Առակ առ անփառունակ
Աշխարհ տեսած Կաքավը թռնել գիտեր, բայց էնքան էր հողի վրա քուջուջ արել, որ կչկչան հավ էր դարձել: Հազարան Բլբուլի փառքը նրան հանգիստ չէր տալիս: Կտուրում թառած հեռուներ էր չափ-չփում ու քանի որ աչքերը շիլ էին արևմուտք-արևելք-հյուսիս-հարավ խառնում էր իրար: Թագավորն ապրած կենա, Աղվես Մեծ Ախպերը Տան ներսի աղվեսաոճ հարդարմամբ էր զբաղվում ու իրեն ձեռ էր տալիս ուշադրություն շեղող կաքավազգի հավը: Աղվես Մեծը թքեց կպցրեց պատերը, վերացրեց գիտուն Հնաբնակներին ու բանիմաց Լուսատուներին, ճաշասրահը լցրեց ամեն տեսակ շատակեր իսաններով ու Փղի համար առանձին սեղան պատրաստեց. կարգեց նրան ճաշարանի պետ, հատուկ Աղվեսատու: Հոգնել էր որձ Աղվեսը, որոշեց հանձնել գահը Բու ակնոցավորին ի պահ և ոչ ի տնօրինություն ու գնաց աշխարհ տեսնելու: Կաքավ աշխարհաստեղծը դարձավ քաղքի Կաքավ` Հազարան Բլբուլի երազը սրտում:
Բուն չէր տանում ցերեկային մենամարտերը ու զայրանում էր, անցնում խալու տակ: Գիշերները Մկան վզից բռնում էր, կծում-մծում ու քսի տալիս Փղի վրա, ամուսնական կապեր էր հյուսում Կապիկի ու Նապաստակի միջև, սրանց ժառանգներին էր աճացնում դարձնում սպասուհիներ, փողոցից անտուն քնձռ կատուների էր հավաքում շուրջը, լողացնել տալիս ու դնում երևացող պատշգամբներին, որ մլավեն փողոցի լայնքով ու երկայնքով, որ էշերի զռռոցը, շնագայլերի վնգստոցը, օձերի ֆշշոցը, մկների ծվծվոցը խլանա գովաբանական վայնասունի մեջ: Ակնոցավոր Բուն չէր ուզում հանձնել հերթափոխը. որոշեց վերակենտրոնացնել կերպարը Բո-Բուի մեջ ու քանի դեռ տերը ու տեր-տերը ինքն էր, Շնիկին կճմտելու պատգամ հղեց:
Շնիկը տնային հայվան էր: Կապած էր աշխատասենյակի դռանը ու իր տաք բունը անընդհատ նորոգում էր մտնող- դուրս եկող Էշերի, Չախկալների, Օձերի, Կարիճների, Գելերի հաշվին: Տերերը փոխվում էին. բուին հաջորդում էր աղվեսը, աղվեսին բուն: Ամեն անգամ ինքը հարմարվում էր. հների վրա գռմռում, նորերի հետ լազվում: Մեծացել էր Շնիկը, շնացել ու հանդգնում էր հաչալու փոխարեն կծել աշխարհ տեսած Կաքավին:
Մեծ Ժողով հավաքվեց, դատ ու դատաստան եղավ, ամեն տեսակ սողուն-զեղուն հավաքվեցին, բողոքեցին քաղքի Կաքավի դեմ, ասին` Շնիկի պահած ոսկորներն է կերել, չասին` շաշ է:
Էս անարդարությունը տեսան մարդիկ ու գոռացին.
— Հազարան Բլբուլ, Հազարան Բլբուլ, Հազարան Բլբուլ…
Բո-Բուն էր ուրախ, Աղվես Մեծն էր ուրախ, Փիղ Աղվեսատուն էր ուրախ, Մուկ Մկնդեղն էր ուրախ, մլավող Կատուները մլավում էին, իսկ մարդիկ գոռում էին.
— Հազարան Բլբուլ, Հազարան Բլբուլ, Հազարան Բլբուլ…
Առակս կցուցանե հավատ առ ներկա կարգը, զի սերունդներ կկրթի թատրոնը:
Առակ առ վարակ
Ազատ մարդիկ հանդգնեցին հավաքվել, նրանք մոտեցան փուչիկախեղդ ամբոխին ու գոռացին` պատռելով շքերթի նկարված անդորրը.
— Հե-ռա-ցեք… Կույր և բարբարոս կուսակցամոլություն պետք է թուլանա, որ ուժեղանանք ազգովի… ապրելու արժանի չէ, միայն իր համար ապրողը… ազգի տականքը, ահա իրական թշնամին… հե-ռա-ցեք, հե-ռա-ցեք…
Զայրացան միագույն ամբիոնավարները, ամբոխը դժգոհեց համերգի ընդհատման համար, հոխորտացին ավյունով միաբերան ու կատաղեցին ցավից պառակտման, կալմեջ արեցին մարդկանց ու տարան հեռուներ անտեսանելի:
Ամբիոն ելավ ուսյալ Կռիսը.
— Եղբայրներ, այսօր օրն է ապագայի ճաճանչափայլ, սերն է մեզ հավաքել այստեղ: Մենք միասնական ենք ու հզոր միասին, պառակտումը բերում է պարտության, իրավունք չունենք մեր միասնականությունը զոհ տանք ամեն տեսակ գրանտակեր ու այլասեր թշնամիներին: Մենք ճիշտ ուղու վրա ենք, մեր արծվանիստ հոգին մեզ պահապան, արդ առա՛ջ, դեպի նոր թռիչքներ ու կայուն զարգացում:
Օրվա ավարտին ռեստորանում խմում էին գերազանցիկ Կռիսը, ով կարմիր դիպլոմով էր ավարտել համալսարանի անպետք բաժինը, ով սիրում էր տարբերանշանը արծվափայլ ու հպարտանում իր ընդհանրությամբ կրծքանշանային, և ճարպիկ Կզաքիսը, ով կազմակերպչական ջիղ ուներ, կարողանում էր քիսան օգտագործել ժամանակին և ճիշտ տեղում, գիտեր արծվաձույլ նշանի արժեքը.
— Ուժեղինն է աշխարհը, հայրենիքը, ազատությունը և ամեն ինչ,- բաժակը բարձրացնելով ասաց Կռիսը, — խմենք մեր համար, Կզո ջան:
— Ճիշտ ես Կռլո, Շղթաների մեջ ծնվում, ապրում և մեռնու՞մ ես, դու ես մեղավոր, որովհետև թույլ ես… միշտ ուժեղ լինենք, մեր հաղթանակի համար:
Առակս կցուցանե խոնարհում, զի սերունդներ փոփոխություններ կուզեն, իսկ կյանքը կայունության մեջ կհանգչի:
Հ.Գ. Բոլոր մեջբերումները` Գ. Նժդեհ:
Առակ առ անվերջ պատարագ
Տաղավարի առաջին երկուշաբթին էր, կղեր Կատուն որոշել էր հանգիստ տալ առյուծազգիների իր գերդաստանին: Լսել էր, որ կատուները Աստծո թաշկինակ են, հպարտացել էր աստծո քթին մոտիկ գտնվելու պատվավոր կոչման համար ու վագրային թռիչքը հետաձգել այլ հարմար օրվա:
Չալպուտուրիկ Կատուն մեծ փափկամորթների փաղանգի ուղեկցությամբ այցելեց Ագռավ Աղավնատիրոջ կողմից կազմակերպված կրոնամշակութային կերուխումին, լսեց մոխրագույն փետուրներ հագած Ծտերի կատարումները, զմայլվեց ոսկեպատ բաժակների փայլով (օգնականին հրամայեց մեկ բաժին նույնից տան համար ձեռք գցել), հիացավ Ագռավ Աղավնատիրոջ ներբողով առ ամենակարողը, ում փոխանորդն է ինքը, որպես սևը ձյունաթույրերի մեջ, և ոտքի ելավ օրախորհուրդ համեստությամբ ճառելու.
— Մի շնացիր պատվիրանը իմ նախնիներն են առաջ քաշել, ինչպես հանձնարարել է պարոն Գահը: Արդ, բարեկամներ հիշենք մեր նախնյաց, ինչպես ասում է պարոն Գահը… խոնարհենք գլուխներս նրանց վսեմափայլ ու քթահաճ գոյության առաջ, ինպես կարգադրել է պարոն Գահը… զի մեր ներկան խարիսխված է գիտելիքի վրա, հոգվույս երկուշաբթին մեզ պահապան, ինչպես պատգամում է պարոն Գահը:
Եղավ ծնկադրման արարողություն և փակման ելևէջներ հնչեցին, իսկ դրսում հավաքված հոգնատանջ ու սփոփանք փնտրող ժողովուրդը մնացել էր անձրևի տակ, առանց օրավարձի, ու Մեռելոց էր:
Առակս կցուցանե լավատեսություն, զի սերունդները չար և չարի միջև չեն տեսնում բարին:
Առակ առ խայտառակ
Քյառթու Բադակտուցը կանացի ներքնազգեստ էր նախընտրում: Թաքուն, հայելու առաջ պտտվում էր կարմիր կրծկալը հագին ու ինքն իրեն աչքով անում: Նախանձով էր հետևում գիշերային Չղջիկներին ու նրանց վրա պարսատիկով կրակում էր: Բո-Բուի աջ ձեռքը առավոտները մաժող Իժ Ազատամիտը, ով հին քաշատեր էր, կեղտոտ ջրերում լավ թավալ եկած ու Կոկորդիլոսների հետ մի ավազանից խմած, ով խոր և համապարփակ կապեր ուներ Լրաբոռական շրջապատում ու տիրում էր հեռուստակոնքի ամբողջ բիզնեսին, պատճառ էր փնտրում խոտի պակասը և Կաթնասունների շրջանում կաթնատվության անկումը բացատրելու համար: Իժ ճիժը (այս դիմելաձևը վաղուց էր մոռացվել) նկատեց Բադակտուցի անսքող ատելությունը ազատ իրենց համար թռչող և անամոթաբար օրը գիշերով կարմիր կրծկալ կրող չղջիկների հանդեպ և առաջարկեց դառնալ Թռիչք Ամպագոռգոռ կազմակերպության Ուղեղլվա` քաղաքացիական նախաձեռնությամբ հանդես գալ, օրենք մշակել և ներկայացնել Հողասեր-Ջրասերների դատին:
Բադակտուցը համաձայն էր, նա կարող էր արդեն հասարակական հիմունքներով կորեկի պաշարներ կուտակել, միաժամանակ զբաղվել իր սիրած գործով. բարձրաձայնել գիշերային չղջիկների վնասակար գործունեության մասին, հայտարարել, որ նրանց թռիչքների արդյունքում Կաթնասունները անասնական և հոգեբանական ճնշման են ենթարկվում, մոռանում են սնվելու ու բազմանալու մասին, չեն կարողանում կենտրոնանալ Երազանքների վրա ու չեն վայելում Բո-Բուի բարձր հովանու ներքո գործող ու առանց նրա ավարտվող երջանիկ կյանքը:
Տարածվեց համբավը Բադակտուցի: Իժ Ազատամիտի սառնարյուն ղեկավարությամբ գործող շրջահայաց Կզաքիսները, փքած Բորենիները ու բաց Ծլվլանները բազմաթիվ, բազմաբևեռ, բազմաձև, բազմակողմանի վերլուծեցին ու լուսաբանեցին նրա սկզբունքային, հողահենք, ջրատեր ու արևածին դիրքորոշումները: Բադակտուցի ելույթները գնալով դարձան անկայուն Հորթուկների և անհաստատ Քուռակների համար ուղենիշ և ճանաչեցին նրանք իրենց թշնամուն և հասկացան թե ինչու են նվազ քաշով և թե ինչու չեն կարողանում իրացնել իրենց ներուժը, ներշնչվեցին ու հպարտացան, որ Բադակտուցյան ցեղից են` զտարյուն ու մաքուր: Ատեցին նրանք գիշերային Չղջիկներին ամբողջ հոգով ու սրտով, պարսատիկների փոխարեն ականանետներ սկսեցին կիրառել:
Իժ Ազատամիտը ցնծում էր, Բադակտուցը բավարարված էր: Նա գիշերները հագնում էր կարմիր կրծկալը, կանգնում հայելու առաջ, ինքն իրեն աչքով անում, հետո կանչում հերթական բադակտուցյան ցեղի հերթական նվիրյալ Հորթուկին ու վայելում կարմիր կրծկալի նրբերանգները: Թաքնված տեսախցիկը նկարում էր այս ամենը ու լռում Իժ Ազատամիտի պահոցներում:
Առակս կցուցանե հավատ առ առերեսը, զի պետք չէ սերունդներին ծանրաբեռնել հակասական մտքերով: