Հաննային

 

Երբ տեսա պրոֆեսոր Կուտզեին, նա միայնակ նստած էր Ադելաիդայի Համալսարանի բուֆետում և սև սուրճ էր խմում փոքրիկ կեքսով: Ես սրտապնդվեցի ու մոտեցա նրան. «Բարև ձեզ… Բարև ձեզ, պրոֆեսոր Կուտզե, կարելի՞ է մի քանի րոպեով նստել ձեր կողքին, նստել ու սպասել…»: Նա դանդաղ բարձրացրեց գլուխը և հայացքով համաձայնության նշան տվեց: «Պրոֆեսոր Կուտզե, արդեն մի քանի ամիս է, ինչ ես տեղափոխվել եմ ամառանոց և կտուրի դիտակետից անվերջ նայում եմ անապատի գալարվող ավազներին և հալվող հորիզոնում անհետացող աղջկա ուրվագծերին: Ինչու՞ ես վերադարձրի աղջկան բարբարոսներին, ինչպե՞ս է հիմա նա պատկերացնում ու զգում ինձ. ես միշտ փորձում եմ մտովի ասեղնագործել նրա աչքերի վառած բիբերը: Գիշերները ես գրկում եմ նրա խեղճացած մարմինը, դանդաղ շոյում փշաքաղված մաշկը, բայց առավոտյան գրկումս բարձն եմ գտնում. աղջիկը չկա: Ես գիտեմ ու չգիտեմ, որ նա չկա: Գնդապետ Ջոլը* վաղուց անհետացել է: Լռությունը կլանել է անապատը. քամին շարժում չունի: Բայց ու՞ր են բարբարոսները, ովքե՞ր են նրանք, ե՞րբ են գալու. ես սպասում եմ անվերջ… բայց ինչքա՞ն կարելի է սպասել. հազար, երկու հազար, երեք, չորս հազար տարի և ինչպե՞ս անընդհատ հավերժանալ սպասման մեջ. չէ՞ որ սպասումը ինքնին հենց հավերժությունն է. անհնար է դրոշմվել հավերժության սրտում, բայց պե՞տք է մեզ արդյոք այսպիսի հավերժություն, իմաստուն կարելի՞ է համարել նրան: Գուցե մարդկությունը հիշողություն չունենար ու ավելի երջանիկ լիներ` զրկված սպասման տագնապից. սպասում, որ չունի սկիզբ ու վերջ և որի խնդիրն է միայն գիտակցությունից գիտակցություն փոխադրվելը: Պրոֆեսո՛ր, ես չեմ հավատում, որ մահը սպասման ավարտ է. դա նոր սպասման սկիզբ է: Կավաֆիսի** սպասման դիտակետը ողջ կյանքում մնաց Ալեքսանդրիան, իսկ նրա մահը սոսկ անցում էր երևակայությունից դեպի հաջորդ երևակայությունը: Լսու՞մ էր արդյոք նա իր հոգում բարբարոսների ձիերի դոփյունները, իսկ գուցե ձիավորներից մեկը հենց ինքն է` պոետը` պատմության խորքից դեպի իր քաղաք եկող այդ հավերժական վերադարձը…

Հայրս շաբաթ կիրակի օրերին ուտելիք է բերում ինձ` ապխտած ձկնեղեն և գառան ներքին օրգաններ: Ես նրան դարպասից ներս չեմ թողնում. վախենում եմ: Սկսել եմ կասկածել: Ներքին օրգանների նկատմամբ այդ տարօրինակ սերը անհանգստացնում է ինձ: Գուցե նա բարբարո՞ս է, պրոֆեսոր Կուտզե, և ուսումնասիրում է իմ ամառանոցի խոցելի հատվածները: Ասում են` պապս բարբարոսներից է սերվել, ուրեմն իմ արյան մեջ ևս կիսով չափ հոսում է այդ վիտամիններով չափազանց հարուստ և մուգ արյունը, չէ՞ որ ես ապրում եմ պապիս միջով…

Մեկ-մեկ համոզվում եմ, որ բարբարոսը թաքնված է իմ ներսում, որ նա չի գա անապատի կողմից, ու ես երբեք չեմ սպասում բարբարոսներին, այլ ողջ կյանքում սպասում եմ ինքս ինձ: Դիտակետը սխալ ուղղությամբ է նայում. պիտի  շրջել դեպի ներաշխարհ ու կրկին սպասել, մինչև նոր սպասում, մինչև նոր սպասման սկիզբ… բայց որտեղի՞ց մարդուն այդքան տևողություն, կկարողանա՞ նա համբերել համբերությանը…

Ես ուզում եմ իմ մեջ հաղթահարել բարբարոսներից սարսափելու նողկալի զգացողությունը… Ո՞վ գիտե, գուցե նրանք ավելի՞ քաղաքակիրթ են, գուցե բարբարոս լինելը այդքան էլ ողբերգություն չէ, գուցե հռոմեացիք ավելի բարբարոս էին կամ իսպանացիները… Մնում է միայն սպասման ձևը…

Ամառանոցի իմ դիտակետում ես անվերջ սպասում եմ` հայացքս չկտրելով անապատից, բայց, պրոֆեսոր Կուտզե, անկեղծորեն ես այլևս չեմ սպասում բարբարոսներին ու ոչ էլ պատերազմներին ու խաղաղությանը, մարդկության փրկությանը կամ վերջաբանին… Ես միայն սպասում եմ ԱՂՋԿԱՆ, սպասում եմ սպասման հույսով. սպասում եմ, որ գրկեմ … Գուցե քամի՞ն մի օր շաղախի նրան ինձ համար…

 

*«Գնդապետ Ջոլ»- ՀԱՀ գրող, 2003թ. նոբելյան մրցանակի դափնեկիր` Ջոն Կուտզեի` «Բարբարոսներին Սպասելիս»վեպի հերոսներից

 

** Կոնստանդին Կավաֆիս (1863-1933) — հույն բանաստեղծ, “Բարբարոսներին Սպասելիս” բանաստեղծության հեղինակը

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն