* Թարգմանությունը ռուսերենից և ծանոթագրությունները` Թոնդրակի:
Պետերբուրգյան փողոցների խոտերը` արդի քաղաքների տեղը ծածկող կուսական անտառի փախուստներն առաջին: Այդ վառ, քնքուշ կանաչը, իր արտասովոր թարմությամբ, պատկանում է նոր ոգեշունչ բնությանը: Հիրավի Պետերբուրգը աշխարհի ամենառաջատար քաղաքն է: Ո՛չ մետրոպոլիտենով, ո՛չ երկնաքերներով չի չափվում արագությունը` փախուստն արդիության, այլ զվարթ խոտով, որը վերընձյուղվում է քաղաքային քարերի տակից:
Մեր արյունը, մեր երաժշտությունը, մեր պետականությունը` այդ ամենը կգտնեն իրենց շարունակությունը նոր բնության` Փսիքեա-բնության քնքուշ համակեցության մեջ: Ոգու այդ անմարդ թագավորության մեջ յուրաքանչյուր ծառ կլինի անտառային հավերժահարս և յուրաքանչյուր երևույթ խոսելու է իր փոխակերպության մասին:
Կանգնեցնե՞լ: Ինչո՞ւ: Ո՞վ կկանգնեցնի արեգակը, երբ այն ճնճղուկի կառասարքով հայրենի տուն է սլանում` բռնկուն մոլուցքով վերադարձի: Ավելի լավ չէ արդյո՞ք նրան ներբողանքով ողողել, քան թե ողորմություն աղերսել նրանից:
Բայց ոչինչ էլ նա չէր հասկանում
Ե՛վ թույլ, և՛ երկչոտ էր ինչպես մանուկ,
Օտար մարդիկ նրա համար ցանցով
Որսում էին գազաներ ու ձուկ … [1]
Շնորհակալություն ձեզ «օտար մարդիկ»` հին աշխարհի նկատմամբ սրտառուչ հոգատարության, քնքուշ խնամակալության համար, որն արդեն «այս աշխարհից չէ», որն ամբողջովին հեռացել է սպասման և գալիք կերպափոխությանը պատրաստվելու մեջ.
Cum subit illius tristissima noctis imago,
Quae mihi supremum tempus in urbe fuit,
Cum repeto noctem, qua tot mihi cara reliquit,
Labitur ex oculis nunc quoque gutta meis [2]:
* * *
Այո, հին աշխարհն «այս աշխարհից չէ», սակայն այն կենդանի է ավելի քան երբևէ: Մշակույթը դարձել է ռազմական ճամբար [3]. մենք ոչ թե սնունդ, այլ հացկերույթ, ոչ թե սենյակ, այլ խուց, ոչ թե հագուստ, այլ հանդերձանք ունենք: Վերջապես մենք ձեռք ենք բերել ներքին ազատություն, իսկական ներքին զվարթնություն: Կավե սափորներից ջուրը խմում ենք հանց գինի, և արեգակին ավելի հաճելի է վանական ճաշասենյակում, քան ռեստորաններում: Խնձորներ, հաց, կարտոֆիլ` այժմ հագեցնում են ոչ միայն ֆիզիկական, այլև հոգևոր սովը: Ժամանակակիցը չգիտի միայն ֆիզիկական սովը, միայն հոգևոր սնունդը: Նրա համար և՛ բառն է մարմին, և՛ հասարակ հացը` զվարթնություն ու խորհուրդ:
* * *
Բոլոր մյուս տարբերություններն ու հակասությունները գունաթափվում են այժմ բառերի բարեկամների և թշնամիների տարբաժանված մարդկանց առջև: Հանց ոչխարների և այծերի: Ես զգում եմ բառերի թշնամիներից եկող գրեթե ֆիզիկապես անմաքուր այծային ոգին: Այստեղ միանգամայն տեղին է ամենայն լուրջ տարաձայնության դեպքում ի հայտ եկող փաստարկը. իմ հակառակորդը գարշահոտում է:
Պետականության աշխարհիկացման գործընթացը չբավարարվեց պետությունից եկեղեցու տարանջատմամբ, ինչպես դա հասկանում էր ֆրանսիական հեղափոխությունը: Սոցիալական շրջաբեկումը առավել խորը աշխարհիկացման հանգեցրեց:
Նկատվում է նոր փոխհարաբերությունների օրգանական տեսակ, որը պետությունը փոխշաղկապում է մշակույթին այնպես, ինչպես կալվածատեր իշխանները կապված էին վանքերին: Իշխանները վանքերին պահում էին խորհրդի համար: Դրանով ամեն ինչ ասված է: Մշակութային արժեքների նկատմամբ պետության արտարկվածությունը (внеположность) նրան լիովին կախվածության մեջ է դնում մշակույթից: Մշակութային արժեքները զարդարում են պետությունը, նրան երանգներ, ձև, եթե ուզում եք, անգամ սեռ են հաղորդում: Պետական կառույցների, դամբարանների, դարպասների վրա արված գրառումները ապահովագրում են պետությանը ժամանակի կործանումից:
Պոեզիան գութան է, որը ժամանակն այնպես է փխրում, որ ժամանակի խորքային շերտերը, նրա սևահողը, հայտնվում են վերևում: Բայց լինում են այնպիսի ժամանակներ, երբ մարդկությունը, չբավարարվելով ներկայով, թախծելով` ինչպես մաճկալ, տենչում է խոպան ժամանակներ: Հեղափոխությունն արվեստի մեջ անխուսափելիորեն հանգեցնելու է կլասիցիզմին: Ոչ թե, որ Դավիթը հավաքեց Ռոբեսփիերի հունձքը, այլ որովհետև այդպես է ուզում հողը:
Հաճախ կարելի է լսել. դա լավ է, բայց դա երեկ էր:. Ես ասում եմ. երեկվա օրը դեռ չի ծնվել: Այն դեռ չի եղել ստույգիվ: Ես կրկին ձգտում եմ Օվիդիուսին, Պուշկինին, Կատուլլուսին, և ինձ չի բավարարում պատմական Օվիդիուսը, Պուշկինը, Կատուլլուսը:
Զարմանալի է, ըստ էության, որ ամեն ինչ պոետներին է վերագրվում և ոչ մի կերպ նրանցից չեն պոկվում: Թվում է` կարդացիր և վերջ: Հաղթահարեցիր, ինչպես այժմ են ասում: Ուրիշ ոչինչ: Կատուլլուսի արծաթյա փողը [4].
Ad claras Asiae volemus urbes [5]
տանջում և անհանգստացնում է ուժգին, քան ցանկացած ֆուտուրիստական առեղծված: Դա ռուսերենով չկա: Բայց չէ որ դա պետք է լինի ռուսերենով: Ես վերցրեցի լատինական բանաստեղծությունները, որովհետև ռուս ընթերցողների կողմից դրանք ակնհայտորեն ընկալվում են իբրև հարկադրության կատեգորիա. հրամայականը նրանցում համոզիչ է հնչում: Բայց դա ամենայն պոեզիայի էությունն է, որքանով այն դասական է: Այն ընդունվում է ինչպես պետք է լինի, այլ ոչ թե, որը արդեն եղել է:
Այսու` դեռ չի եղել և ոչ մի պոետ: Մենք ազատ ենք հիշողությունների բեռից: Բայց դրա փոխարեն որքան ուրախալի նախազգացումներ. Պուշկին, Օվիդիուս, Հոմերոս: Երբ սիրեկանը լռության մեջ խճճվում է քնքուշ անունների մեջ և հանկարծ հիշում, որ դա արդեն եղել է. և՛ բառերը, և՛ վարսերը, և՛ աքաղաղը, որը կանչում էր պատուհանի տակ, աղաղակել է արդեն Օվիդիուսի եռատողերում, կրկնության խորագույն ուրախությունը պարառում է նրան, գլխապտույտ ուրախությունը`
Հանց մութ ջուր, ես խմում եմ երկինքը պղտոր,
Ժամանակը հերկված է գութանով և վարդը հող է եղել [6]:
Այդպես և պոետը չի վախենում կրկնությունից և հեշտությամբ հարբում է դասական գինուց:
Այն, ինչ ստույգ է մի պոետի վերաբերյալ, ստույգ է և մյուս բոլորի համար: Հարկ չկա ստեղծել ինչ-որ դպրոցներ: Հարկ չկա հնարել սեփական պոետիկա [7]:
* * *
Բառերի կյանքում սկսվել է հերոսական դարաշրջանը: Բառը մարմին է և հաց: Այն կիսում է հացի և մարմնի ճակատագիրը` տառապանքը: Մարդիկ քաղցած են: Ավելի քաղցած է պետությունը: Բայց ինչ-որ ավելի քաղցածն էլ կա` ժամանակը: Ժամանակն ուզում է խժռել պետությանը: Հանց շեփորականչ է հնչում սպառնալիքը [8]` խզմզված Դերժավինի կողմից քարե տախտակին: Ո՞վ կբարձրացնի բառը և ի ցույց կտա ժամանակին: Չկա ոչին ավելի սոված, քան լեոնտևյան բյուզանդական պետությունը [9]. այն սոված մարդուց էլ սարսափելի է: Կարեկցանքն առ մշակույթը, մերժող բառը. արդի պոետի հասարակական ուղին և սխրագործությունը:
Նա, ով սիրտ ունի, ժամանակն է, պետք է լսի,
Թե ինչպես է նավը քո մայրամուտ սահում… [10]
Մի պահանջեք պոեզիայից հատկապես իրայնություն /вещности/, կոնկրետություն, նյութականություն: Դա նույն այդ հեղափոխական քաղցն է: Թովմասի կասկածանքը: Ի՞նչ կարիք կա մատներով շոշափել: Իսկ գլխավորը` ինչո՞ւ բառը նույնացնել իրին, առարկային, որը նա նշանակում է:
Մի՞թե իրը բառի տիրակալն է [11]: Բառը Փսիքեան է: Կենդանի բառը չի նշանակում իրը, այլ ազատորեն ընտրում է, կարծես ապաստանելու համար, այս կամ այն առարկայական նշանակությունը, իրայնությունը, թանկագին մարմինը: Եվ իրի շուրջ բառը թափառում է ազատորեն, ինչպես հոգին` լքված, բայց անմոռանալի մամնի:
Այն, ինչ ասված է իրայնության մասին, քիչ այլ է հնչում պատկերավորության դեպքում.
Prends l՛ռloquence et tords-lui son cou! [12]
Գրի՛ր ոչպատկերավոր բանաստեղծություններ, եթե կարող ես, եթե ի վիճակի ես: Կույրը կճանաչի թանկագին դեմքը` տեսունակ մատներով հազիվ դիպչելով նրան, և ուրախության` ճանաչման իսկական ուրախության արցունքները դուրս կհորդեն երկար բաժանումից հետո: Բանաստեղծույթունը կենդանի է ներքնապես, ծեփակերտված այն հնչմամբ, որն ազդարարում է գրված բանաստեղծությունը: Ոչ մի բառ չկա, բայց բանաստեղծությունն արդեն հնչում է: Այդ ներքին կերպն է հնչում, այդ բանաստեղծի ունկն է նրան շոշափում:
Եվ քաղցր է մեզ համար սոսկ ակնթարթը ճանաչման [13]:
Այժմ ընթանում է հանց տարխոսության (глоссолалии) [14] երևույթը: Սրբազան մոլեգնության մեջ պոետները խոսում են բոլոր ժամանակների, բոլոր մշակույթների լեզվով: Անհնարին ոչինչ չկա: Ինչպես մեռնողի սենյակն է բաց բոլորի համար, այդպես և հին աշխարհի դուռն է կրնկի վրա լայնորեն բացված ամբոխի առջև: Հանկարծ ամեն ինչ ընդհանուր սեփականություն դարձավ: Գնացեք և պահպանեք: Ամեն ինչ մատչելի է. բոլոր բավիղները, բոլոր գաղտնարանները, բոլոր անձեռնմխելի մուտքերը: Բառը դարձել է ոչ թե յոթփողանի, այլ հազարփողանի տավիղ, վերակենդանանալով միանգամից բոլոր դարերի շնչառությամբ: Տարխոսության մեջ ամենաապշեցուցիչը, որ խոսողը չգիտի լեզուն, որով խոսում է: Նա խոսում է բացարձակապես անհայտ լեզվով: Եվ բոլորին, և իրեն թվում է, թե նա խոսում է հունարեն կամ քաղդեերեն: Խորագիտությանն (эрудиции) ինչ-որ բոլորովին հակառակը: Արդի բանաստեղծությունն իր ողջ բարդությամբ և ներքին հափշտակվածությամբ (исхищренности), միամիտ է.
Ecoutez la chanson grise… [15]
Ժամանակակից համադրական պոետն ինձ համար ոչ թե Վերհարնն է, այլ մշակույթի ինչ-որ Վերլեն: Նրա համար հին աշխարհի ողջ դժվարությունը նույն պուշկինյան տավիղն է: Նրանում երգում են գաղափարները, գիտական համակարգերը, պետական տեսությունները, ճիշտ այնպես, ինչպես իր նախորդների դեպքում երգում էին սոխակներն ու վարդերը: Ո՞վ է ասում, որ հեղափոխության պատճառը միջմոլորակային տարածություններում սովի պատճառն է: Պետք է ցորենը շաղ տալ եթերում [16]:
1921
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԲԱՌ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹ — Առաջին անգամ հրատարակվել է «Драконե (Альм, стихов. Изд. Цеха поэтов. Пб., 1921, вып. 1 (май), с. 73 — 78) ալմանախում: Իսկ ապա վերահրատարակվել է «Искусствоե (Батум, 1921, 20 июня /сообщ. А. Е. Парнисом/) թերթում և «Цех поэтовե (Берлин, 1922, кн. 1, с. 81 — 89) ալմանախում: Թարգմանությունը կատարել ենք Օ. Մանդելշտամի համանուն ժողովածուից (Мандельштам О. Э., Слово и культура: Статьи. — М.: Советский писатель, 1987, сс. 39-43): Ծանոթագրությունները կազմելիս ևս օգտվել ենք վերոհիշյալ հրատարակության ծանոթագրություններից:
- «Բայց ոչինչ էլ նա չէր հասկանում…» — հատված Ա. Ս. Պուշկինի «Գնչուներ» պոեմից (ծեր գնչուի պատմությունը Օվիդիուսի մասին):
- «Երբ մոտենում է տխրագույն պատկերն այն [մութ] գիշերի,
Այն, որ ունեցա ի ժամս վերջին ես [մեծ] Քաղաքում,
Երբ վերհիշում եմ այն գիշերը, որ թողել է ինձ թանկ ամեն-ամեն բան,-
Հիմա էլ անգամ աչքերս ի վար արցունք է հոսում»
(թարգմ. լատ.` Ալբերտ Ստեփանյանի)
(լատ. Պուբլիուս Օվիդիուս Նազոն, Հեծեծանքներ, գիրք 1, էլեգիա 3, տողեր 1 — 4): Թարգմանության համար իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում պրոֆ. Ալբերտ Ստեփանյանին, որ հանձն առավ հատվածի բնագրային թարգմանությունը:
- «Մշակույթը դարձել է ռազմական ճամբար…» — Ալմանախի մեջ` «Մշակույթը եկեղեցի է դարձել: Տեղի է ունեցել եկեղեցի-մշակույթի առանձնացումը պետությունից: Բարձրաշխարհիկ կյանքն այլևս մեզ չի վերաբերում…»:
- «Կատուլլուսի արծաթե փողը…» — հմմտ. Օ. Մանդելշտամի «Հայաստան» շարքի (1930) բանաստեղծություններից վեցերորդի հետ` «Հավիտյան դեպի Ասիայի արծաթյա շեփորները թռչող…», տե՛ս Օսիպ Մանդելշտամ, Մեգանոմ /Ռուս. թարգմ.` Հ. Բեյլերյանը/, Ե., Ապոլոն հրատարակչություն, 1992, էջ 54:
- Բառացի` «Մենք ձգտում ենք Ասիայի հայտնի քաղաքներին» (լատ.., Կատուլլուս, XLVI: 6)
- «Հանց մութ ջուրը, ես խմում եմ պղտոր երկինքը…» — հատված Օ. Մանդելշտամի «Քույրեր` ծանրություն և քնքշանք, ձեր նշանները միատեսակ են» բանաստեղծությունից (1920):
- «Հարկ չկա հնարել սեփական պոետիկա» — Այդուհետ ալմանախում հաջորդում է առանձին ենթագլուխ. «[Խոսքի, շարժման և ձևի նկատմամբ կիրառվող վերլուծական մեթոդը լիովին օրինաչափ և հմուտ վարժաձև է] Վերջին ժամանակներս ավերումներն արվում էին արվեստի զուտ ձևական նախադրյալներով: Անկումը, փտումը, նեխումը այդ ամենը դեռ dռcadense է: Բայց դեկադենտները քրիստոնյա նկարիչներ էին, իրենց տեսակով` վերջին քրիստոնեական տառապյալները: Փտումի երաժշտությունը նրանց համար հարության երաժտություն էր: Բոդլերի Charogne*-ը քրիստոնեական վհատության բարձր օրինակ է: Բոլորովին այլ է ձևի գիտակցաբար ոչնչացումը: Ցավ չունեցող սուպրեմատիզմ: Երևույթների դեմքի ժխտում: Հաշվարկված ինքնասպանություն, հանուն հետաքրքրության: Կարելի է ընտրել, կարելի է և դասավորել. կարծես թե փորձարկվում է ձևը, իսկ իրականում նեխում և փտում է հոգին (ընդսմին` հիշատակելով Բոդլերին, ես ցանկացա հիշեցնել նրա նշանակությունը իբրև ճգնավորի` martyre** բառի քրիստոնեական բացարձակ իմաստով»: *Լեշ (ֆրանս.)- խոսքը Շ. Բոդլերի «Լեշը» (1843) բանաստեղծության մասին է: **Մարտիրոս, նահատակ (ֆրանս.) – տե՛ս Շ. Բոդլերի «Մարտիրոսուհին» (1843) բանաստեղծությունը: Տե՛ս Շառլ Բոդլեր, Չարի ծաղիկներ: [Բանաստեղծ., պեոմներ] /Ֆրանս. թարգմ., առաջաբանը և ծանոթագր.` Հ. Բախչինյանի/, Ե., Երևանի համալսարանի հրատարակչություն, 1990, էջ 40 և 120:
- «Հանց շեփորականչ է հնչում սպառնալիքը` խզմզված Դերժավինի կողմից քարե տախտակին» – Նկատի ունի Գ. Ռ. Դերժավինի «Նեխվածության մասին» (1816) անավարտ բանաստեղծությունը: Այդ բանաստեղծության ինքնագիրը` գրված քարե տախտակին, պահպանվում է Ռուսական գրականության ինստիտուտում (Պուշկինյան տուն):
- Կոնստանտին Լեոնտև (Константин Николаевич Леонтьев, 1831-1891) – ռուս դիվանագետ, կրոնական մտածող, փիլիսոփա, գրող, գրական քննադատ, հրապարակախոս, ուշ շրջանում հարել է սլավոնաֆիլներին: Լեոնտևյան ակնարկումները առկա են Օ. Մանդելշտամի «Բառ և մշակույթ» (1921), «Բառի բնույթի մասին» (1922), «Ժամանակի աղմուկը» (1925), «Եգիպտական դրոշմանիշ» (1928) ծրագրային ստեղծագործություններում: Իսկ ընդհանուր առմամբ` Օ. Մանդելշտամի ստեղծագործության արմատական համակարգում ծածուկ առկա է լեոնտևյան շերտը:
- «Նա, ով սիրտ ունի, պետք է լսի, ժամանակն է…» — Օ. Մանդելշտամի «Փառաբանենք, եղբայրներ, ազատության մթնշաղները…» (1918) բանաստեղծությունից:
- «Մի՞թե իրը բառի տիրակալն է» — հմմտ.` «Բառը` ստեղծված մի իրից մյուսը գնալու համար, ըստ էության իսկապես ենթակա է տեղափոխման և ազատ է: Ուրեմն` այն կարող է անցնել ոչ միայն մի ընկալվող իրից մի այլ ընկալվող իրի, այլև ընկալվող իրից այդ իրի մասին հիշողությանը..»: (Ա. Բերգսոն, Մետաֆիզիկայի ներածություն, Ստեղծարար էվոլյուցիա /Ֆրանս. թարգմ.` Ա. Մուրադյան/, Ե., Սարգիս Խաչենց հրատարակչություն, 2003, էջ 215):
- Բառացիորեն` «Հեռացրո՛ւ պերճախոսությունը և պարանոցը նրա ոլորի՛ր» (ֆրանս.., Պոլ Վեռլենի «Art poռtique» բանաստեղծությունից):
- «Եվ քաղցր է մեզ համար սոսկ ակնթարթը ճանաչման» — Օ. Մանդելշտամի “Tristia” (1918) բանաստեղծությունից:
- Տարխոսության (глоссолалия) — հին հուն. γλῶσσα (glossa) «լեզու» և λᾰλέω (lalia) «դատարկախոսություն, թոթովանք, բլբլոց»): 1) երևույթ, երբ խոսողը արտաբերում է անիմաստ խոսքեր և բառակապակցություններ, որոնք սովորաբար պահպանում են խոսքի լոկ ինչ-ինչ նշանները (թափն ու ռիթմը, վանկերի կառույցը, տարբեր ձայների հանդիպող հարաբերական հաճախականությունը): Հանդիպում է հոգեկան հիվանդների մոտ: 2) Հնագույն որոշ կրոնների (շումերների) և քրիստոնեական առանձին աղանդների կրոնական պաշտամունքների տարր: Հաճախ (հատկապես աղանդավորների մոտ) խոսողը խորապես համոզված է, որ նա խոսում է իրապես գոյություն ունեցող լեզվով: 3) Տարխոսությունը նշանակում է նաև ձայների և բառերի զանազան զուգորդումները, որոնք կորցրել են իմաստները, ինչպես, օրինակ, հանդիպում են հմայախոսությունների, ժողովրդական երգերի կրկներգերի, մանկական խաղերի, երգերի և այլնի մեջ: Այն հանդիպում է և գեղարվեստական գրականության մեջ. ֆուտուրիսների վաղ շրջանի ստեղծագործություններում առաջադրվել էր իբրև գեղարվեստական ստեղծագործության եղանակ, հատկապես Վելմիր Խլեբնիկովի ստեղծագործություններում: Ջազի մեջ տարածված է համանման մի եղանակ` սքեթը, որը վոկալ իմպրովիզացիոն երգեցողությունն է, երբ ձայնն օգտագործվում է երաժշտական գործիքը նմանակելու համար, իսկ երգեցողությունը զուրկ է բառային իմաստավորված ծածկույթից:
- «Լսե՛ք երգն այս աղոտ…» (ֆրանս.) — Պ. Վերլենի “Ecoutez la chanson bien douce” (բառացի` «Լսե՛ք քնքուշ երգը…») և “Art poռtique” (“Rien de plus cher que la chanson grise…” — «Աղոտ երգից թանկ բան չկա…») բանաստեղծությունների բաղարկությունն է:
- «Պետք է ցորենը շաղ տալ եթերում» — հմմտ.` Օ. Մանդելշտամի «Կրկին աններդաշնակության պատերազմները…» (1923) բանաստեղծության «Իսկ երկինքը գալիքով է հղի` հուռթի եթերի ցորենով…» տողերին: Այնուհետև ալմանախում, այդ տողից հետո, հաջորդում է «Դասական պոեզիան հեղափոխության պոեզիան է» ամփոփիչ տողը: