ԿԱՆՉ
Ձեռքդ ափիս մեջ,
Ես իմ շնչով տաքացնում եմ
Սառած մատներդ…
Քեզ թեյ կտամ
Անուշաբույր
Միայն թե նորից
ձայնդ չխզվի…
Արև կարարեմ քո
ջերմությունից
Իմ երկնքի մեջ
կշողաս դարձյալ
Քո ճյուղակոտոր
ծիրանի տնկին
Կընձյուղվի նորից ու
ծաղիկ կտա…
Քեզ կնկարեմ միշտ
կանաչ գույնով
Ու ճամփադ-զմրուխտ,
ծաղիկով պատված,
Գուցե, գույներիդ
կանչից շնչասպառ
Ով քեզ լքել է,
տուն վերադառնա…
ԴՈՒ- ԵՏ
Ծխացող սիգարդ,
Բաժակդ դատարկ,
Խզացող ձայնդ
Ու ես…
Քո կողքին
Սեր եմ կարկատում…
Աչքերդ անդունդ,
Ժպիտդ սառած,
Ցավը հոգուդ մեջ`
Որ քեզնից առաջ
Անմեղ շնչել եմ
Ծուխն այլ սիգարի…
Սեղմում ես ինձ քեզ
Ու դողում սիրուց.
-Իմն ես, Քրիստս,
Հիմա և ընդմիշտ…
Բառերդ
Խեղդում են ձայնս,
Եվ
Ցավիս մեջ եմ
Խինդդ հեկեկում.
Ու թողնում եմ
Թախիծս ուսիդ…
-Համբուրե՞մ ուսդ…
***
Ինչո՞ւ են մթնել աչքերդ…
Նորից
Եղիր ինձ հետ…
Արցունքներդ` շրթունքներիս,
Ես կուլ կտամ քո թախիծը…
Երբ կրակված ինձ ես նայում՝
Կին եմ…
Ես սիրում եմ կրակը քո…
***
Լափ՛ր քո ապագան,
Ետ տուր քո անցյալը…
Զղջա՛, ողբա՛, մեռի՛ր,
Հենց սա՛ է քո կյանքը…
Գինու շշեր դառը,
Հարբած միայնություն.
Կոնծիր քո ապագան,
Կուլ տուր անցյալդ…
Տանջվի՛ր, ապրի՛ր, մեռի՛ր.
Խեղդի՛ր, խեղդվի՛ր քո մեջ.
«Զի բազումք են կոչեցեալք,
Եվ սակավք են ընտրեալք»:
***
Քեզ
Ինձ մոտ բերող ճամփան
Ճաքած հողի պես
Չոր, փոշոտ…
Քո լույսը
Իմ մթում
Մրսող ճրագ…
Ժպիտդ`
Լացիս մեջ,
Բառերդ` լեզվիս.
Ինձ մոտ քեզ բերող
Ճամփան եմ մաքրում
Փեշերով սպիտակ…
Ու փոշոտվում են
Մազերս, դեմքս,
Մարմինս քրտնած.
Ես ցեխ եմ դառնում
Ճակատագրիս
Թաց ոտքերի տակ…
***
Նորից
Կյանքը չոր գինու պես
Գլխիս է խփում,
Ու գտածիս մեջ
Փնտրում եմ կորցրածս…
Փնտրում-
Չեմ գտնում…
Կյանքը կապել եմ
Ոչնչով.
Այս գիշերն էլ կորավ
Քո միջով…