Կարին

Լուսանկարը՝ Նառա Վարդանյանի

Մի տատիկ բարձրացավ երթուղային… Չէի նկատի, որովհետև լուրջ թեմայով զրուցում էի ընկերուհուս հետ, բայց ոչ թե տատիկ բարձրացավ, այլ սկզբում ինձ թվաց` տարօրինակ մեկը, ով պատանեկան ցատկով թռավ ներս… Անմիջապես նայեցի նրա կողմ: Չարաճճի հայացք գցեց նստածներին` կարծես գնահատելով նրանց: Անմիջապես պատկերացրի, թե մենք մարտաֆիլմում ենք, որտեղ Ջեյմս Բոնդն է մտել երթուղային, ու հիմա մի ակնթարթում պիտի հաշվեր` քանիսն են հակառակորդները, ով ինչ զենք ունի, ինչ կեցվածք ունի, ինչ տեղադրություն, ով է պարագլուխ և այլն… Մի խոսքով՝ լրիվ բոնդական հայացքով տատիկը չափեց ամբողջ սրահը և տեղավորվեց… Ի դեպ, նրա այդ հայացքում բացի վերը թվարկվածներից, կար նաև` թե ինչ չափով է կեղտոտ ուղեսրահը, որքան հոգնած է և ինչ տրամադրություն ունի վարորդը… Հա, ուրեմն տեղավորվեց հենց իմ դիմաց… ու կորավ, անջատվեց, սղվեց նստարանի գույնին:
Ես շարունակում էի խոսել զրուցակցիս հետ և արդեն մոռացել էի նրա մասին, երբ նկատեցի, որ հայացքով մանրազնին տնտղում է ուղևորներին. անհանգիստ էր: Ոչ, ավելի կառուցողական մի ծրագիր էր մշակում մտքում ( ինչպես «Ոսկե Ցլիկ» ֆիլմի հերոս Պանիկովսկին` փողերը հաշվելիս: Արտաքնապես նրանք ընդհանուր բաներ ունեին, ուղղակի տատիկը մի քիչ խոշոր էր նրանից ու տատիկ էր, ոչ թե` պապիկ: Հետո իրեն ցրելու համար, ենթադրում եմ, հայացքը պատուհանից դուրս տարավ, տեսավ` ուր ենք հասել և բացեց իր պայուսակը: Այդ պահին աչքս ընկավ նրա հագուկապին: Առաջին հայացքից իմ տեսածը գուցե ոչ մի կարևորություն չփոխանցեց նրա կերպարին, ես էլ քիչ մնաց հիասթափվեի, բայց… լավ, չշեղվեմ, ուրեմն սև գլխաշորով կոկիկ փաթաթված, հագին մուգ բեժ անձրևանոց էր, ծնկներին մի քիչ երկար, սև գուլպաներ, տղամարդու մաշված կոշիկներ, վերջ:
…Ու հանկարծ նա ձեռքը հանեց պայուսակից, և ես տեսա ոսկե մատանի: Այո, ոսկե մատանի` մուգ կապույտ քարով, երևում էր, որ հին, ծանրոտ ոսկի է, այդ մատանին տեսնելուց հետո մեկ անգամ էլ ոտքից գլուխ վերանայեցի տատիկին և այս անգամ պիտի ասեմ, որ ավելի նուրբ դետալներ նկատեցի, հստակ զգացի, որ իմ ուշադրության կենտրոնում գտնվող հերոսուհին հատուկ է այդպես հագնվել: Երևի լսել եք, թե մի դեր խաղալու համար դերասանները ինչ մանրախնդրությամբ են զգեստ ընտրում, այդպես էլ նա, կոնկրետ դերի պատրաստվելով էր հագնվել: Բայց ոչ միայն մատանին ինձ ստիպեց այդպես մտածել, այլ նաև մի քանի պրոֆեսիոնալ ժեստ` չհաշված պայուսակից հանած իրերը, որոնց մասին քիչ հետո: Տատիկը վար ձգեց անձրևանոցը` կարծես ծածկելով ծնկները, բայց ոչ, պատահմամբ նկատեցի, որ անձրևանոցի տակին փեշ չկար, մոռացել էր տակից մի բան հագնել, ինձ թվում է` տատիկը շտապով հագել էր անձրևանոցը, կոճկել այն մինչև վերջին կոճակն ու այնքան էր հիացել ինքն իրենով, որ մնացածի մասին մոռացել էր: (Եվ բացի այդ, չէ՞ որ այս ակտում նա չէր հանելու իր անձրևանոցը): Հետո նայեց գուլպաներին` կարծես ստուգելու` հագել է դրանք, թե` ոչ: Ապահովության համար շոշափեց ու մի քիչ վեր քաշեց. ու արդեն լրիվ գոհ նայեց կոշիկներին, երևի մտածելով, որ դրանք հատակապես ճիշտ են ընտրված այս կերպարի համար: Մատանին էր միայն, որ չէիր ուզում մտածել, թե պատահաբար է մնացել մատին, բայց երբ նա մի տեսակ ջերմությամբ մի քանի անգամ նայեց վրան` հիշելով անցած կյանքի հարուստ դրվագներ, փորձեց շրջել մատի վրա, որպեսզի մեծ քարը չերևա, հետո փորձեց հանել, չհանեց, թողեց ու հեռացնելով ձեռքը` հիացած նայում էր… հասկացա, որ պատահաբար չէր թողել մատանին:
Կամ ճանաչված դերասաններ, որ ունեն քմահաճ ցանկություններ: Օրինակ` ես լսել եմ, որ Ջեյ Լոն պահանջում է իր սենյակը զարդարել սպիտակ շուշաններով, հակառակ դեպքում ներս չի մտնի և կհրաժարվի մասնակցությունից: Լեդի Գագան, երբ սուրճ է պատվիրում, պահանջում է, որ այն անպայման խառնեն ժամացույցի սլաքին հակառակ և այլն, իսկ տատիկը պահանջել էր թույլ տալ իրեն մատանին թողնել մատին:
Մաշված, կաշվե պայուսակից տատիկը հանեց սև ակնոցը: Ժամանակակից, շքեղ սև ակնոց, այդպիսին անգամ ես կկրեի: Գործնական շարժումով դրեց աչքերին ու Ջ. Բոնդը նորից եկավ աչքիս առաջ, բայց դեռ մի բան կար պայուսակում, որ առավել անսպասելի էր:
Սև ձեռնոցներ, որոնց մատները կեսից կտրված էին, և դրանք հագնելուց հետո ես հասկացա, որ ներկայացումը սկսվում է: Բայց հանկարծ տատիկը շտապ հանեց այն ձեռքի ձեռնոցը, որին մատանին էր, այնպես հանեց, որ թվում էր, թե մի վայրկյան էլ ուշացներ, մատանին կկորչեր կամ կգողանային` համոզվելով, որ այն տեղում է, կենտրոնացավ, ձեռնոցն անշտապ դրեց պայուսակի մեջ, ու շատ բնական, կարծես ի միջի այլոց, հարցրեց.
— Էս Զեյթո՞ւն ա գնում:
Ոչ ոք ձայն չհանեց: Չգիտեմ, բայց ես, համարյա պատիվ համարելով խոսել տատիկի հետ, որսացի նրա հայացքը, որ ինձ էլ հասավ հարցական հիասթափությամբ, ասացի.
— Ոչ, դուք սխալ եք նստել, հակառակ կողմից պիտի նստեիք:
— Հա՞, ապրես բալիկ ջան, — ասաց նա:
…Ու շարունակում էր սևեռուն հայացքով նայել վրաս, երկար, շատ ուշադիր` ուզենալով մտնել ներսս, կարծես կարդալ մտքերս… Ես մի պահ շվարած՝ փորձում էի փախցնել հայացքս, բայց հիպնոսված կապիկի պես սառեցի տեղումս` չկարողանալով կտրվել Նրա մոգական հայացքից: Հիմա էլ տատիկը դարձավ Կաա օձը «Մաուգլի» մուլտֆիլմից: Շատ խորհրդավոր էր այդ պահը, թե՞…
Ես լսել էի, որ գժանոց պրակտիկայի գնացող ուսանողներին զգուշացնում են, որ կան այնպիսիները, ովքեր երկար, ուշադիր նայում են դեմքիդ և ամենաանսպասելի պահին կծում քիթդ, եղել են դեպքեր, երբ պոկել են այն…
Այդ մտքից վախեցած` ինձանից անկախ ձեռքս տարա քթիս կողմ` այդպիսով շեղելով տատիկի ուշադրությունը… Նա մի քիչ հետ քաշվեց, բայց հայացքը ինձնից չկտրելով` հարցրեց.
-Իսկ Մարիամ Աստվածածին եկեղեցին անցե՞լ ենք:
Կարծես թույլտվություն հարցնելով` նայեցի պատուհանից ու տեսա, որ հենց այդ եկեղեցու բակով ենք անցնում: Մինչ ես ուզում էի ասել` այ այստեղ պիտի իջնեք, տեսա, որ նա դեմքի գոհ արտահայտությամբ, հարմար թիկնած նստարանին, արդեն բոլորովին ուրիշ կողմ է նայում:
Այ քեզ բան. հազիվ շունչ քաշեցի ես: Մեկ էլ հասկացա, որ տատիկը լավ էլ գիտեր երթուղայինի երթուղին, պարզապես ուղևորների տրամադրվածությունը ստուգելու համար արեց:
Ուզում էի արդեն մոռանալ նրա մասին, համ էլ շուտով պիտի իջնեի, երբ նկատեցի, որ ինչ-որ բան է փսփսում թքի տակ և հաստատապես ինձ է ինչ-որ բան ասում: Չնայած նրա սև ակնոցի տակից դժվար էր դա միանգամից հասկանալ, բայց ես, այնուամենայնիվ, ամեն ինչ նկատեցի.
-Բայց դու…Գիտե՞ս, որ ես քեզնից լավն եմ:
-Ի՞նչ:
Ամբողջ ներսս տակնուվրա եղավ: Կարծես մի ծանր, հաստ կեղծիքի վարագույր պատռվեց մեջտեղից: Մասնագիտությամբ դերասանուհի եմ, և երբ տատիկը ասաց, որ ինձնից լավն է, ես մինչև ուղն ու ծուծս համաձայնվեցի իր հետ, քանի որ աչքիս առաջ տեսնում էի, որ նա արտակարգ է այս դերում… Բայց չէ՞ որ տատիկը չգիտեր իմ մասին… Ես ավելի ազդվեցի:
Դիմացս նստած էր մի աղքատ, իր օրվա հացը եկեղեցու շրջակայքից մուրալով վաստակող, անօթևան կին: Չգիտեմ, ոնց էր ստացվել` ճակատագրի, պատահականության, օրվա այդ ժամին, աշխարհի հենց այդ շրջապտույտի մեջ իմ առջև էր մի կին, իմ իսկ արտացոլանքն էր: Նա արտաքինից այնպիսին էր, ինչպիսին էի ես ներսից: Եվ այս պարագայում էլ ինձնից լավն էր, որովհետև ոչ մի ակնթարթ չէր ստում: Իսկ ես, երբեք պարզ օրվա լույսով ներսս չնայելով, ապրում էի այսպես` ստով վարագուրված ինքս ինձնից: Լինում են պահեր, երբ խորանում եմ իմ եսի մեջ, իմ արած-չարածի մեջ, բայց դա միշտ գիշերով է լինում` շուտ հանգչող լուցկու հատիկի լուսավորության չափով: Իսկ հիմա օրը ցերեկով, երթուղայինի պարապ ճանապարհի արանքում անխուսափելի «ճիշտը» նստած էր իմ առջև:
Այնպես էի ափսոսում, որ նախորդ մի քանի բառը չեմ լսել: Տեսնես ինչե՞ր էր ասում այդ հերոսուհին, բայց նրա խնդիրը իմ ուշադրությունը գրավելն էր, և Տատիկին դա հաջողվեց, ես արդեն ամբողջությամբ կախարդական հայելու մեջ էի, որտեղ ամեն ինչ իր տեղում էր, իսկ այս կողմում ծուռ ու թարս գունախաղով աշխարհն էր: Ինչ լավ է, որ կար այդ մատանին` որպես հիշողություն լինելիք կյանքի:
— Լավ, Երրորդության մոտ կիջնեմ, — ասաց Նա:
Ձեռքս մեկնեցի Նրան օգնելու համար,Նա էլ, հենվելով ձեռքիս, իջավ և առաջին երկու քայլն այնպես դրեց, կարծես կարմիր գորգի վրայով էր անցնում: Բայց ոչ մի գորգ էլ չկար, տատիկը գնաց` այդպես էլ չիմանալով, որ մեծ տպավորություն է գործել, որ դերասանական շքեղ խաղ է ցուցաբերել, չիմացավ ու որ իմանար էլ, ոչինչ չէր փոխվելու իր կյանքում, բայց իմ կյանքում փոխվե՞ց մի բան. ոչ, որովհետև եթե ես փոխվեի, այդպիսի տատիկներ էլ երբեք չէին լինի:
Ու վերջացավ պատմությունը, իսկ կյանքը… շարունակվում է:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն