***

Զարթնե՞լ,
թե՞ չզարթնել…
Բանականության երկմտանքը ծիկրակում էր
հրեշտակային քնի գույների ետևում,
որոնցից մի-մի կաթիլ կուլ տալով՝
նրա հայացքներն անդրադառնում էին
Վան Գոգի ականջի նյարդաթելերից այնկողմ՝
սեփական արձագանքներից հյուսելով
ձայնի սարդոստայնը,
որն ամեն Աստծո օր Թոնդրակի արթնությունը
հագնում է իր սրտին՝
որպես պոեզիա՝ խուլերի համար…

– Զարթնե՞լ, թե՞ պոեզիա:
– Ավելի շուտ՝ զարթնել… պոեզիայից,
այսինքն` Թոնդրակ…

Իսիկավա Թաքուբոքու

Մահվան հեռավոր արվարձաններում
հետընտրական անդորրի
բարձերը միշտ
կարմիր են,
ինչից հրեշտակների քունը տանում է:
Իսկ նրանց նորածին երազների աղմուկից
գրգռվում են օզոնի վերին ենթամաշկերը:
Փրփրադեզ ճերմակը
լցվում է տիեզերքի շնչափողը,
և Աստված մոռանում է հանկարծ
իր աղոթքի 27-րդ հիերոգլիֆը,
որն ընկնում ու գալարվում է
Հավերժության պորտին՝
իբրև ականջող…

Շախմատային նովել

Կապույտների վերջին դալտոնիկ ծաղրածուն
անսեռ խորանարդներ է պոկում Մահվան գանգոսկրից`
հերթական աճպարարության համար:
Ու հերթական դողէրոցքից նրա մաշկը
ջազ է քրտնում մանդարինի համով…
Ու հերթական անգամ
Արթնացումի զարգացող ոսկրախտի միջով
դեպի ներս են թափվում
ժանգոտած հեծանիվներով հրեշտակներ,
որոնց հետևից վազում են
աշխարհի բոլոր հայրերը` ծակ երազներով,
ու բոլոր հարբած երեխաները մանդարինի փտած կլեպներ
ու թափանցիկ շշեր են նետում:
Կանգառներում խոստովանահայրերն իրե՛նք են խոստովանում
իրենց մոտեցող պոռնիկների սրտերին:
Արվարձաններում մորթում են աքաղաղներին`
կոկորդներից դուրս հանելու արծաթյա դրամները`
եկեղեցու հանգանակության համար…

հ.գ. Արամ Պաչյան…

***
Եվ ամեն մի կիսալուսնից հետո,
մինչ ամեն մի լիալուսնից առաջ–
իմ շնչի վրա կոհակ առ կոհակ,
Հա՛յր, բուսնո՛ւմ են ահա
գլխիվայր–
մուգ սպիտակ վարդի փշեր`
չապրած օրե՛րը քո…

Մութ ու լույս տարիներ

Գիշերները
հայրս կաթիլ-կաթիլ ծեծում էր մորս`
հավաքելով նրա արցունքները,
որպեսզի ես
առավոտյան
կարողանամ լվացվել
դպրոց գնալուց
առաջ…

……………………………

Հիմա մայրս չի ծեծում,
բայց ինչ-որ մեկն
ամեն գիշեր
կաթիլ առ կաթիլ
հավաքում է
հորս աչքերի լույսը,
որպեսզի…

Առավոտն ի՞նչ է:

Չլինի՞ հանկարծ դասից ուշանամ…

Հաղորդակից անոթներ

Ավազներից կհոտոտեն
վիհն իրենց իսկ ազատության
և դուդուկը
սքեմի մեջ փաթաթած`
կթաղեն անապատում:

Տիեզերական
հոգեբուժարանի լաբորատորիայում
ծիրանի կորիզը
կճառագի`
որպես ժառանգական ուղեղ…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն