— Ասա դու ինձ հայելի
ի՞նչն է հավերժ ավելի
քան… եզերքը մեծ

Հայելին փոքրիկ լճակ էր անտառում, որն այնքան վճիտ էր, որ պարզորեն արտացոլում էր նրա՝ ձանձրույթից մթագնած դեմքը։
Պատասխան չկար։
Լճակի արտացոլանքի մեջ կարելի էր տեսնել նաև, թե ինչպես նա ձեռքը տարավ տաբատի ետևն, ապա ձեռքը բարձրացնելով՝ դանդաղ պարզեց քունքին։
— Ասա դու ինձ, հայելի
Ի՞նչն է հավերժ ավելի
քան … ոչինչը
Ոչ մի պատասխան։
Ատրճանակի սառը փողն ընդհուպ հպվեց նրա քունքին։
Հեռախոսն անդադար ծնգում էր, անբովանդակ ծանուցումներ հազար ու մի անիմաստ սոցիալական և հակասոցիալական կայքերից։
— Բազմոցին փռված կամ, թերևս, այլ  տեղ, որն էական չէ, թերթելով համացանցը, որն արդեն գոյության բնական մասն է, ես գոյաբանական ձանձրույթ էի մրմռում. դո՜ւ, լճակ-հայելի, դու հոսել ես հողի միջով մինչև ժամանակի խորքը, դու գիտես ամենը, արդ, ընդունիր ջահել մարմինս ու պատմիր ինձ հավերժության ու ժամանակի, պատմիր ինձ նրանց մասին, որ ծլել են նույն սերմից, ինչ ես։ Իմ անշունչ մարմինը կսանձազերծի հոգիս, իսկ նա գիտի քո լեզուն։
Բե՛նգ։
Նրա մարմինն անշնչացավ՝ ընկնելով ջրի մեջ, քունքից հորդող կյանքի զարկը միախառնվեց լճակի ջինջ պարզությանը։
Բազմոցին փռված կամ, թերևս, մի այլ տեղ, որն էական չէ, թերթելով համացանցը՝ նա գոյաբանական ձանձրույթ էր մրմռում, մինչդեռ առնելով նրա հոգին իմ ջրերի մեջ՝ ես պատմեցի նրան պատմությունը իսկական ձանձրույթի, պատմությունը բոլոր նրանց, որ սերել են նույն հողից, ինչ նա, 9 երգ՝ կատվի մի ամբողջ կյանք ու ենթապատմություններ։
Պատմությունը մի Դավթի, որ նրանից կես դար առաջ էր ապրել. նա շրջել էր բոլոր կողմերով՝ փնտրելով այն, ինչ չէր գտել ոչ մի կյանքում, նա հարբել էր մի գերմանացու հետ ու խոսել նրա հետ ամենից, համոզել էր նրան, որ կա մի հրեշտակ, որ սարսափելի չէ, ու փնտրել էր նրան, ում տեսել էր միայն երբևէ, և այլևս ձանձրալի էին նրա համար բոլոր սերերը և սնգուրված նրանց հոգիները,  որ ավելի այլանդակ էին, քան կնոջ հոգին, որ պարզորեն վաճառում է իրեն, նա նայել էր Ստալինի բութ հայացքին ու համբուրել խաչը, նա փախել էր սովետական բանտից, փախել էր և գերմանական ճամբարից, նա սպանել էր մի առյուծ ու մի արջ, ու մի հսկայի, բայց այժմ կամ այնժամ, որը մեկն է, հոգի՜ս, քո անշունչ մարմինն իմ ջրերը նետելուց կես դար առաջ կովկասյան մի անտառում նա փախչում էր արջից, երբ արջը վրա հասավ, իսկ նա, մեջքի վրա ընկած, արջի փրչի միջով նայելով երկնին՝ ասաց.
«Ա՜խ, ձանձրույթ»։
Պատմությունը Ալեքսի, որը, իր իսկ խոսքերով, միշտ գտնվում էր այն նուրբ սահմանին՝ ինչ-որ բան լինելու և չլինելու միջև։
Սարսափելի է ամեն մի հրեշտակ, Ալեքս, բացի մեկից, բայց նա, ում պատահել էր Ալեքսը, այդ մեկը չէր և վարվում էր Ալեքսի հետ որպես մի խաղալիքի, և սահմանը դառնում էր ավելի բարակ, երբ ձեռքդ տանելով գրպանդ ու շոշափելով սառը պողպատը՝ պոռթկացող հույզերի տակ պետք է որոշես՝ ձեռքիդ կլինի՞ դանակ, թե՞ ոչ, երբ դողացող ձեռքդ հանես գրպանից, և այդ բանը պետք է որոշեր՝ աղջիկը կապրի՞, թե՞ կմեռնի, իսկ Ալեքսը՝ մարդասպա՞ն, թե՞ լավագույն ուսանողներից մեկը ավստրիական Գրացի համալսարանում։
Առաջին համաշխարհային պատերազմ, և նա զորակոչվեց բանակ՝ ծառայությունն անցկացնելով ավստրիական հարավ-արևմտյան ճակատում, որտեղ այնքան խաղաղ էր, որ նա ձանձրույթից խոտերն էր հաշվում, երբեմն էլ խոսում մարդկանց հետ։ Նա ընկերացել էր մի երիտասարդ դոցենտի հետ՝ Էրվին անունով, որովհետև ուրիշ ոչ մեկի հետ ցանկություն չուներ խոսելու, որովհետև արդեն լսել էր աշխարհի բոլոր զրույցները ու կարդացել բոլոր գիտական հոդվածներն ու բոլոր գրքերը, որ արժանի էին կարդալու։
Իսկ Էրվինն ուսանել էր Վիեննայի համալսարանում և կարճ ժամանակ անց ֆիզիկայի դոցենտ էր ու փիլիսոփայության դոկտոր։ Գրացի համալսարանը ոչնչով չէր զիջում Վիեննայի համալսարանին, և Ալեքսը, թե կամենար, ինքն էլ կունենար որևէ կոչում, բայց նա հրաժարվել էր ամենից, իսկ ռազմաճակատ մեկնել էր ձանձրույթից, բայց ձանձրույթն այդտեղ չէր փարատվում։ Էրվինը, որ մի տարով մեծ էր Ալեքսից, իրենց ընկերության մեջ ավագի դերն էր ստանձնել, նա ասում էր Ալեքսին, որ վերջինս հիմա գտնվում է մի կետում, որն ինքն անվանում էր հնարավորությունների կիզակետ. այն միաժամանակ և ամեն ինչ է, և ոչինչ, որ Ալեքսը և ֆիզիկոս է, և փիլիսոփա, և զինվոր, և նավաստի, և կենսաբան, բայց քանի դեռ ընտրություն չի կատարել, ուրեմն՝ ոչինչ է, իսկ Ալեքսը չէր ուզում ընտրություն կատարել և դրա համար էլ չուներ Էրվինի ո՛չ ֆիզիկոսի դոցենտի կոչումը, ո՛չ փիլիսոփայության դոկտորինը։ «Թեպետ, անկեղծ ասած,- ասում էր Ալեքսը,- Էրվինը ավելի շուտ ֆիզիկոս է, քան փիլիսոփա, ու թեպետ յուրահատուկ են նրա մտքերը, բայց մեծ հաշվով հեգելոտ բաներ է խոսում, միայն թե Հեգելի բացարձակ ոգին համաշխարհային գիտակցություն է նրա մոտ, ու թեպետ դա սխալ չի հնչում ու լավ էլ հնչում է, ընդհանրապես նոր չէ ու հետաքրքիր էլ չէ, ու տրամաբանությունն ավելի շատ մաթեմատիկական է, բայց և այնպես միայն նրա հետ է հետաքրքիր զրուցելը»։
Ձանձրույթի ամենաթունդ պահին նրանք սկսում էին տեսություններ մշակել, օրինակ, թե ինչպես միավորել գիտությունն ու կրոնը, որովհետև մեծ հաշվով դրանք իրար դեմ չեն ու երբեք էլ չեն եղել ու ընդամենը մի նուրբ սահման է պետք անցնել ըմբռնելու համար դա։
Խոսում էին մի բանի մասին, որը հետագայում կանվանվեր «Աստծո հավասարում», ասել է թե՝ մի տեսություն, որը կկապեր իրար բոլոր տեսությունները, կձուլեր ֆիզիկայի երկու ճյուղերը, մի կողմից՝ հարաբերականության ընդհանուր տեսությունը, մեծ պայթյունը, սև խոռոչները, մյուս կողմից՝ քվանտային մեխանիկան, ատոմային ֆիզիկան. բովանդակել այդ ամենը մի հավասարման մեջ՝ կլիներ Աստծո հավասարումը։ Խոսում էին նրա մասին, թե ինչ կնշանակեր Աստծո հավասարումը գրականության մեջ, ասել է թե՝ կապել տիեզերքի ծագումը մարդու ներքին կյանքի հետ, մեկտեղել արտաքին աշխարհի երևույթներն ու մարդու հոգեկանը, հեռավոր-հեռավոր տիեզերքում կատարվող պայթյունը, որտեղ մարդու հետքն էլ չկա ու մարդու կյանքն ու իմաստն ու բարոյականությունը, բայց մեկը, թե հանդգնի նման բան գրի, ասում էր Էրվինը, շատ ուշադիր պետք է լինի, որ կարողանա կապել պատումի բոլոր կետերը, չէ՞ որ ամենն էդտեղ պետք է ամբողջանա մի բանի մեջ և պետք է խուսափի տուրք տալուց կեղծ գրականությանը, բայց գուցե և իրոք նույն սերմից են մարդու աչքի ծիածանաթաղանթն  ու տիեզերքը, կայծակն ու աչքի սպիտակուցային թաղանթն ու նրա գծերը, և ծառի ու մարդու երակը, և գուցե իրոք այդ բոլորս մի և նույնն ենք, իսկ Ալեքսն ասում էր, թե ամենևին էլ պարտադիր չէ կապել պատումի բոլոր կետերը, որ այն կարող է լինել ցաքուցրիվ  ու անիմաստ և հենց այդպիսով արտացոլել խնդրո առարկայի էությունը, որովհետև փողոցում պատահած սիրուն ժպիտը ինքնասպանության շեմին երբեք էլ նախանշան չէ ո՛չ երկնից, ո՛չ ավելի հեռվից, որովհետև մենք շպրտված ենք գոյության հենց էնպես, ու գուցե ոչ մի կապ էլ չկա։
Նման մի քննարկման պահի նրանք հրաման ստացան տեղափոխվելու, և միայն այդ անգամը նրանք կռիվ տեսան ու թաքնվեցին արկերից, Էրվինն ասում էր՝ «մենք և ողջ ենք, և մեռած նրանց համար, ովքեր դուրս են կռվի դաշտից և գիտեն, որ այստեղ ենք, իսկ դու, Ալեքս, ասում է նա, երբ մի արկ թռավ նրանց գլխով, դու մի կետում ես, որը ես անվանում եմ հնարավորությունների կիզակետ, դա սուպերպոզիցիոն վիճակ է, դու և ամենն ես, և ոչինչը, դու նման ես մի կատվի, որը գտնվում է մի արկղում, որտեղ թույն կա ու ռադիոակտիվ նյութ, ու թե ատոմը տրոհվի, թույնը կթափվի, ու կմեռնի կատուն, հակառակ դեպքում նա ողջ է, մենք չգիտենք, թե երբ կտրոհվի այն կամ կտրոհվի արդյո՞ք, իսկ արկղը փակ է, ուրեմն՝ կատուն՝ և՛ ողջ, և՛ մեռած, ու մենք չենք իմանա դա, մինչև չբացենք արկղը, իսկ դու չես իմանա՝ ով ես դու, մինչև չանես ընտրությունդ, իսկ հիմա դու ամեն ինչ ես և ոչինչ, դու և ողջ ես, և մեռած։ Ծխում էին նրանք ու փչում ծուխը խրամատից վերև՝ սադրելով թշնամուն, Էրվինի հայրը հարուստ էր ու նրան լավագույն թութունն էր ուղարկում, որը նա կիսում էր Ալեքսի հետ ու ընդհանրապես բոլորի հետ, թեպետ նման տեղերում նման բաները 10 րոպեում են վերջանում։
Էրվինը դարձավ և ֆիզիկայի պրոֆեսոր և ամուսնացավ Աննամարիի հետ ու մի աղջիկ ունեցավ Հիլդե Մարչից, մինչդեռ Ալեքսը դեռ ամուրի էր ու անկոչում, իսկ Էրվինը շարունակ կրկնում էր, որ նա դեռ սուպերպոզիցիոն վիճակում է, բայց այդ վիճակը երկար սպասեցնել չի հանդուրժում, որ հիմա նա ավելի շատ ոչինչ է, քան ամեն ինչ, և կետը, որն անվանում էր հնարավորությունների կիզակետ, կպայթի ի վերջո, և նա կլինի ավելի շատ մեռած, քան ողջ։
Բայց այդ ամենը վաղուց արդեն զզվեցրել էր Ալեքսին, որովհետև ինքն էլ հասկանում էր, որ ավելի շատ մեռած է, քան ողջ։
Մի օր նա գնաց Էրվինի աշխատասենյակ Գրացի համալսարանում, որտեղ Էրվինը այժմ պրոֆեսոր էր, իսկ ինքը՝ երբեմնի լավագույն ուսանողն՝ այդտեղ, և անգամ պրոֆեսորները հաշվի էին նստում իր կարծիքի հետ, բայց հիմա նա կբացի արկղը, հիմա ինքը կպարզի՝ կատուն ո՞ղջ է, թե՞ մեռած, գրպանում նա ուներ երկու ատրճանակ, որոնցից մեկի մեջ փամփուշտ կար, մյուսը դատարկ էր, և ինքն էլ չգիտեր՝ որը որն է, և Էրվինն էլ չգիտեր, և Էրվինն ընտրեց առաջինը, Ալեքսը փողն ուղղեց դեպի նա ու կրակեց։
— Դու ողջ ես,- ասաց Ալեքսը։
Վերցրեց երկրորդ ատրճանակը ու փողն ուղղեց իր քունքին։
— Իսկ ես՝ մեռած,- ասաց Ալեքսը, ու դա վերջին բանն էր, որ նա երբևէ ասաց, քունքից հոսող կյանքի երակը թափվեց Էրվինի՝ դեռևս ձեռագիր հոդվածների վրա՝ թողնելով կարմիր հետքեր դրանց վրա։
Պատմությունը ամենազգայուն նոտաների, որ ծնվեցին ու մեռան մի հարբած գիշերում, որ ծնվեցին միայն մեկ անգամ ու թաղվեցին հավերժության ծոցում՝ այլևս երբեք անկարող վերակենդանանալու, և միակ հրեշտակը, որ սարսափելի չէր, պիտի փնտրեր այն՝ սահեցնելով իր մատները բոլոր ստեղների վրայով, ցանկալով գտնել դրանց մեջ կարոտը մեկի, բայց այն, ինչ կորցրել ես մեկ անգամ, չես կարող գտնել երկրորդ անգամ։
Պատմությունը ծառի, որ աճել էր միայնակ, ժայռի վայրի ամայության մեջ, ծառի, որի միակ մխիթարությունն այգաբացն էր և կամ այգաբացից առաջ տևող մի քանի րոպեն մթության  ու լույսի հատման կետում, երբ և երկուսն է, և ոչ մեկը, ծառի, որի տենդն էր մայրամուտը, որ ներշնչում էր հիվանդ խոհեր նրան, նա օր-օրի տարածում էր իր արմատները, և ցայգյան ժամին սիրում էր ծփալ-քամոտվել ու փոթորկվել գիշերն ու մրրկվել քամուց, քամին, որ պատմել էր նրան բոլոր լուրերը՝ եկած ժամանակի խորքից, «և գիշերը նորից քամին ձայն կտա, իսկ ես արդեն թեքվել եմ դեպի երկինքը, աչքս պարզել դեպի տիեզերքի ծայրը», բայց նա ծառ էր ընդամենը, ու թեպետ գիտեր շատ բաներ, որոնց մասին մարդկությունն անգամ գլխի չէր ընկնում, չգիտեր, որ որքան շատ է իր երեսը դարձնում դեպի երկինքը, այնքան ավելի շատ անկման վիճակի է հասնում, «և նորից ու նորից տարածելով իմ արմատները ժայռի եզրին՝ այգաբացի սուրբ ժամին ես գգվում էի քամուն ու նայում աստղին, ես ընկա»։
Պատմությունը մի կախարդ աղջկա, որին այրեցին։
Պատմությունը մի ծովի, որ ելավ ափերից՝ քանդելով վերջին կամուրջը Եվրոպայի ու Բրիտանիայի միջև։
Պատմությունը մի նեանդերթալյան մարդու, որ նվագեց առաջին ֆլեյտան 60.000 տարի առաջ, առաջին նոտաները, որ բաց թողնվեցին երկրի վրա, ո՞վ եմ ես, որտե՞ղ եմ ես, ու գուցե մի ատոմ տրոհվեց անմարդ տիեզերքի անհայտ խորքերում։
Պատմությունը առաջին ադամի, որ բացեց աչքերը, «ա՜խ, ձանձրույթ» ասաց ու թփերի արանքից հանելով 9 մմ ատրճանակը՝ մի փամփուշտ արձակեց իր քունքին։
Պատմությունն առաջին մեդուզաների, որ 500 միլիոն տարի առաջ ունակ եղան զգալ փոթորիկը դեռ ժամեր առաջ ու թաքնվել ծովի խորքում, և պատմությունը մեդուզա նուտրիկուլայի, որ ծովի սրտում սքանչանալով ու սարսափելով անծանոթ աշխարհի գեղեցկությունից՝ դեպրեսիայի տակ, բայց և առաջին կյանքի տենչանքով լի իջավ ծովի հատակն ու ինքն իրեն վերածեց խիտինային պոլիպի, այնուհետև ծնվեց նորից առանց մեռնելու, պատմությունը առաջին սպունգի, որ չգիտեր էլ՝ ինչ զգալ՝ լինելով առաջին կենդանին երկրի վրա, ու գուցե պայթեր, թե իմանար, կամ գուցե գիտեր և այդ պատճառով էր իրեն բույսի տեղ դրել։

Պատմությունը սկզբի կամ նրա, ինչն ամենամոտն էր սկզբին, պատմությունը՝ հոգիս, որը եղավ քո անշունչ մարմինն իմ ջրերը նետելուց 13,7 միլիարդ տարի առաջ, այնտեղ, որը մեկն էր, և ողջ եղեալն ու չեղեալը մի էր, և սեղմված մի կետի մեջ, ատոմից էլ փոքր, և չափազանց տաք, անվերջ փոքր կետ անսահման մեծ հնարավորություններով, որը և ժամանակն էր, և տարածությունը, և ոչինչը, և ինչը, և կիզակետը հնարավորությունների, «ախ, ձանձրույթ», ու պայթեց նա։

— Պատմությունն ամենի, հոգիս, և եղեալի, և նրա, ինչ գալու է։ Թող սանձազերծեմ հիշողությունդ։ Մեծ պայթյունը,- ասում էր մեկը, որ հիշում էր ավելին, քան պետք է,- գուցե ոչ այնքան նոր տիեզերքի սկիզբն է, ինչքան հնի վերջը, ուրեմն՝ գուցե մենք ընդամենը բեկորներ ենք ավելի մի կատարյալ աշխարհի, թերմացք՝ արքայական մի ճաշի, սարսափելի է մտածելն անգամ, բայց ինչ փույթ, թող սանձազերծեմ հիշողությունդ, մտածիր անգոյության մասին, հիշո՞ւմ ես էն պահը, երբ մեծ պայթյունը տեղի չունեցավ, հիշո՞ւմ ես, արդյոք հիշո՞ւմ ես։

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն