Արդեն քանի գիշեր է՝ մանկությունից նրան հետապնդող երազը վերադարձել է: Կարծում էր` այդ մղձավանջից միայն դառը պատկերներ են մնացել… Երեք տարի է՝ ապրում է մեգաքաղաքում, և տարին ութ ամիս սառն ու ցեխոտ եղանակով արվարձանը, որտեղ երկրաշարժից հետո մնացել էին փրփրած երախներով, կեղտը մորթուն կիսաչորացած շներ ու ածխի գույն ունեցող մարդիկ, նրա համար հակասական հիշողություններ բերող հայրենիք էր: Այս հողը արհավիրք կրող մեռյալ ճահիճ էր իր ծննդից ի վեր: Այստեղ ապրում էին մարդիկ, որոնք աղքատությունից, սովից, գործազրկությունից դարձել էին ընչաքաղց վրիժառուներ: Իր թարմ արյունը պետք է դառնար նրանց ամենակուլ էության ու դժբախտության քավության նոխազը: Նա ծնվեց այստեղ ու տիեզերքը օժտեց նրան եզակի դառնալու ուժով, տվեց աստվածայինի՝ սիրո ճանապարհը, բայց և տվեց սատանային ցույց տվող հայելին ու ասաց. «Պայքարի՛ր նրանց դեմ, և թե կարող ես՝ մի՛ դարձիր նրանցից սարսափելի»:
— Մա՜, պա՜…
Արձագանք չկա:
— Մա՜… մա՜…սենյակիս լույսը կվառե՞ս: Ուզում եմ զուգարան գնալ: Մութ է…
— Մա՞մ…ոտքերս ինչու՞ է քամին տանում… ու՞ր կորավ վերմակս:
-…
— Պա՜, ես չեմ վախենում… բայց մութ է, վառե՛ք լույսը…
-…
— Ինչպե՞ս են հողաթափերս ընկել մահճակալի տակ, ո՞վ քաշեց դրանք:
Դողում եմ… ցրտի՞ց, թե՞ վախից: Չէ՛, չէ՛, ցրտից է, … ես տղա՛ եմ, տղա՛ … ցրտից է:
Հատակին կկանգնեմ հիմա ու մինչև հասնեմ դռան մոտ, արդեն լուսանալիս կլինի: Շատ սառն է: Չեմ հասկանում՝ ոտքերս ոտքե՞րս են, թե՞ գետինը:
— Մաաա՜… պաաաա՜…
-…
Հիմա կլուսանա, բայց տանը մենակ եմ: Ինձ թողե՞լ են…Ես ուժեղ եմ, ուժեղ եմ, ես մեծ ու ուժեղ եմ:
— Ես բոլորիդ կպաշտպանեմ, մի՛ թողեք ինձ….
-…
-Մի թողեեե՜ք…
-…
— Գլուխս… գլուխս ինչու՞ է ցնցվում: Ես ուժեղ եմ, բայց ինչու՞ չի լուսանում…
— Մաա՜, պաա՜, ես ուժեղ եմ, հե՛տ եկեք…
Վազում եմ դեպի տան դուռը:
— Մաաաա՜…… Պաաաաաաա՜…..
— Հը՞… ձա՞յնս ուր է… ինչու՞ է միայն գլխումս ձայն մնացել… Բացի՛ր բերանդ ու բղավի՛ր… Չի՛ ստացվում: Հիմա նրանք ինձ չեն լսի:
— Հը՛-հը՛-հը՛-հը՛…
— Ի՞նչ ձայն է… Շնչառությունս հետևիցս է ընկել:
— Մաաա՜, պաաա՜, նայե՛ք, ե-ես մի, չ-չէ՛, երեք մեծ, չ-չէ՛, շատ մեծ քայլով կմտնեմ մութ այգին: Միևնույն է, գիտեմ, այնտեղ ոչ ոք չկա… Միայն ծառեր են:
Սիրտս էլ է ընկել հետևիցս: Լուսանում է, պիտի վազեմ, պիտի մտնեմ այգին: Շնչառությունս… սիրտս… գրո՛ղը տանի, ես տեսնում եմ ծառերը… գրո՛ղը տանի… ի՞նչ թաց բաներ են ընկնում աչքերիցս:
— Մաաա՜մ, պաաա՜պ: Lուսացա՛վ…
— Ես կմտնեի, ես չեմ վախենում, հիմա արդեն ծառերը տեսնում եմ… Մաաա՜մ…
Ձայնս կորավ էլի, ուզում եմ գոռալ:
— Աաաաաա՜: Չկա ձայն:
— Աաա՜:
— Չկա՛:
Մթնշաղի միջից մի սև կետ եմ նշմարում: Կետը մեծանում ու գալիս է դեպի գլուխս:
— Կըը՜ռ:
Վազում եմ տան հետնամասի աստիճանների ուղղությամբ, իսկ ագռավը հասցնում է կտցել գլուխս, ուսերս: Ոտքերս ամբողջովին ցեխի ու արյան մեջ են:
— Կորի՛ր, գարշելի՛, կորի՛ր, թե չէ սատկեցնլու եմ քեզ: Կորի՛ր:
Մի կերպ աստիճաններն ի վեր նետվեցի տան կիսակառույց երկրորդ հարկը: Հիմա ես իմ տիրույթում եմ: Ամբողջ մարմնով հակվել եմ դռանն ու փորձում եմ շնչառությունս վերականգնել: Այստեղ քամի չկա, բայց վախի ու տագնապի հոտ է գալիս: Գետինը չի ծակում, ընդհակառակը՝ տեղ-տեղ փափուկ է: Նայում եմ ոտքերիս՝ ցեխի ու արյան շաղախի մեջ փետուրներ են հայտնվել: Բայց ինձ վրա չեն աճել կարծես ու ոչ էլ ագռավինն են: Նուրբ, մոխրաշագանակագույն ճնճղուկի անմեղ ձագի փետուրի են նման: Վախի հոտը գալիս է: Ձայն էլ ունի: Չփչփոց է… Ես տանիքում մենակ չեմ…
— Քաջությո՛ւն հավաքիր, շրջվի՛ր… շրջվի՛ր, դու պետք է պաշտպանես նրան…Դու…
Շրջվում եմ… Ոտքերիս տակ ամբողջ հատակով մեկ մեռած ճնճղուկների խեղված մարմիններ են՝ անգլուխ, անթև: Մեջքիս հետևում սարսափն է… քարացածի պես եմ: Գլուխս նյարդային ցնցումը չի դադարեցնում: Կիսամշուշում մի ուրվագիծ եմ նշմարում՝ սևերում: Ցիլոյի, քրքրված ցնցոտիների տակ տձև արարած է, մազերը ծածկել են դեմքը ու չեմ հասկանում՝ կի՞ն է, թե՞ տղամարդ… Ջադո՛ւ է… Չանչել է ճնճղուկին ու իմ տան մեջ, իմ տան մեջ խժռում է բռի չափ արարածին: Լափում է անմեղ էակին… լափում է… անմեղ… Ես չպաշտպանեցի նրան…»:
— Չկարողացա, չպաշտպանեցի,- վեր թռավ նույն մղձավանջում անզոր պայքարից,- ես չկարողացա, չկարողացա փրկել իմ ներսի անզոր, մաքուր, անբիծ երեխային: Չկարողացա:
Հիշողությունների նման հաճախակի հարվածները վաղուց խանգարող ճոխություն էին նրա հաշմանդամ ներսույթի համար: Դրանք կարծես վտանգում էին ճեղքել նրա հաստ կոշտուկներով էգոն: Թեև գիտակցում էր, որ երազն սկսում է առկայծել, երբ իր ներսի սև խոռոչը հասնում է բաց նյարդաթելին և պահանջում է մի բան, որը վաղուց չկա: Երբ ուրիշով էր լցնում խոռոչը նյարդաթելին հասցնող երակը և երբ մեղանչում էր հարազատ էակի դեմ, շարքից դուրս եկող լամպի նման, երազը թույլ էլէկտրաշոկ էր ուղարկում մեռած բջիջներին, հավատալով, որ գուցե դեռ կիսամեռ լինեն:
Մինչև հոգու խորքը թափանցող նրա հայացքը դրախտի այցեքարտ էր թվում, իսկ իրականում տանում էր մի տեղ, որտեղից ելքը հետադարձի ճանապարհով փակ է: Իսկ հիմա նա հաշտ էր իր էությամբ սևանալուն: Պայքարեց այնքան ժամանակ, քանի դեռ ապրում էր դառնաստանում: Ազատությունն էր նրա միակ փրկությունը: Այն պոկեց ատամներով, ընկավ, կանգնեց, գլուխը հարվածեց պատերին, գոռաց, որ նրանցից մեկը չէ, ուզեց ազատվել հակընդդեմ տիրույթում ինքնակորստից, ձուլվելուց, խեղվելուց, ինչպես մյուս ճնճղուկները: Ուզեց մենակ չպայքարել, բայց լքվեց: Եվ լքվեց արյամբ հարազատներից, ովքեր պիտի կորցրած չլինեին հարազատ էությունը, բայց դավաճանեցին: Մենակ թողեցին ու ատեց նրանց: Չներեց նրանց էլ՝ ծնողներին: Փախավ՝ միշտ նրանց սիրո կարիքն ավելի շատ զգալով հանդերձ: Պայքարեց, ընդդիմացավ, բայց և հավերժ նրանց գերին դարձավ: Գտավ ազատությունը մեգաքաղաքում: Իր վիրավոր ներսույթը փայփայելիս սեփական մորթին դարձրեց ամենաթանկը կյանքում: Գիտեր, որ մեղք է ուրիշի փոխարեն որոշել կյանքի ընթացքը: Գիտեր, բայց խոռոչը հասնում էր նյարդաթելին ու մթագնում գիտակցությունը: Եվ ցավ չզգաց ուրիշի ճնճղուկին խժռելիս: Լափեց ու ասաց՝ կյանքն է դաժան: Թքա՛ծ, թե սերը կբուժեր իր վիրավոր էությունը: Արմատի ամենակուլ օրենքներն արդեն անում էին իրենց գործը մեկի ձեռքով, ով ամբողջ էությամբ ուզեց վերածնվել…
Եվ երբ այլևս ամեն ինչ ակնհայտ էր, ասաց.
— Կներե՛ս ինձ… Դո՛ւ չէիր իմ թշնամին…Պարզապես քայլելիս սիրում եմ տրորել գետնին հենց նոր ծառից ընկած չոր տերևը: Այն լավ է խրթխրթում, երբ տրորում ես: