Տոն քընդողեն տոն չինիլ՝ արցախցիները վերջին օրերին հաճախ են կրկնում այս ասույթը՝ հետս շփվելիս։ Տուն քանդողին տուն չի լինում։ Ասում են սա՝ հարակից երկիրը նկատի ունենալով, ու ստիպված վառում իրենց իսկ տները, որ նրանց չհասնի։ Երբ դու ես տունդ ոչնչացնում՝ չես քանդում, այս դեպքում՝ փրկում ես։ Երևի Հայաստանում է միայն, որ «վառելը» կարող է «փրկելուն» հոմանիշ լինել։ Խառը երկրում ենք ապրում։ Խառը ու անբացատրելի։
Նույն կերպ անբացատրելի էլ կապված ենք հետը։ Ինչ ասես՝ գլխներիս չի գալիս։ Բայց շատ մանրիկ թելերով կապված ենք մնում։ Մետաքսից չեն թելերը, չէ, կապար են, ձյութ են, իրար կցմցած թելեր են՝ հին ու նոր, սև ու սպիտակ, շատը՝ մոխրագույն։ Թվում է, թե հիմա կպատռվեն, բայց՝ չեն պատռվում։ Ուրիշ ասույթ էլ ունեն՝ կծեգը վեր ետ ա տամ, էլ փռնվում չի՝ կծիկը եթե քանդվում է, էլ չի հավաքվում։ Մի քանի անգամ փորձել ենք նորից կծկել, չի ստացվում։ Երևի պետք է հեքիաթների պես կծիկը գլորել առաջ, թելի հետևից գնալ, մինչև մեզ կհասցնի մի լուսե մարգագետին՝ ծաղիկներով ու արևով, լույսով ու ջրով, սիրուն մի կետի։ Ամեն մեկս իր թելի կծիկն ունի, որը կծկելու ու կցմցելու փոխարեն պիտի բաց թողնի ու գնա հետևից, հետո ամեն մեկի թելերը կխառնվեն իրար, կդառնան մարգագետնի գորգը, որը միշտ փնտրել ենք, խնդրել ենք ուրիշներից, անգամ՝ ձևացրել ենք, թե չենք ուզում ունենալ՝ միայն դրա մասին երազելով։ Բայց չենք հասկացել, որ պիտի հյուսենք ինքներս։
Տուն քանդողը տուն չի ունենում, կծիկն էլ եթե բաց թողեցիր՝ էլ չի ստացվի հավաքել։ Ուրեմն, երևի պիտի բաց թողնենք կծիկը, գնանք-գնանք-գնանք-գնանք ետևից՝ անընդհատ աշխատելով, «թելի» որակը լավացնելով, հետևելով՝ ոչ մի տեղ չընդահատվի։ Համառ լինենք, ուժեղ լինենք, լավը լինենք։ Գնանք ու գնանք, մինչև կծիկը կպտտվի-կպտտվի, կհասնի այնտեղ, որտեղ երկու՝ իրար հետ կապ չունեցող բառեր կարող են հոմանիշ դառնալ, որտեղ ինչքան էլ ուզեն՝ ուրիշները տուն չեն դառնա։ Կապրեն գուցե՝ հա, բայց հարազատություն չեն զգա։ Որովհետև տուն քանդողն ու ստիպված տուն վառողը նույնը չէ։ Որովհետև տուն քանդողը կցմցած թելերով նոր կյանք գործելու գինը չգիտի։ Որովհետև կյանքի թելը, գուցե հիմա, գուցե վերջապես մեր ձեռքը վերցնենք ու դրսից սրան ու նրան չխնդրենք՝ կծկել այն, գործել ինչ-որ բան, կամ ցույց տալ՝ որ կողմ գլորենք մեր բաժին թելը, որ տանի լուսավոր մարգագետին։
Էն մենք, էն մեր թելերը՝ նյարդերի, կյանքի, հավատի, սխալների՝ ինչի ասես։ Կսկսենք այլ կերպ մտածել ու գործ անել՝ ինչ-որ բան հաստատ կփոխվի, չէ՝ կմնանք չհավաքվող թելը կծկող ու կծկող, կծկող ու կծկող։
Իսկ վառած տները միշտ էլ կարելի է վերանորոգել։ Որովհետև ոչնչացած չեն, որովհետև էլի քոնն են՝ անգամ վառած վիճակում։ Ինչ-որ մի օր, հաստատ, արդարությունը վերականգնվում է։ Որովհետև, տա դյուզ ա, վեր տոն քընդողեն տոն չինյում՝ արցախցեք մի պեն գյուդումըն, վեր տի ըն ասում։