«Եռակենցաղ մարդը կկարողանար նվաճել աշխարհը, մինչդեռ եռակենցաղ թռչունն արթնանում է ծղոտի վրա, լռության ձայնից, ծալված թաթիկները ձգում դեպի ջուրը և չորանում՝ թափահարելով թևիկները երկնքում, ուր չի քսվում մարդու գլուխը, հետո կտցահարում համեստ չափաբաժինն ու ուղղորդում ձագերին մարդու գծած ճանապարհներով, որոնք չափազանց երկար են թռչնի ոտնահետքերի համար, և այդ փոքրիկ հետքերը սողում են մահվան թռիչքուղու երկայնքով՝ հասնելով սավառնումի, որի վերջում նույն սեղանն է, որտեղ պառկում են և՛ մարդիկ, և՛ թռչունները, միայն մի բան է տարօրինակ, թե ինչի՞ համար է այդ եռակենցաղությունը, գուցե երջանկությա՞ն, գուցե մարդու հանդեպ տարած միակ հաղթանակի՞»։
* * *
Տամուկ խոտերին փռված խեցեգործ ամպիկները ճեղքվում էին բարձր ջերմությունից, և այդ ճնշող տապն արտաբերում էր ներդաշնակ ճիգերի երաժշտություն։ Ծննդյան նախերգանք։ Ամպիկների քիչ լայնացած ճեղքերն սկսում էին կտցահարել դեղին, սև, մոխրագույն բմբուլե գլխիկներ, և գունավոր փափկությունը հետզհետե ծածկում էր ճերմակը։ Եվ նվագախումբը կայանում էր։ Խայտաբղետ երանգներով մանկաշունչ ղունղունականչը տարածվում էր ամբողջ ուղղանկյունաձև հողաշերտով, որի վրա տեղ-տեղ բուսնած բարակ ծիլերը ծալվում էին փափուկ ծանրությունից։ Բայց ծիլերը սիրում էին նրբիկ ոտնատակերը, որոնք համեմատում էին պայտած ներբանների հետ։ Այգաբացին տարածքը լուսավորվում էր դռնից թափանցող փոշոտ լուսաշողով, որն արևի երկրային արտացոլանքն էր։ Շուտով լույսի մեջ սկսում էին թարթել մարդկային ստվերները, որոնք շարքով մտնում էին ուղղանկյունաձև տարածք։ Ստվերները շարժվում էին արագ՝ ակամայից սովորեցնելով ոտնատակ չլինել։ Եվ փոքրիկ փափկամազիկները կյանքի առաջին իսկ րոպեներից ընտելանում էին թռչկոտելու խոչընդոտներին և ցուցադրում իրենց ծուռտիկ ճարպկությունն ու վաստակում ապրելու իրավունք։ Ստվերներն ունեին ահռելի մարմիններ, որոնք վախեցնում էին փոքրիկ ծլվլաններին։ Բայց նրանց հսկա ձեռքերը ցանում էին սերմեր հողաշերտի վրա և վաճառում նորածիններին իրենց բարությունը։ Մարմինների հեռանալուց հետո խոտի վրա պակասում էին նարնջագույն տոտիկները, որովհետև նրանց դնում էին մեծ տուփերի մեջ ու տանում հեռու։ Այդպես էին մտածում տարածքում մնացած բադիկները։ Հեռո՜ւ… Որովհետև հեռացածներին այլևս չէին տեսնում։ Փոխարենը հողաշերտն ավելի լայն էր թվում, և ջրով լի ավազանները կարողանում էին տեղավորել բոլոր դեղնակտուցներին։ Եվ այդ հողաշերտը դառնում էր հայրենի այնտեղ ծնված ու ապրող բադիկների համար: Եվ հայրենին նշանակում էր տնակ: Ծղոտե բույն, որտեղ ապրում էր մեծ ընտանիքը: Սերմն առատ էր, նույնիսկ ավելին, քան կարող էին կլանել այդ մի քանի ցողակաթիլ կշռող փորիկները։ Եվ ինչո՞ւ էին այդքան շռայլ սառը ձեռքերը։ Բադիկներին չէին ասում։ Նրանց կերակրում էին չոր կերով, թրջում տաշտակների մեջ ու տրամադրում հե՜յ մինչև կտուր տարածություն՝ թռչկոտելու համար, և չէին պատմում թևերի մասին… Տարածքում արդեն վաղուց չկային սև ու մոխրագույն բադիկները, միայն դեղնամազիկներն էին, որոնց թիվն օրեցօր նվազում էր։ Բադիկները խաղում էին միմյանց փափուկ կարճլիկ պոչիկների հետ, խմբերով պառկում խոտածածկին ու թեթև ցնցումներով իրար քսում տաքուկ գլխիկները, և ձայներ արտաբերելու ունակությունը համոզում էր զրուցել կարևորի մասին։
Ամպերը ճեղքվել են, իսկ խոտը չոր է… Տանի՞ք։
Բադիկներից մեկի ճակատին բուսնել էր սև խոպոպիկ, որը տարբերում էր նրան իր նմաններից։ Մի անգամ նույնիսկ հսկա ձեռքերը վերցրեցին նրան, որ դնեն տուփի մեջ, բայց տեղ չկար, ետ դրեցին։ Սև խոպոպիկը վախենում էր տուփերից, որովհետև դրանք փոքր էին ու մութ։ Այնտեղ չկար ջրով ավազանն ու խոտը, գուցե սերմեր էլ չլինեին։ Բացի այդ, նա սիրում էր իր ընկերոջը՝ բամփիկ-դմփիկ բադիկին, որն այնքան թմբլիկ էր, որ ամբողջ գիշեր կարելի էր տաքուկ քնել՝ ընդամենը դնչիկը հենելով նրա փափլիկ մեջքին։ Իսկ առավոտյան Խոպոպիկն ու Բամփիկը չփչփում էին ջրում, խաղում պղպջակների հետ, կտուցներով կիսում կոշտ ուտելիքը, վազվզում ամբողջ տարածքով ու թավալում արևագույն աղվամազերը խոտից դատարկված հողի վրա։ Հետո նորից նույնը։ Եվ այդ կրկնվող ընթացքը՝ ծածկված ուղղանկյան մեջ, ու բարձրադիր պատուհաններից երբեմն շողացող արևալույսն ու երկնքի գույնը, որ հեռվից բադիկների աչքերում կաթնագույն էր, ճիշտ իրենց մեկուսացնող ցանկապատի նման, որից դուրս նրանք ոչինչ չգիտեին, հաղորդում էր թռչնակներին այն ջերմ պաշտպանվածությունը, որ սովորաբար զգում են մայրական գրկի ու հայրենիքի հանդեպ։ Եվ այո։ Ինչո՞վ հայրենիք չէր։
Մեր Հայրենիք, Ազատ, Անկախ… Հիշո՞ւմ եք։
Մի առավոտ Բամփիկ-Դմփիկը սովորականից շուտ էր արթնացել, որովհետև դադարել էր զգալ Խոպոպիկի դնչիկն իր մեջքին, և վայրի, հսկա ռետինե կոշիկների տակացուները ծածկել էին բադիկների ապրելու տարածքը։ Կոշիկները քայլում էին տարբեր ուղղություններով՝ բացելով խոռոչներ առանց այն էլ թոշնած խոտածածկի ու ջրի միջև։ Դեղնաբմբուլիկների անմեղ դեմքերը սեղմվել էին իրար, ու անմխիթար ծլվլոցները չունեին բնորոշ գարնան հնչերանգը, դրանք կարծես երգում էին ազատության մասին, և այդ երգն ունկնդիր չուներ։ Բամփիկ-Դմփիկն արագ-արագ բացում-փակում էր կլորիկ աչքերը, կարծես չտեսնելով՝ փորձում էր չլսել աղմկոտ ոտնաձայները։ Բայց չէր դադարում մտածել Խոպոպիկի մասին, չնայած ինքն իր համար այնքան էր անհանգստանում, որ դա խանգարում էր կենտրոնանալ ընկերոջ վրա։ Բայց բավական էր, որ Դմփիկը միայն հիշեր քնելուց առաջ կիսած վերջին սերմերը, և սևամազ փոքրիկն այլևս չէր անհետանում իր մտքերից։ Դեռ երկար էին ցնցվում թռչնակները, ասես էլեկտրադաշտին կցված դեղնալարեր, և անտարբեր էին հսկա ոտքերը՝ բնության ցնցումներին։ Հանկարծ Բամփիկը դուրս պոկվեց դեղնագորգից, սկսեց կիսագլոր-կիսաթռիչք վազվզել ռետինե կոշիկների անտառով։ Նա կանչում էր ընկերոջը՝ փոխարենը տեսնելով պոչիկներն ու ոտիկները տուփերից դուրս ցցված իր նմանների բազմությունն ու ակամայից ետ հրում իր եռանդուն թևիկները։ Հետո նորից հիշում Խոպոպիկին ու գլխիկը խրելով պոչիկ-ոտիկների փափուկ վերմակի մեջ՝ փնտրում ընկերոջ սևափնջիկ դեմքը։ Բայց հսկա ձեռքերը նրան շարունակ դուրս էին հանում տուփերից ու անփութորեն նետում ցցված խոտածածկին։ Շուտով մարմինները հեռացան, հեռացավ նաև Խոպոպիկը։
Անտառում աճում են ոտնահետքերը, թևերը սիրո՞ւմ են ոտքեր։
Անցնում էին օրեր, և հեռացածները չէին վերադառնում։ Բադիկներից շատերը կորցրել էին իրենց ընկերներին, բայց հարմարվել էին: Գուցե աստիճանաբար: Իսկ Բամփիկ-Դմփիկն արդեն երկար ժամանակ չէր մոտեցել ջրին, մազիկները չորացել, գզգզվել էին ու նայում էին տարբեր կողմեր: Միայն աչքերն էին խոնավ ու տափակ քիթիկը, որին մարդիկ կտուց էին ասում։ Եվ բերանիկը, որին մարդիկ նույնպես կտուց էին ասում։ Եվ կոշտ սերմերն այլևս կիսող չկար։ Եվ մնացած բադիկների հետ կիսվելու ցանկությունը խեղճ էր։ Եվ չէր ուզում զգալ ուրիշ դնչիկ իր մեջքին։ Եվ քնելուց հենվում էր խոտածածկին, որը կարծես ծղոտ էր դարձել։
Դեղին էր փափկությունն արևալույսի պես… Իսկ արևը կա՞ր։
Անցնում էին ամիսներ, բադիկները վերածվում էին բադերի, և տարածքն սկսում էր ճնշել նրանց ծանրացող ծերությամբ։ Բայց Բամփիկ-Դմփիկը Խոպոպիկին հիշում էր փոքրիկ ու դեղին ու սևուկ մազափնջով, ինչպիսին որ տեսել էր։ Եվ արդեն չէր տխրում ընկերոջ համար, արդեն մեծացել էր, իմաստնացել, արդեն երգում էր ազատության մասին՝ հասկանալով, ու մտածում էր, որ Խոպոպիկին տարել էին Այնտեղ։ Եվ ոչ միայն Խոպոպիկին։ Բոլոր մնացած բադիկներին տարել էին Այնտեղ։ Ազատություն։ Եվ ազատ բադիկները լողում էին ինչ-որ ազատ տեղում և խաղում էին ազատ բադիկների հետ։
Ազատությունը տարածքի մեծությո՞ւնն է։
Սև խոպոպիկն արդեն վաղուց ապրում էր մի բարի աղջնակի ընտանիքում։ Փոքրիկ ժամանակ դուրս չէր գալիս բնակարանից, որն իր համար փոխարինում էր Խոտիկների Բույնը։ Նա ուներ իր փոքրիկ անկյունը, մեջտեղում` ջրով պնակ, որտեղից կարելի էր խմել, բայց հնարավոր չէր լողալ, կորեկով լցված բացբերան տոպրակ ու պլաստմասե տուփիկ՝ քնելու համար։ Իսկ ապրելու համար մնում էր թռչկոտելը չոր, սայթաքուն մանրահատակի վրա և թափահարել թևիկները՝ որպես մարզանք, բայց ոչ մի դեպքում չմտածել թռչելու մասին, որովհետև առաստաղի տակ թռչունը նմանվում է մարդուն։ Իսկ երբ արդեն Խոպոպիկը մեծացավ, կարելի էր տեսնել երկինքը, բայց միայն շղթայած պարանոցով, երեկոյան զբոսանքների ժամանակ։ Աղջնակը նրա համար կարել էր մարդկային հագուստ ու ծածկել բադիկի սքանչելի դեղնավարսը։ Նա փոխել էր Խոպոպիկի անունը և կանչում էր նրան որպես Ջեքի։ Հետաքրքիր է, որպես շա՞ն անուն, թե՞ մարդու: Զբոսանքի ժամանակ ծանոթացնում էր բադիկին նրա պես շղթայված շնիկ ու փիսիկների հետ, որոնք նրա համար պարզապես տարօրինակ բադիկներ էին։ Ինչպես և աղջնակը, որ չնայած հսկա էր, բայց մնացած իմաստով լրիվ բադիկ էր։ Տարօրինակ բադիկ։ Խոպոպիկ Ջեքին կարոտում էր իր հայրենի տնակը։ Այն ավելի մեծ էր ու ազատ՝ համարյա զբոսանքի այգու նման։ Այնտեղ կար փափուկ խոտածածկ ու մեծ ջրավազան, որտեղ կարելի էր լողալ։ Լողալ ուզածի չափ, և ջուրը չէր վերջանում։ Որտեղ կոշտ սերմերն անչափ համեղ էին, և կար մեկ այլ կտուց, որն օգնում էր կիսել կոշտությունը։ Եվ այդ կտուցն ուներ աշխարհի ամենատաքուկ մեջքիկը, որին հենվելով՝ քնում են երջանիկ բադիկները։ Եվ պառկած պլաստմասե տուփում՝ հազիվ շնչող ծեր բադիկը հաճախ էր հիշում փափլիկ ընկերոջը, որ մնացել էր Խոտածածկ Տնակում։ Երանությամբ պատկերացնում էր նրան թռչկոտելիս այդ հարազատ հսկա տարածքում և անշարժացած կտուցով կիսում նրա երջանկությունը…
Ուրեմն վե՞րջ։
Եվ մի օր ռետինե կոշիկները կանգ առան Բամփիկ-Դմփիկի շուրջ ու դրեցին նրան տուփի մեջ։ Եվ այդ անօդ նեղությունն ուներ մի բան, որ նրան դուր էր գալիս։ Խոպոպիկին հանդիպելու հույսը… Երբ տուփը բացվեց, նա տեսավ բազմաթիվ իր նմաններին՝ պառկած ինչ-որ կեղտոտ հարթ տարածքի վրա, որն ամբողջությամբ շաղված էր կարմրաներկով։ Այդ ողորկ մակերեսը գլորեց բադիկին առաջ, և փափուկ դեղնավարսը դարձավ նռնագույն։ Լպրծուն հսկա ձեռքերի պատնեշը փաթաթվեց մարմնին։ Տիրացավ։ Աղվամազերը խառնվեցին ձեռքերի հաստախիտ մազածածկին։ Փոքրիկը մրսեց։ Եվ առաջին անգամ տեսավ հսկայի դեմքն այդքան մոտիկից և չկարողացավ բաց պահել աչքերը…
28.11.2022.