Հայտնի է, որ Վ. Տերյանը ուսումնասիրել և թարգմանություններ է կատարել եվրոպական գրականությունից: Բանաստեղծի գրական ժառանգության անբաժանելի մասն են կազմում նրա թարգմանությունների հետաքրքիր էջերը. Սաֆո, Հ. Հայնե, Պ. Վեռլեն, Է. Վերհարն, Վ. Բրյուսով, Ֆ. Սոլոգուբ, Վ. Իվանով, Ա. Ծերեթելի, Ռ. Թագոր, Շ. Բոդլեր, Շ. Ռուսթավելի, Օ. Ուայլդ, Ա. Շնիցլեր: Ահա այն հեղինակները, որոնցից թարգմանել է բանաստեղծը ու ժառանգել սերունդներին:
Վ. Տերյանի պոեզիայում նույնպես նկատելի է սիմվոլիզմի շունչը: Ազդվելով ինչպես արևմտաեվրոպական, այնպես էլ ռուս բանաստեղծների սիմվոլիստական ստեղծագործություններից, Տերյանը ստեղծել է մի շարք արժեքավոր բանաստեղծություններ, որոնցում առկա են այն տրամադրություններն ու բանաստեղծական պատկերավորման միջոցները, որոնք հատուկ են եղել սիմվոլիստներին: Նա յուրացրել է նրանց բանաստեղծական արվեստը և բանաստեղծական կառուցման նրբերանգները:
Սիմվոլիզմը գրականության մեջ բերում էր որոշակի խորհրդանշաններ: Տերյանի պոեզիայում՝ աշուն, անձրև, տերևաթափ, որ միայնակ և թախծոտ հոգու տրամադրություններն էին արտահայտում: Սիմվոլիզմը կյանքը պատկերում էր երկպլան կառուցվածքով՝ գորշ իրականության և դրանից վեր՝ երազի ու ցնորքի մի աշխարհ, ուր հոգին կարող էր ապրել անուրջներով: Վ. Տերյանի պոեզիային ևս համահունչ է երաժշտականությունը և բանաստեղծական հանգերի ու չափերի այն առանձնահատկությունները, որոնք բոլորովին նորություն էին հայկական խոսքարվեստի մեջ և, ըստ էության, ազգակից էին նաև սիմվոլիստական պոեզիայի նորաբանություններին: Ինչպես ճշմարտացիորեն մեկնաբանել է Հ. Սուրխաթյանը «Տերյանի քնարական լեզուն չունի իր նմանը հայ քնարերգության մեջ: Իր երաժշտականությամբ ու նրբին երանգներով Տերյանի լեզուն բարձր է իր լիրիկ-ուսուցիչների ու նախորդների մշակված ու հղկված լեզվից»1:
Վ. Տերյանի երգերի մեջ կարելի է զանազանել այնպիսիք, որոնք միստիկ շեշտեր, հուսալքություն, մենությանն ապավինելու տանջող խոհեր են պարունակում: Սրանք հենց այն երկերն են, որոնց մեջ երևան են գալիս սիմվոլիստական պոեզիայի տարբեր երանգների և մեծ տառապանքի խաչաձևումներ: Դժվար չէ ենթադրել, որ սիմվոլիզմի խոշոր վարպետները կարողանում էին զանազան ձևերի, նրբին սիմվոլների, անգամ տեխնիկայի հնարքների միջոցով ստեղծել տրամադրությունների մթնոլորտ, գերող մշուշ: Նրանց հաջողվում էր տրամադրություններին ու հոգեվիճակներին տալ գրեթե առարկայական շոշափելիություն, դրա հետ միասին, սիմվոլիկ պատկերների միջոցով ստեղծել փոխաբերական պատկեր: Վ. Տերյանը հաջողությամբ օգտագործել է սիմվոլիզմի հարուստ փորձը, սակայն, երգին տալով ինչ-որ էական բան իր տառապանքից ու տխրությունից: Այս յուրօրինակ խաչաձևումը բնավ չպետք է անտեսել, քանի որ առանց այդ երևույթի ըմբռնման գրեթե անհնար կլինի բացատրել Տերյանի մի շարք բյուրեղյա երգերի խորհուրդը: Տերյանի պոեզիայի մեջ ոչ այրող ուժով, մշտապես վառվում է սիրո լույսը: Խոր հակադրությունների, անկման ու գռեհկության մթնոլորտում Վ. Տերյանը մեղմորեն, բայց անվերջ ու անդուլ հյուսում է մարդու սիրո երգը՝ մի թախծոտ գեղեցկություն տալով նրա կերպարին: Ավելի ճիշտ կլիներ ասել, որ Տերյանի երգը հեռու է ռոմանտիկական սիրո բուռն վերելքից ու ոճավորումներից. բանաստեղծը խոսում է շատ մեղմաձայն և ամեն դեպքում ձգտում է խոսքին տալ բնական հնչեղություն, ինչ-որ առօրեականություն:
«Մթնշաղի անուրջները» հայ պոեզիայի մեջ նոր ու փայլուն էջ բացեց, գաղափարական ու գրական մշակույթի իմաստով նոր աստիճան նշանավորեց և նոր ուղի նշեց նրա զարգացման համար: «Մթնշաղի անուրջներում» Վ. Տերյանը մի ռոմանտիկ քնարերգակ է. նրա վերապրումները կյանքի և մտքի պայքարի ծնունդ չեն. նրանք ծնվել են ցնորքների, երազների սահմաններում: Ուստի և իր այս անուրջներում նա գերազանցորեն սուբյեկտիվ է. նրա տառապանքների միջավայրը՝ մենակ իր սիրտն է: Տերյանի պոեզիայում տեղ գտավ բնության ճոխ զարդերից զուրկ քաղաքի աղքատիկ բնանկարը: Այդ ամենը պատկերելով պոեզիայի մեջ Տերյանը դարձավ քաղաքի առաջին երգիչը: Նա սիրել է մշուշով ու երազներով պարուրված ծննդավայրը, ոսկեգույնով ողողված ամպերը, միգասքող ու մանուշակագույն մայրամուտը: Հոգնած քնարական հերոսին աշխարհը պատկերանում է որպես ոսկե տեսիլներ, հեռավոր լույս-անուրջների մի շղթա, նա չի ցանկանում այլևս տառապել անցած կյանքի դառը հուշերով, ապրել աղմկալի կյանքի մշուշում: Բանաստեղծը խոսում է մեռած անուրջների, մոլար խոհերի, դեղին ու դալուկ գույների մասին. այս աշխարհը մարդուն թվում է որպես մի ցուրտ, մշուշոտ և անհրապույր ափ: Վ. Տերյանի անուրջներն էլ և կան, և չկան: Պատրանքներ են նրանք, պատանի բանաստեղծի ստեղծած գեղեցիկ ու ցնորական հեքիաթներ: Այդ անուրջները տխուր են մեծ չափով, որովհետև բանաստեղծը խուլ նախազգացումն ունի, թե նրանք իրականություն չեն կարող դառնալ: Թախծալից են նրանք, որովհետև խուսափողական են և տևական չեն, մինչև իսկ որպես երազ և անուրջ: Վ. Տերյանի այս տրամադրությունը մասամբ անձնական պատճառներից է, մասամբ հավաքական, լինելով ժամանակի ճնշված և երերուն հոգեբանության հարազատ արտահայտություն:
Սակայն պետք է առանձնահատուկ անդրադառնալ Տերյան-Բոդլեր առնչությանը, այն փաստին, որը կարևոր դեր է խաղացել մի կողմից Տերյանի ստեղծագործական մտքի զարգացման վրա, մյուս կողմից՝ հեղինակի սոցիալական ծանր վիճակի բարելավման համար: Եվ այն հարցին, թե ի՞նչն էր պատճառ հանդիսացել Տերյանին թարգմանել Բոդլերին, պատասխանը կարելի է գտնել հետևյալում. 1956 թ. Հովհաննես Թումանյանին ուղղված մի անթվակիր նամակում Վ. Տերյանը գրել է հետևյալը.
«Մեծարգո պ. Թումանյան,
Ուղարկում եմ այս երկու բանաստեղծությունը և Բոդլերի արձակ բանաստեղծություններից (կատարած) թարգմանություններս: Խոնարհաբար խնդրում եմ ուղարկեք 25 ռուբլի և այս գրվածները զետեղեք «Հորիզոն»-ում, եթե իհարկե հարմար կգտնեք:
Ընդունեցեք ջերմ բարևս:
Ձեր Վահան Տերյան»2:
Դժվար չէ նկատել, որ Տերյանը Բոդլերին թարգմանել է իր սոցիալական և նյութական ծանր կացությունը հոգալու համար: Ըստ աղբյուրների՝ Տերյանը Բոդլերի թարգմանությունները տպագրելու առաջարկով դիմել է «Մուրճ»ի խմբագիր Լ. Սարգսյանին, ով պատասխանել է, թե «հոնորար չի կարող վճարել»3: Այնուհետև Տերյանն իր թարգմանությունները հանձնում է Թիֆլիսում լույս տեսնող «Գեղարվեստ» հանդեսին (խմբագիր Գ. Լևոնյան), որի մասին վկայում է 1908 թվականի ապրիլի 22 ին Թիֆլիսից Ցոլակ Խանզադյանին ուղարկված նամակը. «Բոդլերը հանձնեցի «Գեղարվեստ»ին, որ խոստացավ վարձատրել, նույնիսկ գուցե ավանս տա մի քանի ռուբլի»4:
Վ. Տերյանը Բոդլերի արձակ բանաստեղծություններից թարգմանել է 25-ը, նրա կատարած թարգմանությունները առաջին անգամ տպագրվել են «Գործ» ամսագրում (Բաքու, 1917, № 1, 2): Տերյանի թարգմանությունները ամբողջական գրքով լույս են տեսել 1975 թ.՝ «Փոքրիկ արձակ պոեմներ» (Փարիզյան մելամաղձ) խորագրով5:
Անդրադառնալով Տերյան-Բոդլեր առնչությանը և Տերյանի՝ Բոդլերից կատարած արձակ բանաստեղծությունների թարգմանությանը՝ նշենք, որ հայ գրականության մեջ արձակ բանաստեղծություններ գրել է նաև Մ. Մեծարենցը:
Շ. Բոդլերի արձակ բանաստեղծությունները լույս են տեսել նրա մահվանից հետո 1869 թ.: Արձակ բանաստեղծություններով նա ֆրանսիական գրականության մեջ հանդես է գալիս որպես նոր ժանրի հիմնադիր, որոնցում բանաստեղծը արտացոլել է ժամանակակից քաղաքի ընդհանուր պատկերը:
«Արձակ բանաստեղծությունները» տարատեսակ են և շատ դեպքերում հակասական. ժողովածուում հանդիպում են այնպիսի ստեղծագործություններ, որոնք խորը հոռետեսական են («Ուր էլ լինի, միայն թե դուրս այս աշխարհից»), ատելությամբ են լցված բուրժուական հասարակության հանդեպ և հնչում են սարկազմով («Ծեծենք աղքատներին»): Սակայն «Արձակ բանաստեղծությունների» գաղափարական բովանդակությանը առավել հատկանշական են այնպիսինները, որոնք արտահայտում են կարեկցանք աշխատող-տքնողների, հալածվածների և հասարակ մարդկանց նկատմամբ: Այդպիսի բանաստեղծություններից են «Աղքատների խաղալիքը», «Աղքատների աչքերը», «Կարկանդակը», «Պառավի հուսահատությունը», «Բարի շները», «Այրիները»: «Արձակ բանաստեղծություններում» Բոդլերը ոչ հաճախ է անդրադառնում աղքատ երեխաների ճակատագրին, որոնք կեղեքվում են բուրժուական հասարակության մեջ: Նա պատկերում է, թե ինչպես է այդ հասարակությունը պղտորում երեխայի հոգեբանությունը, ազդում նրա մտածելակերպի վրա. սովորեցնում է վախենալ մարդկանցից և չվստահել նրանց, թե ինչպես երեխայի մեջ վաղ հասակից ամրանում է այն միտքը, որ աշխարհում գոյություն ունեցող ամեն լավ բան իր համար չէ ստեղծված, թե ինչպես մի կտոր հացին նա անվանում է կարկանդակ, ինչը կարող է համտեսել հազվադեպ: «Աղքատների խաղալիքը» բանաստեղծության մեջ Բոդլերը ցույց է տվել, որ բուրժուական հասարակության մեջ մարդկանց իրավունքները խախտված են, և որ աղքատ և հարուստ երեխաների միջև առկա է անհաղթահարելի մի պատնեշ, և կարծես թե նրանք ստեղծված են տարբեր «նյութերից», և միակ նմանությունը նրանց միջև՝ նրանց «սպիտակ ատամներն են»: Ժողովածուում Բոդլերն արտահայտել է իր երազանքը «բանաստեղծական արձակի մասին, մեղեդային, առանց հանգի և կշռույթի, բավական ճկվող և բեկբեկուն, որպեսզի կերպավորի մարդկային հոգու քնարական ելևէջումները»6: Պոետը ներառել է միայն կենցաղային տեսարաններ՝ փոխաբերական պատկերներով, որոնք մարմնավորում են նրա թախիծն ու միայնակությունը: Ինչպես «Փարիզյան պատկերներում», այստեղ նույնպես բանաստեղծն անդրադառնում է «փոքր մարդկանց» ողբերգական ճակատագրին բուրժուական հասարակարգում, որին պատկանում էր և ինքը՝ Բոդլերը:
1850-1860-ական թթ. Բոդլերը գրում է արձակ բանաստեղծությունների մանրապատումների մի շարք՝ անվանելով «Փարիզյան մելամաղձ»: Այդ ստեղծագործությունը միանգամայն նորություն էր թե՛ բովանդակությամբ և թե՛ ձևով: Նրանում ուրբանիզմի գրական ավանդույթը շաղկապված է քնարական նոր հերոսի հետ: «Փարիզյան մելամաղձում» քնարական սկիզբն ավելի ուժեղ է հնչում, քան «Չարի ծաղիկներում», իսկ շրջափուլային սկզբունքը տարրորեն միավորվում է հատվածականության հետ: Հատվածականության ոճաձևը նպաստում է ամբողջական պատկերի ստեղծմանը՝ առանձին շտրիխների միջոցով: «Փարիզյան մելամաղձում» երևան են գալիս վիրավորվածների, թույլերի պատկերները, որոնք նետված են քաղաքի հատակը: Քաղաքի կյանքը, նրա հակադրությունները, դրամաները, գաղտնիքները, գեղեցկություններն ու գորշությունները մարդկային հոգում հարուցում են կյանքի նոր տեսլականը, նոր թափ հաղորդում խանդավառություններին ու սարկազմին, տառապանքին ու դաժանությանը, զմայլանքին ու տխրությանը: Արտահայտել մարդկային հոգու վիճակը, որն ապրում է «անկումային դարաշրջանում», հնարավոր է միայն նոր քնարականության միջոցով, ի տարբերություն ռոմանտիզմի զգացմունքային ինքնարտահայտության: Բոդլերյան քնարականությունը հիմնված է այն սկզբունքի վրա, որի շնորհիվ միանում են ուսումնասիրման օբյեկտներն ու գործող սուբյեկտները:
Վերլուծելով «Արձակ բանաստեղծությունները», մենք տեսանք, որ բնապատկերը Բոդլերի կողմից ներկայացված է որպես գեղարվեստական պատկեր: Հանդիսանալով սիմվոլիզմի նորարար, Բոդլերը «Արձակ բանաստեղծություններում» ներկայացնում է բնապատկերը, ինչը հատուկ է սիմվոլիզմին: Առաջին պլանում ցույց է տրված շրջապատող իրականությունը, որը հանդիսանում է որպես «մերձեցում» մարդու հոգևոր աշխարհի: Իսկ քնարական հերոսի երազները, ի հակադրություն իրականության, կազմում են պատկերի երկրորդ պլանը: Սա այն հանգամանքն է, որով տարբերվում է Բոդլերի աշխարհընկալումը ռոմանտիկների և պառնասյանների աշխարհընկալումից: Այդքանով Բոդլերը բացում է պոեզիայի և արձակի մի նոր փուլ:
Բոդլերի ստեղծագործության առանցքային խնդիրներից մեկը շրջապատող իրականությունից դեպի կատարյալին ձգտելն է: Սիմվոլիզմի տեսանկյունից՝ մարդու գոյությունը արտաքին աշխարհում համարվում է այնկողմնային աշխարհի վերհուշը: Հեղինակն ընթերցողին պատմում է, թե ինչպիսի պայքար է ընթանում մարդկային հոգիներում, ինչպես են նրանց ծվատում տանջող կասկածները: Ծանր մեղքերն ու սխալները հուսահատ հոգին նետում են խավարի խորխորատը, բայց բարձր մտածումներն ու ձգտումները նրան հասցնում են կապույտ երկինք: Շարքի վերջին բանաստեղծություններն ավարտվում են քնարական հերոսի այն իրավիճակով, ում հոգին չի կարողանում դուրս գալ ճահճուտից, ով տառապում է մահացու թախծից ու կարոտից: Մարդու ներքին աշխարհը ներկայանում է որպես չարության մեջ փոթորկվող հոգի:
Բոդլերի քնարական հերոսն, այդպիսով, անհատն է, ով կորցրել է երազած կյանքին ձգտելու հույսը, ինչն էլ որպես հոգևոր կյանքին ներդաշնակվելու հակադրություն, կազմում է «Չարի ծաղիկների» ողբերգական հիմքը:
1 Սուրխաթյան Հ., Գրականության հարցեր, Եր., 1970, էջ 167:
2 Սուքիասյան Ս., Էջեր Վահան Տերյանի կյանքից, Եր., 1959, էջ 38:
3 Տերյան Վ., Երկերի ժողովածու, հ. երրորդ, Եր., 1975, էջ 222:
4 Բագին, ԼԳ. Տարի 4-5-6 Ապր.-Մայ.-Յուն. 1994, Պեյրութ, էջ 97:
5 Բոդլեր Շ., Փոքրիկ արձակ պոեմներ (Փարիզյան մելամաղձ): Եր., «Հայաստան» հրատարակչություն, 1975, 168 էջ:
6 Բոդլեր Շ., Չարի ծաղիկներ, Եր., 1990, էջ 158: