ՈՒՐՑՈՎ ԹԵՅ
Ես ու երկու ընկերներս (զույգեր` քույր-եղբայր)
ամենաչարն էինք մանկապարտեզում:
Նախաճաշի ժամին ծլկում էինք,
ուշացած գալիս,
իբր թե` «Մենք չգիտեի՜նք»…
Պատժում էին, իհարկե:
Մինչ բոլոր երեխաները
արդեն
իջնում էին խաղալու,
մենք ստիպված էինք…
(«Առանց նախաճաշելու` բակ իջնել չկա´»):
Իսկ մենք շատ էինք խելոք
ու շատ էինք չար.
ձուն ուտում էինք` միայն դեղնուցը,
թեյը թափում էինք…
Հետո հպարտ-հպարտ իջնում էինք բակ
ու հայտարարում,
թե` «Մենք կերանք մեր Հացը»…
Դպրոցական արձակուրդների ուղիղ կիզակետում,
երբ ամռան դեղնուցն`
ասես ոսկեզօծ ներվաթելերի ու ասեղների վրա
արդեն մատուցված էր,
մենք` պապիս տասներեք թոռները,
կեսօրից հետո,
դանակ-մկրատով ու տոպրակներով
զուգված-զարդարված,-
լեռնալանջն ի վեր մխրճվում էինք
օրվա երկնագույն սպիտակուցի մեջ`
ուրց հավաքելու մրցության ծեսի…
Միշտ մնում էի ես թիկունքում վերջինի.
ամենադանդաղը ե´ս էի վազում
(ամենագեղեցիկ վազքը ի´մն էր):
Ես ծաղիկների խենթ սիրահար եմ,
ամբողջ ծեսը տանուլ էի տալիս`
տարբեր ծաղիկներ հետազոտելով…
Երեկոյից առաջ,
երբ ոսկին գնալով թանկանում էր,
մենք` ասես հոգնած,
բայց և մրցույթի արդյունքներն իմանալու
անհամբերությունից`
շտապով տուն էինք վերադառնում:
Հանձնում էինք մեր «ավարը»,
լվացվում էինք
ու գալիս-շարվում սեղանի շուրջը,
որի մոտ պապս մեզ էր սպասում:
Ու նա գեղեցի՜կ ու դանդաղորե՜ն
(ինչպես վազում էի ես)
հերթով ստուգում էի մեր տոպրակները:
Հասնելով իմին` նա նախ զարմանում էր.
գրեթե ամբողջը հիացինտներ են,
միայն չնչին ուրց…
Հետո հիշում էր,
աչքը գցում էր Ավետարանին,
լուռ ժպտում էր`
հայտարարելով,
թե ամենաշատ ուրցը ե´ս եմ հավաքել…
Խոնարաբար շիկնում էի:
Դպրոցը ես ավարտեցի արծաթե մեդալով…

***
Ես քեզ հիշում եմ,-
և գամերն ավելի´ խորն են զբոսնում,-
անունիդ միջով…
Ես քեզ հիշում եմ,-
և վարդի փոխարեն նրա ստվերն է աճում,-
մարգերում Կույսի համաստեղության…
Ես քեզ հիշում եմ,-
և սուզվում է շախմատիս Տապանը,-
Էշը Տապանում էր…
Չէ՞ որ սիրում ես ինձ:
Ուրեմն` հիշի´ր…

ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ ՊԱՏՎԻՐԱՆ
Երբ Սերը բաց ես թողել ձեռքիցդ,
ծափահարի´ր
հոգուդ «տկարությանը»:
Եվ ի ներումն Լույսի, որ թռավ
թարթիչներիցդ,-
ծափահարի´ր` ափդ այտիդ,
որից պոկեցիր բույրերի սրինգը:
Սրի´նգն ապտակիր…
Մի ձեռքը նույնպես ծափ է տալիս:

***
Սիրուց առաջ
նախաճաշին տնտղում եմ
սուրանկյուն լաբիրինթը ներքին
ձկան,
որ կուտեն ինձնից հետո…
ժամադրությունից ուշանալիս
ընդունում եմ վարդի կրոնը:
Մինչև փշերին հասնելը,
սիրածի´ս հայելի,
ըմբռնածդ վերջին բույրերից
մի ստվեր ճառագիր`
թարթիչդ զգամ…

ՍՏՎԵՐՆԵՐԻ ԹԱՏՐՈՆ
Մնջախաղի պյուռոս-քամին
պարանոցով նոկտյուրն է
տաշում
սլացիկ մեղքիդ ձկնաթելերից…
Հանկարծ կկուն փոխարկվում է
փայտփորիկի
ու համբույրիդ արծաթ ժամերն է
քչփորում
կոպերիս վրա…
Միջօրեականներիս ճաքերի միջով
անվանում եմ քեզ:
Եղունգներիս ծայրերին
խալե բույրեր են
պայթում կլոր,
կլոր,
կլոր,
ինչպես ծափեր…

***
Թանաքագույնը
երկյուղի սքանչացումն է
սառը լանդշաֆտներով
գիշերվա,
որի թիկունքից հայտնվում է
անակնկալ մի ձեռք`
անմեղության ու դավաճանության միջև:
Ո՞ւմ թղթերի վրա են մատնահետքերը
պսպղացող 12-ից հետո:
Օդը դողում է`
ինչպես ծալազարդ գիշերազգեստը
կասկածի:
Պետք է սպասել լուսաբացի
մերկությանը…
Խաչակնքի՛ր, Թռչո՛ւն:

ՍԵՐ
Կյանքիս 30 լուսայգների
միջով
ծաղիկ առ ծաղիկ
բոլոր մեղքերս թողած`
մինչև ժամանեցի,
նա արդեն հեռացել էր`
թողնելով Ընթրիքի սեղանը…
Ու ես
մինչև երեկ դեպի ներս էի
ծիծաղում բառերը`
որպես
հոգեմետ ձկներ…
Պարզվեց` 33-ը շատ էր…

ՕԽՐԱ ԴՈ-ՄԱԺՈՐ
Գիշերվա անշտապ արմատներն ի վեր
կլոր-կլոր մոտենում է
վաղորդայնի նշանադրությունը,
որ բաժանվում է
ծաղկի եռանկյուն վարսանդի միջև,
ուր աղն ուտում է ձկան կմախքը`
ձկնորսի լյարդում:
Մուգ ջրերի
թախծի միջից մահանում է
ենթագիտակցությունը Ավագ
ուրբաթների:
Դռնորի առջև
մերկանում եմ ես ինձանից,
և իմ ձայնից մնում է
Հիսուսի ոճով մի ստորագրություն`
այգի ցողերին…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն