Իլլնեասը Սալոնիկում բնակվող հույն ռեժիսոր և բանաստեղծ է։
Ներկայումս իր պոեզիայի տեսանյութերը տեղադրում է YouTube-ում և տարբեր սոցիալական ցանցերում՝ միաժամանակ փորձարկելով այլ նախագծեր։

 

Ո՞րտեղ ես թաքցրել ժպիտդ,
լեզվիդ տա՞կ,
թե՞ տարիներ առաջ նկարածդ նկարի վրա,
այն թակարդված է ապակյա շրջանակի մե՞ջ,
թե՞ անկողնուդ տակ՝ կոշիկի տուփում։
Ո՞րտեղ ես պահում այդ ամենը…
տոմսեր, պոեմներ,
մեր գնացած ծովափից քարեր։
Կուզեի սենյակդ ավելի հաճախ լքեիր
կամ, գոնե, թույլ տայիր՝ ես այցելեի քեզ։
Դու ասացիր.
«Մեր կյանքի ոդիսականը կարող է լինել ավելին, քան տատանում այն ամենի միջև,
ինչ մենք չենք ընտրել»,
Այդ պատճառով
ես չպետք է անհանգստանամ քեզ համար։
Երբ մենք փոքր էինք,
դու՝ քո սիրելի խաղալիքները
նվիրելու սովորություն ունեիր,
և ես մտածեցի,
երևի ժպիտիդ հետ էլ է նույնը եղել,
դու պարզապես այն նվիրել ես։
Ես հարցրի քո ծնողներին այդ մասին,
և նրանք ասացին, որ արել են այն ամենն,
ինչ կարող էին։
Ես հարցրի ընկերներիդ այդ մասին,
և նրանք ասացին,
որ դեպրեսիայով ընկերոջն օգնել հնարավոր չէ։
Դու այնքան հպարտությամբ էիր նվիրում քո
ժպիտն ամենքին, մինչև դադարեցիր։
Քո մասին երջանկություն
ճառագող հիշողությունը մարում է։
Լավագույն պոեմները
թաքցված են անկողնու տակ՝ կոշիկի տուփում,
երևի քո ժպիտի նման։
Երեկ մի անծանոթ ինձ ժպտաց,
ես պատասխան՝ ժպտացի,
Եվ ինչ-որ պատճառով, ես գիտեի։
Սիրելի՛ ընկեր,
Ես գրել եմ այս պոեմը, որ ասեմ քեզ՝
Ես գտել եմ քո ժպիտը։
Խելագար տղայի սիրո երգը
Այս օրերին ես հազիվ եմ քնում՝
մտածելով այն մասին,
թե նախկինում ինչպես էր ամեն ինչ,
այն մասին, թե ինչ նշանակություն
ունեին այս փողոցներն ինձ համար։
Ես անընդհատ անհանգստանում եմ՝
մտածելով այն մասին, թե որտեղ կշնչեմ,
և այն մասին,
թե ինչ կնշանակի այդ ամենն ինձ համար։
Երբեմն ես շրջում եմ այս փողոցներով՝
նկատեով տեղեր,
որտեղ մարմինս սովոր էր լինել,
փնտրում եմ պատառիկներ մի կյանքից,
որը ես ապրում էի,
բայց ժամանակը փոխվել է,
թե՞ ես եմ փոխվել։
Ինձ շրջապատող աշխարհը
կարծես վշտանում է
ընկերների համար,
որոնք անցյալում են մնացել
և մարդկանց համար,
ում երբեք չպետք է ներեն։
Այս փողոցները սովոր էին
պոեմներ շշնջալ իմ մասին,
պատմություններ՝
մաշկի տակ և վրա ապակի ունեցող երեխայի մասին։
Ճանապարհորդողի որդին
էկրանով է դիտում ամեն ինչ։
Քեզ նման մարդ, անկարող զգալ,
ինձ նման մարդ, ով չի կարողանում բուժվել։
Ես կանգ եմ առնում իմ մտքերում,
քանզի
վերանայում եմ հիշողությանս դրվագներ՝
անիմաստ խոսակցություններ,
հիմար փաստարկներ,
խունացած նկարներ,
ես փնտրում եմ խոստումները,
որոնք պետք է կատարեի,
և քեզ համար՝ իմ աթոռին, որ նայում ես ինձ,
այնուամենայնիվ,
այս փակուղում ես համարձակվում եմ երգել
երազներիս նման փխրուն ձայնով
իմ անհանգստության գեղեցկությունը
արտացոլվում էր իմ խոսքում
նորաստեղծ խաղաղություն՝
ընդունելով պարտությունը,
նորմայի հիշեցումը,
քանզի ես մոռացել եմ ով էի ուզում լինել,
երազելով այն մարդու մասին,
ով կարթնանա և կհանդիպի իր հայելուն,
ընտրելով ոչ սիմետրիկ և թերի կյանքը՝
ես միշտ մի բան կհիշեմ.
այս անընդհատ փոփոխվող փողոցները
դեռևս վիրավորանք ու ընծա են պահում
հետաձգած արցունքներիս
և երբեք չգրված պատմություններիս համար։
Պոեմ երեխայի մասին,
որ կարող էիր դու լինել
կամ ես,
պոեմ այն մասին,
թե ինչքան էի ուզում տուն լինել քեզ համար,
և դու՝ ինձ համար։
Թարգմանությունը՝  
Էվելինա Դամիանի

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն