Ցնորք
Կկառուցեմ ինձ համար տուն այնտեղ, որտեղ դլփնակն է ծաղկում`
Նեղ բացատում լաստենու անտառի,
Որտեղ վերջալույսի ստվերները քողարկում են մանուշակը,
Իսկ խոլոմուկը կանչում է ձայնով ահարկու:
Կպառկեմ գետեզերքին` կնյունի վրա,
և կլսեմ մութը թափանցիկ,
Պատուհանագոգին կհորդի լույսը,
Մինչ մի սպիտակ բու սևեռուն ինձ կնայի:
Կհրկիզեմ տունս արևածագին
Ու հետևում կթողնեմ միայն մոխիր և ծուխ,
Եվ երբ գորշ անտառի ծուխը քշվի քամուց,
Բացատը բվին ու եղնիկին կհանձնեմ կրկին:
Մարգարեություն
Դու չես տեսնում գեղեցկություն արևահարված շքերթի մեջ,
Երերուն, շիկացած մայրուղիներ մղոն առ մղոն,
Դաշտ, որտեղ գեղեցիկն ունի պարտք անհատույց,
Գորշ, մռայլ զորանոցներ` ձանձրալի, ահարկու կարգով:
Քեզ չի ուրախացնում, երբ փոշու ուրվականներն աղոտ գալարվում են
Հեռավոր բլուրներից անդին հոսող ոլորուն սյուներն ի վեր,
Դու տեսնում ես միայն մի փոքր այն կողմ առկա հողմերը
Հանգամանքների, քո փոքր սխալները և հոգսերը չնչին:
Բայց երբ անցյալ է այդ ամենը, և դու կորցրել ես
Քայլերթի ռիթմը համաչափ,
Աննշան հոգսերն այդժամ կանտեսես,
Եվ հիշողությունը կզտի դառը քաղցրից:
Մոլեգին հեծյալները
Անգութ, անգութ կողոպտիչներ`
Ողբի երկիրն ասպատակող,
Մեռնող տարիների սառը ձեռքից
Վերջին թույլ տերևը կորզող:
Ինչո՞ւ եք ասպատակում ձեր վայրի ձիերով
Մեր տանիքների վրա աղմուկ-աղաղակով`
Նրանց սմբակների դղրդյունով
Եղծելով մեր անբիծ, անուշ լռությունը:
Ինչո՞ւ եք ասպատակում ամառն ի վար`
Հողմածեծ անձրևի ներքո:
Հարկավ, մենք կընթանանք ամռան միջով,
Որ գարունը վերադառնա նորից:
Պատմի՛ր ինձ մի պատմություն
1. Շատ վաղուց Կենտուկիում մի տղա` ես,
Կանգնեց կեղտոտ փողոցում մթնշաղին,
Եվ լսեց մեծ սագի կռինչը հյուսիսից:
Չէի տեսնում նրանց` ոչ լուսինը, ոչ
աստղերը հատուկենտ. ես լսում էի նրանց:
Չէի հասկանում` սրտումս ինչ է կատարվում:
Թանթրուկի ծաղկման շրջանից առաջ էր,
Ուստի նրանք հյուսիս էին գնում:
Ձայնն էլ հյուսիսից էր:
2 . Մի պատմությո՛ւն պատմիր ինձ
Այս խենթ դարում և այս խենթ պահին,
Պատմի՛ր ինձ մի պատմություն:
Թող դա լինի աստղազարդ պատմություն մեծ հեռուների:
Պատմությունը կկոչենք Ժամանակ,
Բայց դու չպետք է արտաբերես այն:
Ինձ մեծ հիացումի պատմություն պատմիր:
Թարգմանությունը` Մարո Ղուկասյանի