Խորխե Մայֆուդն ուրուգվայցի գրող է`ծնված Տակուրեմբոյում՝ 1969 թվականին: Ավարտելով Հանրապետության համալսարանը`ստացել է ճարտարապետի կրթություն: Ներկայումս ամբողջությամբ իրեն նվիրել է գրականությանը և իր հոդվածներին տարբեր ԶԼՄ-ներում: Դասավանդում է Լատինամերիկյան գրականություն Ջորջիա նահանգի համալսարանում: Գիտական կոմիտեի անդամ է: Նրա գործերը թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և պորտուգալերեն:
Հուլիսի 27-ի առավոտյան թերթերն ու հեռուստատեսությունը ողողվել էին տարօրինակ մի ոճրագործության մասին լուրերով:Երկու անօթևան սպանել էին երրորդին, հնարավոր է`հենց նախորդ գիշերը: Մարդիկ, անհանգստանալու փոխարեն, զարմանքով էին պատվել: Հասկանալի կլիներ, եթե սպանությունն իրագործված լիներ, պատվախնդրության կամ էլ ընտանեկան կրքերի պատճառով, սակայն նշվածներից ոչ մեկն էլ չէր կարող ունենալ ինչ-որ կես մարդ, ով իր կյանքն անց էր կացրել քաղաքի աղբանոցներում:
Ոչ ոք հստակ չիմացավ սպանության պատճառը և ոչ էլ ցանկացավ իմանալ ավելին, երբ դատավորը դատապարտեց մարդասպաններին տասը տարվա ազատազրկման: Բայց ես` դատավորս, այդպես էլ չմոռացա այդ դատական գործը և մի քանի տարի անց այցելեցի կալանավորներին: Այցելությունս կատարեցի գրեթե գաղտնի, քանի որ մարդիկ շարունակ ասում էին, որ ես նախապատվությունս տալիս եմ ոչ թե զոհերին, այլ հանցագործներին: Այժմ, եթե ինձ տրվեր հնարավորություն կրկին կարդալ իմ դատավճիռը, ես նրանց կդատապարտեի ևս 10 տարվա ազատազրկման՝ ոչ թե արդարադատությունից, այլ կարեկցանքից դրդված:
Հանցագործների զոհը բժիշկ Էնրիկեսն էր, ով ապրել էր նրանց միջավայրում իր կյանքի վերջին վեց ամիսները:
Էուսեբիո Էնրիկեսը վիրաբույժ էր, ով կորցրել էր իր ավագ դստերը վիրաբուժական սենյակում` հունվարի 24-ին, որտեղ հենց ինքն էր կանխագուշակել, որ կփրկի դստերը անբուժելի հիվանդությունից: Նա պատճառ չուներ, որպեսզի իրեն մեղավոր համարեր դստեր մահվան համար, սակայն, ինչպես հետագայում երևաց, դա նրա համար կարևոր չէր: Բժիշկը հոգեկան շեղումներ ստացավ և մի գիշեր հեռացավ տնից: Հունվարյան անձրևոտ գիշեր էր, երբ նա հատելով քաղաքը` հայտնվեց Սայագոյի երկաթուղային գծերի հարևանությամբ: Ժամանակի հետ նրա հագուստը կեղտոտվեց, մորուքը երկարեց, գիրացավ, իսկ հայացքը դարձավ ավելի մռայլ, ինչը նրան տալիս էր հնդիկ սանյասինի կերպարանք: Այնքան հեռացավ հասարակությունից, որ կարճ ժամանակ դադարեց գոյություն ունենալ թե այդ հասարակության և թե կառավարության համար. այդ իսկ պատճառով այդպես էլ չկարողացան գտնել նրան: Շուտով բժշկին հաջողվեց ծանոթություն հաստատել Ֆակունդոյի և Բարբարոխայի հետ` մարդիկ, ովքեր նրա մահվան պատճառը պիտի դառնային:
Ֆակունդոն և Բարբարոխան հանցագործներ չէին, բայց մարդիկ վախենում էին նրանցից, և խուսափում. կարծես` նրանց աղքատությունը վարակիչ լիներ: Սակայն կային և այնպիսիները, ովքեր հավատում էին Աստծուն կամ դժոխքին: Նրանցից կարելի էր սպասել ողորմություն:
Երկու տղամարդիկ քոչվորի կյանք էին վարում: Նրանք կարող էին իրենց համար կացարան դարձնել ցանկացած անկյուն՝ միշտ այն վախով, որ ինչ-որ պահակ նրանց կհայտնաբերի քնած՝ լքված վագոնում կամ էլ երկաթի պահեստարանում, որտեղ ապաստան էին գտնում անձրևոտ օրերին:
«Տխուր վայր է սա,- ասում էր Էնրիկեսը.- լավն այն է, որ նրանք տեղյակ չեն այդ մասին»:
Սակայն, կրկնում եմ` նրանցից ոչ ոք ի վիճակի չէր նույնիսկ մի թռչնակ սպանել: Նմանապես անհրաժեշտ է նշել, որ այս 6 ամիսների ընթացքում Էնրիկեսը նրանց հետ նույնիսկ բառ չէր փոխանակել: Բայց, չնայած դրան, մուրացկանները նրան վնաս չէին տալիս: Միայն գիտեին, որ իրենց նոր ծանոթը մի ողորմելի գիժ է, ով նախկինում ապրել է ինչպես սովորական մարդիկ, ունեցել տուն, ավտոմեքենա և նույնիսկ` ընտանիք, քանի որ տեսել էին, թե ինչպես է փորձում թաքնվել մի էլեգանտ և մաքուր հագուստներով կնոջից: Մուրացկանները համակերպվել էին խենթի գոյությանն այնպես, ինչպես կհամակերպվես հաշմանդամ կամ համր հարազատիդ գոյությանը: Մի անգամ, երբ անտանելի ցուրտ էր, փախստականները, դողդողալով, նրան առաջարկեցին խաշած բույսերով լի թիթեղյա մի աման: Եվ նա չհրաժարվեց:
Դա մուրացկանների կյանքի ամենադաժան ձմեռն էր: Ջերմաստիճանը զրոյից ցածր էր. ջրափոսերն ամբողջությամբ սառցակալել էին իսկ արոտավայրերը եղյամով պատվել: Դժվարությամբ էին ապակե շշեր հավաքում, առավել ևս`վաճառում, քանի որ մարդիկ չէին ցանկանում կապ ունենալ այնպիսիների հետ, ում մորուքը տարեցտարի երկարում էր, հագուստն էլ` աղտոտվում: Դա փախստականներին ավելի էր հեռացնում մարդկանց աշխարհից:
Բարբարոխան սովից հիվանդացավ, Ֆակունդոն էլ սկսեց գանգատվել հայտի չէ ռևմատիզմի՞ց, թե այլ անբացատրելի հիվանդությունից: Ցավերն այնքան անտանելի էին դարձել, որ նրանք արդեն չէին տարբերում իրական կյանքը դժոխքից: Այնուամենայնիվ, հույսը մուրացկաններին չէր լքում. նրանք սպասում էին գարնան գալուն, որ օրեցօր ավելի ու ավելի հեռու էր թվում: Էնրիկեսը հասկանում էր ամեն ինչ: Նա գիտեր, որ սա կարող է իր ընկերների վերջին ձմեռը լինել, քանի որ նրանց ոտքերն այտուցված էին, դեմքերը կապտած, գունատ, նիհարած ձեռքերն էլ ի վիճակի չէին աշխատելու, լոկ լավատեսությունն էր, որ նրանց չէր լքում:
Մի առավոտ Էնրիկեսը պատրաստվեց կարդալ նրանց մահվան դատավճիռը: Սա նրանց կյանքի միակ օրն էր, երբ նրանք զրուցեցին և այն էլ` ժամերով: Այդժամ ընկերները հասկացան, թե ով էր խենթը, և նրանց համար պարզ դարձավ, որ իրենց կասկածները համապատասխանում էին իրականությանը: Իրականում խենթը հարուստ մարդ է եղել: Իր ծանոթների համար մանր բուրժուա է եղել, իսկ մնացածի համար` բավականին հարուստ մարդ:
Խոսակցությունն ավարտվեց խենթի առաջարկով.
— Օրերը գնալով ավելի կցրտեն, և դուք կմահանաք: Դուք անպաշտպան եք, իսկ ձեր մարմիններն աստիճանաբար անզգայանում են: Այսպես կտանջվեք մինչև սեպտեմբեր: Վատագույն դեպքում` մինչև հոկտեմբեր: Բայց մահանալու եք: Թե բախտ ունենաք և կարողանաք գոյատևել այս տարի, կմահանաք հաջորդին` կրկնակի տառապանք կրելով: Այնքան խղճուկ եք, որ ոչինչ չեք պատկերացնում:Այս ձմեռ կմահանաք, որովհետև այնքան թշվառ եք, որ մտքներովդ էլ չի անցել բանտ ընկնել, որտեղ կալանավորները գոնե ապաստան ունեն, անկողին և ստանում են ամենօրյա սնունդ: Դուք նույնիսկ ուժ չունեք, որ շուկա թալանեք, որովհետև առաջին իսկ փորձից ձեզ դուրս կշպրտեն` մի լավ դաս տալուց հետո: Ու թե բռնեն էլ ձեզ գողության համար, ապա երկու օրից ազատ կարձակեն, քանի որ բանտերը լի են կալանավորներով և դատավորն անձամբ կխղճա ձեզ նման սովածներին: Բայց, քանի որ ես բժիշկ եմ, կարող եմ օգնել ձեզ:
Մուրացկաններն իրար նայեցին տարակուսանքով: Չգիտեին նույնիսկ` ինչ մտածեն: Մինչև անգամ կասկածի տակ առան բժշկի անցյալը:
— Որպեսզի բանտ ընկնեք, անհրաժշտ է, որ սպանեք ինձ: Եվ մի նայեք դեմքիս ապուշի նման: Հանեք ձեր միջի այդ հիմար ազնվությունը, որ թաքցրել եք հագուստների տակ:
Ֆակունդոն և Բարբարոխան հասկացան, որ այդ օրն իրենց խենթը գտնվոմ էր ծանրագույն վիճակում:
— Աստված մեզ կպատժի,- ասաց Բարբարոխան:
— Աստված վաղուց է ձեզ պատժել: Դուք պատկերացնո՞ւմ եք սրանից ավելի վատ դժոխք: Չե՞ք հասկանում` ինչ եմ ասում ձեզ: Ախր դուք այնքան խղճուկ եք, որ գաղափար անգամ չունեք, թե ինչ է կատարվում: Ե՞ս պիտի հանդիպեի ձեզ, որ ցույց տայի, թե ինչ պիտի անեք: Բացի այդ Աստված ինչու պետք է պատժի մեկին, ով կյանքից զրկել է մի մարդասպանի: Աստվածաշունչն ասում է` «Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման»: Ես սպանել եմ մի աղջնակի, որ իմ հարազատ դուստրն էր: Դուք դեռ խղճո՞ւմ եք ինձ:
Մուրացկանները վախից մի կողմ քաշվեցին: Խենթն իսկապես նրանց սկսում էր վախեցնել: Հետագա օրերին նրանք այլևս չխոսեցին: Նույնիսկ խուսափում էին իրար աչքերի մեջ նայելուց: Ամսի քսանչորսին տեղատարափ անձրև սկսվեց: Ֆակունդոն և Բարբարոխան տեղափոխվեցին կայարանի մի լքված անկյուն: Ինչպես արդեն նշել եմ, այնտեղ էին գնում միայն անձրևոտ օրերին, քանի որ պահակը կզայրանար, եթե նրանց այնտեղ հայտնաբերեր: Մյուս կողմից` նախընտրում էին առանց առաստաղի վագոնը, քանի որ ավելի հանգիստ վայր էր և պահեստի բարձրությունից կախված դատարկ մթությունն էլ նրանց չէր անհանգստացնում: Չնայած իրեց կյանքն անց էին կացրել փողոցներում, այնուամենայնիվ, ինչպես հայտնաբերեցի` երկուսն էլ վախենում էին բաց տարածքներից:
Այդ օրը խենթը չհայտնվեց: Ամբողջ գիշերն անցկացրեց անձրևի տակ` ձեռքերը գրպաններում, որպես մի ուրվական՝ հետևելով, թե ինչպես է երկինքը կայծակով նկարում իր կերպարանքը և հետո մաքրում այն անձրևով: Ամսի 25-ին խենթը, ով հյուծվել էր սովից ու ցրտից և կորցրել կյանքի հանդեպ իր հետաքրքրությունը, ընկավ ուշաթափ: Հաջորդ օրը մուրացկանները որոշեցին սովորության համաձայն կերակրել նրան խաշած բույսերով, սակայն նա այլևս ոչնչի չէր արձագանքում: Նրա հայացքը թափառում էր անորոշությունում և հազիվ էր կարողանում շարժել կոպերը: Մարմինը սառն էր, գունատ և ապրելու նշաններ ցույց չէր տալիս: Ֆակունդոն գլուխը հենեց նրա կրծքավանդակին և հասկացավ, որ բժշկի սիրտը հազիվ է բաբախում: Ամբողջ գիշեր նրանք հսկում էին մթությունում խենթի սրտի աննշմար զարկերը: Սպասում էին վախով և անհանգստությամբ: Բարբարոխան այնպես էր դողում, ինչպես չէր դողացել իր ողջ կյանքի ընթացքում`սեղմելով ուսերը և ի վիճակի չլինելով կառավարել շրթունքները, որ կարծես հայտարարում էին իրենց անձայն դատավճիռը:
Ամսի 27-ին խենթի սրտի զարկերն այլևս չէին լսվում, իսկ գիշերվա գալուն պես նրան մահացած համարեցին: Սակայն բժիշկը չէր մահացել: Հետևաբար, դատաքննիչի եզրակացությունը ճիշտ էր: Էուսեկիո Էնրիկեսը չէր մահացել ցրտից կամ սովից. նա մահացել էր իր ընկերների հասցրած հարվածներից, ովքեր ընդունեցին իրենց հանցանքը և այսպիսով փրկվեցին ինքնադատաստանից, քանի որ ոստիկանները նրանց ուղեկցեցին և աղբի նման շպրտեցին բեռնատարի մեջ:
Իսպաներենից թարգմանեց
Նունե Անտոնյանը