Ագահն ասաց` ես խնդացի,
Աստված ասաց` չհավատացի
հայկական առած
Աշնանային քամին ուժգին հարվածեց բացված պատուհանի փեղկին, որն էլ աղմուկով փակվեց: Վարագույրն սկսեց օդում պարել, քամին ներխուժեց սենյակ, և սկսեց ցած նետել բոլոր այն իրերը, որ հնարավոր էր: Հովիկը վեր թռավ տեղից, կարծեց երազն է իրականանում:
Քամու սառնությունը սթափեցրեց նրա քնատ հայացքը: Հովիկին թվաց, թե իր հոգու փոթորիկն է թևեր առել ու շրջում տան բոլոր անկյուններում՝ դուրս հանելով այնտեղից այն, ինչը միշտ եղել է անձեռնմխելի: Նա լուռ մոտեցավ պատուհանին, կանգնեց երեսով դեպի դուրս, նայեց թոշնած ծաղիկներին, տերևաթափ ծառերին. ոչինչ ասել չկարողացավ՝ աշուն էր նաև իրենց տան ներսում… Հարկավոր էր հավաքել բոլոր իրերն ու մեկնել այնտեղ, ուր հավաքվել էր ողջ ընտանիքը:
— Իսկ ի՞նչ է լինելու այս տան վիճակը,- տնքոցով հազիվ արտաբերեց Հովիկը,- ո՞վ է հոգ տանելու ծաղիկների, բերքատու ծառերի մասին… Ո՞վ պետք է ամեն Աստծո օր վառի այս տան ճրագը…
— Այն միշտ է անճրագ է եղել,- լսվեց մի տխուր ձայն,- այս տան սենյակները միշտ են դատարկ եղել:
Հովիկին այս ձայնը ծանոթ թվաց, բայց մի պահ նա չհասկացավ, թե որտեղից եկավ… Նա ակամա շրջվեց, նայեց չորս կողմն ու ընկավ բազմոցին. այո, ներքին ձայնն է, որ երբեք չի ուշանում վճռորոշ պահերի արտահայտելու իր մտքերը…
Հովիկը վառեց ծխախոտն ու ընկավ հիշողությունների գիրկը: Ծուխն ալիք-ալիք բարձրացավ և գրկեց առաստաղը:
— Այ թե մայրդ այստեղ լիներ,- խոսեց ծանոթ ձայնը,- քեզ դուրս կշպրտեր քո կոշիկների ու ծխախոտի հետ միասին:
— Մի՛ խոսիր այդպես մորս մասին,- բարկացավ նա,- քո գործը չէ…
— Դու մրոտում ես վարագույրները,- շարունակեց ներքին ձայնը,- ամաչի՛ր, Հովիկ, այս ի՞նչ ես անում…
— Մի խառնվիր, — ձայնն ավելի բարձրացրեց երիտասարդն ու սկսեց բարձր ծիծաղել ինքն իր վրա…,- ախր այս ո՞ւմ հետ ես խոսում է, ո՞վ կա այստեղ` ոչ ոք…
Նա կարծես սթափվեց և վառեց հաջորդ սիգարետը:
— Դու միշտ համաձայն ես եղել ինձ հետ, բայց ցավոք երբեք բարձրաձայն չասացիր այդ մասին,- ներքին ձայնը կրկին դուրս սղոսկեց մտքերի գրկից:
— Լռի՛ր, խնդրում եմ,- այս անգամ հանգիստ, բայց վշտացած ասաց Հովիկը,- այնպես էլ սիրտ չունեմ…
— Ինչո՞ւ ես տխուր, չէ՞ որ ոչինչ չունես կորցնելու…,- քնքուշ ձայնը գրկեց Հովիկի ուղեղը,- գնա այստեղից, Մոսկվայում կապրես արքայավայել, մայրդ չի կարող ձեզ իջեցնել ներքնահարկ…
— Ինչո՞ւ ես հիշեցնում այդ ամենը…
— Որ չվշտանաս, թե կորցնում ես ինչ որ բան… հարազատ… քանի՞ անգամ ես թիկնել այս բազմոցին… Ամաչում ես խոսել, գիտեմ… իսկ քո ընկերներից ովքե՞ր են այս սեղանի շուրջ երբևէ հավաքվել… Կրկին ամաչում ես…
— Մի շարունակիր, ես ամեն ինչ լավ հիշում եմ, լավ գիտեմ, ինչ էր կատարվում այն ժամանակ…
— Դու ոչինչ էլ չգիտես… Դու չես հասկանում ինչ բան է պատիվը, հարգանքը… Մայրդ ստիպում էր ձեզ ապրել այն փոքր, մութ նկուղային հարկում… և դուք ենթարկվում էիք… Ունենալ այս շքեղ, լուսավոր տունը և փակվել այն մութ, խոնավ սենյակի մեջ… Այո, հիմա ցավում է քո սիրտն ավելի շատ, քանզի թողնելու ես այն, ինչը միշտ անհասանելի է եղել քեզ համար… ինչը միշտ քոնն է եղել, բայց չես կարողացել վայելել… Ու հիմա տխուր ես, քանզի չես կարող այս ամենը տանել քեզ հետ, կամ վերադարձնել անցյալը, ապրել մարդավարի, հայրենի հողում սեփական ձեռքերով կառուցած տան մեջ …
Հովիկի աչքերն սկսեցին կամաց-կամաց փակվել, և նրան թվաց, թե ներքին ձայնն արդեն խոսում է բարձրաձայն…
Նա քնեց խոր քնով, բայց շատ կարճ: Կես ժամ չանցած նա տնքոցով հազիվ բացեց աչքերն ու նկատեց երեկոյի գալուստը: Փակեց աչքերն ու փորձեց մոռանալ անելիքը, ինչի համար եկել էր… Մի քանի րոպե տևեց նրա խռովությունն աշխարհից ու մարդկանցից… Ու նա անհույս վեր կացավ տեղից: Լուսնի լույսը կիսով չափ լուսավորում էր սենյակը: Հովիկը փորձեց վերհիշել, թե որտեղից է միացվում լույսը… Ու խոր ցավ զգաց, սիրտը ճմլվեց, դարձավ փոշու հատիկ, միտքը թերացավ. չհիշեց: Քմծիծաղեց ինքն իր վրա ու գրպանում փնտրեց գտավ մի լուցկի… Վառեց ու սկսեց շոշափել սենյակի պատերը վերից վար ու հակառակը… Հոգնեց ու անհույս տնքաց:
— Այսքան տարի ապրել մի տան մեջ ու չիմանալ, թե որտեղից է միացվում լույսը,- անցավ նրա մտքով,- ու նա վառեց ևս մեկ լուցկի: Կարճ լուսավորումը ոչինչ չփոխեց, սենյակը կրկին ընկղմվեց մթության մեջ:
Անցնող-դարձողին տարօրինակ չէր սակայն, որ մեծ տան ոչ մի սենյակում լույս չէր վառվում, միայն մայրաքաղաքից երկու օրով գյուղում հանգստացող հյուրի համար էր հետաքրքիր, թե այս տան բնակիչներն ինչո՞ւ են լքել տունը…
— Տունն այսօր էլ բնակիչ ունի, — խոսեց տարեց ուղեկիցն, ով այդ գյուղի բնակիչ էր,- բայց մյուս տների նման չէ, քանզի այս տանը երբեք լույս չի վառվում, որից էլ, ինչպես գյուղում է ընդունված, պետք է լուսավորվի ճամփան` մինչև դրացու տան դարպասը:
Անծանոթին անհեթեթ թվացին ծերունու խոսքերը, նա կանգնեց, երկար նայեց բացված պատուհանին: Ու հանկարծ լույս տեսավ, լույսի մի շող… Ու մինչ նա փորձեց ցույց տալ իր տեսածը ծերունուն, լույսն այնպես անհետ չքվեց, ասես երբեք էլ չէր հայտնվել այդ տան ներսում… Անծանոթը համոզեց ինքն իրեն, որ իրեն թվաց ու հետևեց տարեց ուղեկցին, ով պատմում էր տարբեր զրույցներ գյուղի բնակիչների մասին… Երիտասարդը տարվեց ծերունու պատմություններով ու միանգամից էլ մոռացավ տանը երևացող լույսի մասին, այնինչ Հովիկը մեկը մյուսի ետևից լուցկի վառելով` փորձում էր լուսավորել հայրական օջախը: