թե ո՞վ է Մոբին: Դուռը թակեցի:
— Ո՞վ է,- ներսից բղավեց ինչ-որ մեկը, ով խզված ձայն ուներ: Ինձ թվաց` վաթսունն անց ծերուկ է, սպիտակ մազերով, պառկել է իր անկողնում, գլուխը դրել է բարձի տակ ու ցանկություն չունի դռանը մոտենալ:
— Կարելի՞ է,- ասացի:
— Ո՞վ է:
— Ես արկղը չգտա:
— Լա՛վ նայիր:
— Իսկապես չկա:
— Ինչպե՞ս թե չկա:
— Ես բոլոր կողմերը նայել եմ:
— Լա՛վ, սպասի՛ր,- մոտեցավ դռանը: Բացեց:
Նրա սենյակում էինք:
— Փաստորեն գողացել են:
— Այո:
— Տեսնես որքա՞ն գումար կար մեջը:
— Չգիտեմ,- ասացի:
— Մոտակայքում մարդ չկա՞ր:
— Ոչ: Ինձ հետ մի քանիսը եկան, բայց նրանք ուղեւորվեցին մյուս կողմ:
Մոբին երեսունն անց հազիվ լիներ: Նա քնած չէր, ոչ էլ սպիտակ մազեր ուներ: Նա վատ էր խոսում, ավելի շուտ` բարբառով, ու շատ դժվար էր նրան հասկանալը:
— Ինչի՞ համար են եկել,- հարցրեց:
— Զբոսաշրջիկներ են: Երեւի` ադամանդների:
— Այո,- քմծիծաղ տվեց,- հիմար հարցեր եմ տալիս,- իսկ դո՞ւ:
— Չգիտեմ: Եկել եմ տեսնելու:
— Ի՞նձ:
— Բոլորին:
— Լավ է,- հարմարվեց աթոռին,- ինչ-որ բան կցանկանա՞ս:
Նրա տնակը շատ փոքր էր, վագոնի էր նման: Ներսում շատ քիչ իրեր կային, որոնք ինձ ծանոթ չէին: Հիմնականում աշխատանքային գործիքներ էին: Մոբիի արտաքինից կարելի էր ենթադրել, որ հանքերում է աշխատում: Նա այդ տնակում էր ապրում միայնակ, աղքատ: Սակայն չէր զլանում ժպտալ, երբ հարց էի տալիս կամ ինչ-որ կատակ էի անում:
— Խանգարեցի՞,- ասացի:
— Ոչ: Ես հեռուստացույց էի նայում: Հակառակը, լավ է, որ ինչ-որ մեկը կողքիս է, հոգնել եմ միայնակ նստելուց:
Ապշած նայեցի վրան:
— Ի՞նչ է պատահել,- ասաց:
— Այստեղ հեռուստացույց չկա:
— Գիտեմ: Բայց ես հորինել եմ: Նայի՛ր այս պատուհանից: Այնտեղ օտարերկրացի հանքափորներն են: Բեռնատարներով ադամանդ են հավաքում: Ես էլ նայում եմ: Վատ հեռուստացույց է՞:
— Ոչ,- ծիծաղեցի:
— Ես մի ալիք ունեմ, բայց բավական է, տարբեր հաղորդումներ են ցույց տալիս: Օրինակ` ինչպես են բեռնատարները գիշերները դուրս գալիս հանքերից, ցերեկները` վերադառնում, կամ, թե ինչպես են օտարերկրացիները վիճում միմյանց հետ: Նստում եմ իմ աթոռին ու դիտում:
— Ինչո՞ւ են վիճում:
— Չեն սիրում միմյանց,- լռեց,- որքա՞ն պետք է տայիր:
— Մի քանի սենթ: Այն էլ արկղը չկա:
— Չե՞ս տա,- անհանգիստ ասաց:
— Կտամ: Բայց սա չի օգնի չէ՞:
— Ինչի՞ն օգնի:
— Ձեզ:
— Ոչինչ, տու՛ր, ես փող չեմ մուրում, պարզապես իմ աշխատավարձն է քիչ: Ապրելու համար բավարար չէ:
Հանձնեցի մետաղադրամները Մոբիին: Այդ պահին սենյակը մթնեց, պատուհանի առաջ մի փոքրիկ մեքենա կանգնեց: Զարմանալի էր, թե ինչպես էր կարողացել իջնել քարքարոտ ճանապարհով:
— Հեռուստացույցս փչացավ,- ասաց Մոբին, գնամ տեսնեմ` ով է:
Մի քանի վայրկյան անց վերադարձավ:
— Ուզում էին իմանալ` տա՞նն եմ, թե ոչ,- ասաց:
— Ինչո՞ւ:
— Չգիտեմ, այդքանն ասացին:
— Չհարցրի՞ք` ինչու:
— Ոչ: Երեւի ինձ էին ստուգում: Այդպես էլի է պատահել: Նրանց դուր չի գալիս, որ տանից դուրս եմ գալիս:
— Ինչո՞ւ:
— Խանգարում եմ: Սա մասնավոր տարածք է, իսկ ես` իբր աշխատող եմ: Բայց գիտե՞ս որն է իմ աշխատավարձը:
— Որը՞:
— Որ թողնում են այստեղ ապրեմ: Երեւի տեսար փոքր փոսերը: Դրանք ես եմ փորել` ձեռքով ու բահով: Սրանք էլ գործիքներս են: Նայիր շուրջդ, բոլոր կողմերում հսկայական հանքեր են, ադամանդի հանքեր, միլիոնավոր կարատներ, որոնք միլիարդներ արժեն: Ես նստել եմ այդ ամենի կենտրոնում եւ սոված եմ: Ինձ ի՞նչ, որ օտարն այդ քարի համար մի քանի հազար կաշխատի, ես ընդամենն ուզում եմ ապրել: Ամեն օր ավազը շաղ եմ տալիս, փորում եմ նույն տեղում, որպեսզի մի քանի կտոր ադամանդ գտնեմ, այն էլ` ձեռքիցս վերցնում են: Մանր ավազահատիկները դեմ են տալիս, ասում են` ադամանդ է: Բայց բոլորն էլ գիտեն, որ այդպես չէ: Ես մի քարի վրա մի քանի օր եմ աշխատում, որն արդյունքում դառնում է թանկարժեք զարդ, իսկ դրա դիմաց ինձ մի քանի սենթ են շպրտում եւ ասում են` ապրի՛ր եւ գոհ եղի՛ր, որ չենք ոչնչացնում: Այդ փոսերը շուտով կփակեն, այլեւս աշխատելու տեղ չեմ ունենա:
— Ովքե՞ր են նրանք:
— Մարդիկ, սովորական մարդիկ,- թեման կտրուկ փոխեց,- ինչպե՞ս է կյանքը լավ երկրնե-րում: Նամիբիական ադամանդներ շատ կա՞ն այնտեղ:
— Չգիտեմ: Երեւի: Ես ադամանդներից գաղափար չունեմ:
— Իսկ ես չեմ կարող չունենալ: Ինձ ամենից շատ անհանգստացնում է մարդկանց ագահութ-յունը: Ամեն ինչ վերցրել են իրենց ձեռքը եւ չեն թողնում, որ ուրիշին էլ բաժին հասնի: Ես ի՞նչ մեղք ունեմ, որ այստեղ եմ ծնվել: Պատկերացրու` կովը ծնվեր դաշտի մեջ, ուր հազարավոր հեկտարներ խոտ կա, իսկ նրան արգելեին այն ուտել, ասեին` քոնը չէ:
Մոբին շատ տխուր ձայնով էր խոսում: Նա վախեցած էր, նեղված, ինչ-որ մեկը շատ էր ճնշել ու վախեցրել: Մոբիի հայացքի մեջ դող կար: Նա աչքը չէր կտրում իր հեռուստացույցից:
— Այստեղ Ձեր պես ուրիշ մարդ չկա՞:
— Ոչ, երեւի: Մյուս կողմերում կլինեն: Անշուշտ, շատ մարդ կա իմ կարգավիճակում: Պարզա-պես նրանց բոլորին էլ չեն սիրում, նրանք էլ, ինձ պես ինչ-որ տեղ փորում են եւ օր ու գիշեր մաղով քարեր են փնտրում, բայց մեկ է, վերջիվերջո, համարյա անվճար, ստիպված վաճառում են, այլա-պես ամեն պահի կարող են ետեւներից գալ:
— Մի քարն այդքան հա՞րց է լուծում:
— Իհարկե, նույնիսկ փոշին մեզ չի հասնում:
— Այնտեղի աշխատողներն էլ ե՞ն Ձեր վիճակում:
— Ոչ: Նրանք օտարերկրացի պայմանագրային աշխատողներ են, օրումեջ աշխատում են, ի-րենց գումարը ստանում են, նրանք նույն վիճակում չեն, մենք անհավասար պայմաններում ենք: Ես մի քար ունեմ,- ոգեւորված ասաց,- հիմա ցույց կտամ,- վեր կացավ, պատի տակ դրված մետա-ղե տուփը բացեց, միջից մի փոքր ադամանդ հանեց: Նրա ձեռքերը դողում էին,- ահա, սա ես եմ գտել, չգիտեմ ինչպես է հայտնվել հողի մեջ, այն կարծես մշակված լինի: Երեւի երկու կամ երեք կարատ կլինի: Սա կախարդական գին ունի: Ամեն օր հանում եմ, փայլեցնում, հետո կրկին դնում եմ տուփի մեջ: Գեղեցիկ է, չէ՞:
— Այո: Ինչո՞ւ չեք վաճառում: Վաճառե՛ք ու գնացե՛ք այստեղից:
Նա նայեց ինձ:
— Ո՞ւմ,- ասաց,- ես գիտեմ, որ այն թանկարժեք է, բայց ինձ դրանից ոչինչ պետք չէ, այն ինձ համար ոչ մի գին չունի: Միայն նայելու համար է: Նույնիսկ, եթե կարտոֆիլի չափ ադամանդ գտնեի, մեկ է, ինձ ընդամենն ասելու էին` շնորհակալություն հայտնիր, որ թույլ ենք տալիս ապրել:
— Ինչո՞ւ չեք գնում:
— Ո՞ւր գնամ:
— Ուրիշ տեղ:
— Ուրիշ տեղ ադամանդներ չկան: Ի՞նչ անեմ այնտեղ:
Մոբին նստեց: Ես չէի ուզում շատ հարցեր տալ, թեեւ զգում էի, որ նա շատ է ուզում խոսել: Երբ պատրաստվում էի դուրս գալ, փոքրիկ մեքենան կրկին փակեց պատուհանը: Ես հասկացա, որ ավելի լավ է` գնամ:
— Սպասի՛ր,- ձայնեց Մոբին:
— Ի՞նչ,- ասացի:
— Բոլորին պատմի՛ր իմ մասին: Թող մարդիկ իմանան, որ ադամանդն այդքան թանկարժեք բան չէ, որքան նրանց է թվում:
Տարօրինակ մեքենայի միջից կրկին Մոբիին կանչեցին: Նրանք տեսան նաեւ նրա մետաղե տուփը: Մոբին ինձ ձեռքով արեց, եւ ես հեռացա:
Նրան եւս մի քանի վայրկյան անց սպանելու էին, տանելու էին տնակի ետեւում փորված փոսերից մեկը եւ երեք անգամ կրակելու էին գլխին: Վերցնելու էին մետաղե տուփը եւ հողը լցնելու էին վրան: Իսկ ես, աչքերս փակ վազելով, բարձրանալու էի վերեւ ու նստելու էի ցանկացած պատահած մեքենա եւ ուղեւորվելու էի քաղաք: Ճանապարհին կանգնելու էի, շունչ էի քաշելու եւ կրկին շարունակելու էի ճանապարհս:
Լսվեց կրակոցը: Ես այլեւս ադամանդների հանքերում չէի: Իմ առջեւ հսկայական վանդակաճաղեր էին: Մարմինս փշաքաղվում էր: Մի քանի խաչմերուկ անցնելուց հետո հայտնվել էի այդ տարօրինակ վայրում, ուր մի հսկա շինություն կար, լողավազան, իսկ հեռվում` ձոր էր: Ոտքերս դողում էին: Վախենում էի, երբեք այդքան չէի վախեցել, երբեք չէի տեսել, թե ինչպես են մարդիկ վախենում ապրելուց: Այդ վայրն ասես լքված գործարան լիներ: Պատի տակ մի հեծանիվ էր ընկած, իսկ հեռվում մի անծանոթ էր, որը դանդաղ քայլերով մոտենում էր, նրա գլխին մեծ մեքսիկական գլխարկ էր: Անծանոթը մոտեցավ ինձ եւ ասաց.
— Վինդհուկ, սա Վինդհուկն է: