* Թարգմանությունը ռուսերենից և ծանոթագրությունները` Թոնդրակի:

Պետերբուրգյան փողոցների խոտերը` արդի քաղաքների տեղը ծածկող կուսական անտառի փախուստներն առաջին: Այդ վառ, քնքուշ կանաչը, իր արտասովոր թարմությամբ, պատկանում է նոր ոգեշունչ բնությանը: Հիրավի Պետերբուրգը աշխարհի ամենառաջատար քաղաքն է: Ո՛չ մետրոպոլիտենով, ո՛չ երկնաքերներով չի չափվում արագությունը` փախուստն արդիության, այլ զվարթ խոտով, որը վերընձյուղվում է քաղաքային քարերի տակից:
Մեր արյունը, մեր երաժշտությունը, մեր պետականությունը` այդ ամենը կգտնեն իրենց շարունակությունը նոր բնության` Փսիքեա-բնության քնքուշ համակեցության մեջ: Ոգու այդ անմարդ թագավորության մեջ յուրաքանչյուր ծառ կլինի անտառային հավերժահարս և յուրաքանչյուր երևույթ խոսելու է իր փոխակերպության մասին:
Կանգնեցնե՞լ: Ինչո՞ւ: Ո՞վ կկանգնեցնի արեգակը, երբ այն ճնճղուկի կառասարքով հայրենի տուն է սլանում` բռնկուն մոլուցքով վերադարձի: Ավելի լավ չէ արդյո՞ք նրան ներբողանքով ողողել, քան թե ողորմություն աղերսել նրանից:
Բայց ոչինչ էլ նա չէր հասկանում
Ե՛վ թույլ, և՛ երկչոտ էր ինչպես մանուկ,
Օտար մարդիկ նրա համար ցանցով
Որսում էին գազաներ ու ձուկ … [1] Շնորհակալություն ձեզ «օտար մարդիկ»` հին աշխարհի նկատմամբ սրտառուչ հոգատարության, քնքուշ խնամակալության համար, որն արդեն «այս աշխարհից չէ», որն ամբողջովին հեռացել է սպասման և գալիք կերպափոխությանը պատրաստվելու մեջ.
Cum subit illius tristissima noctis imago,
Quae mihi supremum tempus in urbe fuit,
Cum repeto noctem, qua tot mihi cara reliquit,
Labitur ex oculis nunc quoque gutta meis [2]:

* * *
Այո, հին աշխարհն «այս աշխարհից չէ», սակայն այն կենդանի է ավելի քան երբևէ: Մշակույթը դարձել է ռազմական ճամբար [3]. մենք ոչ թե սնունդ, այլ հացկերույթ, ոչ թե սենյակ, այլ խուց, ոչ թե հագուստ, այլ հանդերձանք ունենք: Վերջապես մենք ձեռք ենք բերել ներքին ազատություն, իսկական ներքին զվարթնություն: Կավե սափորներից ջուրը խմում ենք հանց գինի, և արեգակին ավելի հաճելի է վանական ճաշասենյակում, քան ռեստորաններում: Խնձորներ, հաց, կարտոֆիլ` այժմ հագեցնում են ոչ միայն ֆիզիկական, այլև հոգևոր սովը: Ժամանակակիցը չգիտի միայն ֆիզիկական սովը, միայն հոգևոր սնունդը: Նրա համար և՛ բառն է մարմին, և՛ հասարակ հացը` զվարթնություն ու խորհուրդ:

* * *
Բոլոր մյուս տարբերություններն ու հակասությունները գունաթափվում են այժմ բառերի բարեկամների և թշնամիների տարբաժանված մարդկանց առջև: Հանց ոչխարների և այծերի: Ես զգում եմ բառերի թշնամիներից եկող գրեթե ֆիզիկապես անմաքուր այծային ոգին: Այստեղ միանգամայն տեղին է ամենայն լուրջ տարաձայնության դեպքում ի հայտ եկող փաստարկը. իմ հակառակորդը գարշահոտում է:
Պետականության աշխարհիկացման գործընթացը չբավարարվեց պետությունից եկեղեցու տարանջատմամբ, ինչպես դա հասկանում էր ֆրանսիական հեղափոխությունը: Սոցիալական շրջաբեկումը առավել խորը աշխարհիկացման հանգեցրեց:
Նկատվում է նոր փոխհարաբերությունների օրգանական տեսակ, որը պետությունը փոխշաղկապում է մշակույթին այնպես, ինչպես կալվածատեր իշխանները կապված էին վանքերին: Իշխանները վանքերին պահում էին խորհրդի համար: Դրանով ամեն ինչ ասված է: Մշակութային արժեքների նկատմամբ պետության արտարկվածությունը (внеположность) նրան լիովին կախվածության մեջ է դնում մշակույթից: Մշակութային արժեքները զարդարում են պետությունը, նրան երանգներ, ձև, եթե ուզում եք, անգամ սեռ են հաղորդում: Պետական կառույցների, դամբարանների, դարպասների վրա արված գրառումները ապահովագրում են պետությանը ժամանակի կործանումից:
Պոեզիան գութան է, որը ժամանակն այնպես է փխրում, որ ժամանակի խորքային շերտերը, նրա սևահողը, հայտնվում են վերևում: Բայց լինում են այնպիսի ժամանակներ, երբ մարդկությունը, չբավարարվելով ներկայով, թախծելով` ինչպես մաճկալ, տենչում է խոպան ժամանակներ: Հեղափոխությունն արվեստի մեջ անխուսափելիորեն հանգեցնելու է կլասիցիզմին: Ոչ թե, որ Դավիթը հավաքեց Ռոբեսփիերի հունձքը, այլ որովհետև այդպես է ուզում հողը:
Հաճախ կարելի է լսել. դա լավ է, բայց դա երեկ էր:. Ես ասում եմ. երեկվա օրը դեռ չի ծնվել: Այն դեռ չի եղել ստույգիվ: Ես կրկին ձգտում եմ Օվիդիուսին, Պուշկինին, Կատուլլուսին, և ինձ չի բավարարում պատմական Օվիդիուսը, Պուշկինը, Կատուլլուսը:
Զարմանալի է, ըստ էության, որ ամեն ինչ պոետներին է վերագրվում և ոչ մի կերպ նրանցից չեն պոկվում: Թվում է` կարդացիր և վերջ: Հաղթահարեցիր, ինչպես այժմ են ասում: Ուրիշ ոչինչ: Կատուլլուսի արծաթյա փողը [4].
Ad claras Asiae volemus urbes [5] տանջում և անհանգստացնում է ուժգին, քան ցանկացած ֆուտուրիստական առեղծված: Դա ռուսերենով չկա: Բայց չէ որ դա պետք է լինի ռուսերենով: Ես վերցրեցի լատինական բանաստեղծությունները, որովհետև ռուս ընթերցողների կողմից դրանք ակնհայտորեն ընկալվում են իբրև հարկադրության կատեգորիա. հրամայականը նրանցում համոզիչ է հնչում: Բայց դա ամենայն պոեզիայի էությունն է, որքանով այն դասական է: Այն ընդունվում է ինչպես պետք է լինի, այլ ոչ թե, որը արդեն եղել է:
Այսու` դեռ չի եղել և ոչ մի պոետ: Մենք ազատ ենք հիշողությունների բեռից: Բայց դրա փոխարեն որքան ուրախալի նախազգացումներ. Պուշկին, Օվիդիուս, Հոմերոս: Երբ սիրեկանը լռության մեջ խճճվում է քնքուշ անունների մեջ և հանկարծ հիշում, որ դա արդեն եղել է. և՛ բառերը, և՛ վարսերը, և՛ աքաղաղը, որը կանչում էր պատուհանի տակ, աղաղակել է արդեն Օվիդիուսի եռատողերում, կրկնության խորագույն ուրախությունը պարառում է նրան, գլխապտույտ ուրախությունը`
Հանց մութ ջուր, ես խմում եմ երկինքը պղտոր,
Ժամանակը հերկված է գութանով և վարդը հող է եղել [6]:
Այդպես և պոետը չի վախենում կրկնությունից և հեշտությամբ հարբում է դասական գինուց:
Այն, ինչ ստույգ է մի պոետի վերաբերյալ, ստույգ է և մյուս բոլորի համար: Հարկ չկա ստեղծել ինչ-որ դպրոցներ: Հարկ չկա հնարել սեփական պոետիկա [7]:

* * *
Բառերի կյանքում սկսվել է հերոսական դարաշրջանը: Բառը մարմին է և հաց: Այն կիսում է հացի և մարմնի ճակատագիրը` տառապանքը: Մարդիկ քաղցած են: Ավելի քաղցած է պետությունը: Բայց ինչ-որ ավելի քաղցածն էլ կա` ժամանակը: Ժամանակն ուզում է խժռել պետությանը: Հանց շեփորականչ է հնչում սպառնալիքը [8]` խզմզված Դերժավինի կողմից քարե տախտակին: Ո՞վ կբարձրացնի բառը և ի ցույց կտա ժամանակին: Չկա ոչին ավելի սոված, քան լեոնտևյան բյուզանդական պետությունը [9]. այն սոված մարդուց էլ սարսափելի է: Կարեկցանքն առ մշակույթը, մերժող բառը. արդի պոետի հասարակական ուղին և սխրագործությունը:
Նա, ով սիրտ ունի, ժամանակն է, պետք է լսի,
Թե ինչպես է նավը քո մայրամուտ սահում… [10] Մի պահանջեք պոեզիայից հատկապես իրայնություն /вещности/, կոնկրետություն, նյութականություն: Դա նույն այդ հեղափոխական քաղցն է: Թովմասի կասկածանքը: Ի՞նչ կարիք կա մատներով շոշափել: Իսկ գլխավորը` ինչո՞ւ բառը նույնացնել իրին, առարկային, որը նա նշանակում է:
Մի՞թե իրը բառի տիրակալն է [11]: Բառը Փսիքեան է: Կենդանի բառը չի նշանակում իրը, այլ ազատորեն ընտրում է, կարծես ապաստանելու համար, այս կամ այն առարկայական նշանակությունը, իրայնությունը, թանկագին մարմինը: Եվ իրի շուրջ բառը թափառում է ազատորեն, ինչպես հոգին` լքված, բայց անմոռանալի մամնի:
Այն, ինչ ասված է իրայնության մասին, քիչ այլ է հնչում պատկերավորության դեպքում.
Prends l՛ռloquence et tords-lui son cou! [12] Գրի՛ր ոչպատկերավոր բանաստեղծություններ, եթե կարող ես, եթե ի վիճակի ես: Կույրը կճանաչի թանկագին դեմքը` տեսունակ մատներով հազիվ դիպչելով նրան, և ուրախության` ճանաչման իսկական ուրախության արցունքները դուրս կհորդեն երկար բաժանումից հետո: Բանաստեղծույթունը կենդանի է ներքնապես, ծեփակերտված այն հնչմամբ, որն ազդարարում է գրված բանաստեղծությունը: Ոչ մի բառ չկա, բայց բանաստեղծությունն արդեն հնչում է: Այդ ներքին կերպն է հնչում, այդ բանաստեղծի ունկն է նրան շոշափում:
Եվ քաղցր է մեզ համար սոսկ ակնթարթը ճանաչման [13]:
Այժմ ընթանում է հանց տարխոսության (глоссолалии) [14] երևույթը: Սրբազան մոլեգնության մեջ պոետները խոսում են բոլոր ժամանակների, բոլոր մշակույթների լեզվով: Անհնարին ոչինչ չկա: Ինչպես մեռնողի սենյակն է բաց բոլորի համար, այդպես և հին աշխարհի դուռն է կրնկի վրա լայնորեն բացված ամբոխի առջև: Հանկարծ ամեն ինչ ընդհանուր սեփականություն դարձավ: Գնացեք և պահպանեք: Ամեն ինչ մատչելի է. բոլոր բավիղները, բոլոր գաղտնարանները, բոլոր անձեռնմխելի մուտքերը: Բառը դարձել է ոչ թե յոթփողանի, այլ հազարփողանի տավիղ, վերակենդանանալով միանգամից բոլոր դարերի շնչառությամբ: Տարխոսության մեջ ամենաապշեցուցիչը, որ խոսողը չգիտի լեզուն, որով խոսում է: Նա խոսում է բացարձակապես անհայտ լեզվով: Եվ բոլորին, և իրեն թվում է, թե նա խոսում է հունարեն կամ քաղդեերեն: Խորագիտությանն (эрудиции) ինչ-որ բոլորովին հակառակը: Արդի բանաստեղծությունն իր ողջ բարդությամբ և ներքին հափշտակվածությամբ (исхищренности), միամիտ է.
Ecoutez la chanson grise… [15] Ժամանակակից համադրական պոետն ինձ համար ոչ թե Վերհարնն է, այլ մշակույթի ինչ-որ Վերլեն: Նրա համար հին աշխարհի ողջ դժվարությունը նույն պուշկինյան տավիղն է: Նրանում երգում են գաղափարները, գիտական համակարգերը, պետական տեսությունները, ճիշտ այնպես, ինչպես իր նախորդների դեպքում երգում էին սոխակներն ու վարդերը: Ո՞վ է ասում, որ հեղափոխության պատճառը միջմոլորակային տարածություններում սովի պատճառն է: Պետք է ցորենը շաղ տալ եթերում [16]:
1921

ԾԱ­ՆՈ­ԹԱԳ­ՐՈՒԹ­ՅՈՒՆ­ՆԵՐ

ԲԱՌ ԵՎ ՄՇԱ­ԿՈՒՅԹԱ­ռա­ջին ան­գամ հրա­տա­րակ­վել է «Драконե (Альм, стихов. Изд. Цеха поэтов. Пб., 1921, вып. 1 (май), с. 73 — 78) ալ­մա­նա­խում: Իսկ ա­պա վե­րահ­րա­տա­րակ­վել է «Искусствоե (Батум, 1921, 20 июня /сообщ. А. Е. Парнисом/) թեր­թում և «Цех поэто­вե  (Берлин, 1922, кн. 1, с. 81 — 89) ալ­մա­նա­խում: Թարգ­մա­նութ­յու­նը կա­տա­րել ենք Օ. Ման­դելշ­տա­մի հա­մա­նուն ժո­ղո­վա­ծո­ւից (Мандельштам О. Э., Слово и культура: Статьи. — М.: Советский писатель, 1987, сс. 39-43): Ծա­նո­թագ­րութ­յուն­նե­րը կազ­մե­լիս ևս­ օգտ­վել ենք վե­րո­հիշ­յալ հրա­տա­րա­կութ­յան ծա­նո­թագ­րութ­յուն­նե­րից:

  1. «Բայց ո­չինչ էլ նա չէր հաս­կա­նում» — ­հատ­ված Ա. Ս. Պուշ­կի­նի «Գնչու­ներ» պոե­մից (ծեր գնչո­ւի պատ­մութ­յու­նը Օ­վի­դիու­սի մա­սին):
  2. «Երբ մո­տե­նում է տխրա­գույն պատ­կերն այն [մութ] գի­շե­րի,

Այն, որ ու­նե­ցա ի ժամս վեր­ջին ես [մեծ] Քա­ղա­քում,

Երբ վեր­հի­շում եմ այն գի­շե­րը, որ թո­ղել է ինձ թանկ ա­մեն-ա­մեն բան,-

Հի­մա էլ ան­գամ աչ­քերս ի վար ար­ցունք է հո­սում»

(թարգմ. լատ.` Ալ­բերտ Ստե­փան­յա­նի)

(լատ. Պուբ­լիուս Օ­վի­դիուս Նա­զոն, Հե­ծե­ծանք­ներ, գիրք 1, է­լե­գիա 3, տո­ղեր 1 — 4): Թարգ­մա­նութ­յան հա­մար իմ խո­րին շնոր­հա­կա­լութ­յունն եմ հայտ­նում պրոֆ. Ալ­բերտ Ստե­փան­յա­նին, որ հանձն ա­ռավ հատ­վա­ծի բնագ­րա­յին թարգ­մա­նութ­յու­նը:

  1. «Մշա­կույ­թը դար­ձել է ռազ­մա­կան ճամ­բար…» —­ Ալ­մա­նա­խի մեջ` «Մշա­կույ­թը ե­կե­ղե­ցի է դար­ձել: Տե­ղի է ու­նե­ցել ե­կե­ղե­ցի-մշա­կույ­թի ա­ռանձ­նա­ցու­մը պե­տութ­յու­նից: Բարձ­րաշ­խար­հիկ կյանքն այլևս ­մեզ չի վե­րա­բե­րում…»:
  2. «Կա­տուլ­լու­սի ար­ծա­թե փո­ղը…» — հմմտ. Օ. Ման­դելշ­տա­մի «Հա­յաս­տան» շար­քի (1930) բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րից վե­ցե­րոր­դի հետ` «Հա­վիտ­յան դե­պի Ա­սիա­յի ար­ծաթ­յա շե­փոր­նե­րը թռչող…», տե՛ս­ Օ­սիպ Ման­դելշ­տամ, Մե­գա­նոմ /Ռուս. թարգմ.` Հ. Բեյ­լեր­յա­նը/, Ե., Ա­պո­լոն հրա­տա­րակ­չութ­յուն, 1992, էջ 54:
  3. Բա­ռա­ցի` «Մենք ձգտում ենք Ա­սիա­յի հայտ­նի քա­ղաք­նե­րին» (լատ.., Կա­տուլ­լուս, XLVI: 6)
  4. «Հանց մութ ջու­րը, ես խմում եմ պղտոր եր­կին­քը» — ­հատ­ված Օ. Ման­դելշ­տա­մի «Քույ­րեր` ծան­րութ­յուն և քնքշանք, ձեր նշան­նե­րը միա­տե­սակ են» բա­նաս­տեղ­ծութ­յու­նից (1920):
  5. «Հարկ չկա հնա­րել սե­փա­կան պոե­տի­կա» — Այ­դու­հետ ալ­մա­նա­խում հա­ջոր­դում է ա­ռան­ձին են­թագ­լուխ. «[Խոս­քի, շարժ­ման և ձ­ևի նկատ­մամբ կի­րառ­վող վեր­լու­ծա­կան մե­թո­դը լիո­վին օ­րի­նա­չափ և հմուտ վար­ժաձև է] Վեր­ջին ժա­մա­նակ­ներս ա­վե­րում­ներն ար­վում էին ար­վես­տի զուտ ձ­ևա­կան նա­խադր­յալ­նե­րով: Ան­կու­մը, փտու­մը, նե­խու­մը այդ ա­մե­նը դեռ dռcadense է: Բայց դե­կա­դենտ­նե­րը քրիս­տոն­յա նկա­րիչ­ներ էին, ի­րենց տե­սա­կով` վեր­ջին քրիս­տո­նեա­կան տա­ռապ­յալ­նե­րը: Փտու­մի ե­րաժշ­տութ­յու­նը նրանց հա­մար հա­րութ­յան ե­րաժ­տութ­յուն էր: Բոդ­լե­րի Charogne*-ը քրիս­տո­նեա­կան վհա­տութ­յան բարձր օ­րի­նակ է: Բո­լո­րո­վին այլ է ձ­ևի գի­տակ­ցա­բար ոչն­չա­ցու­մը: Ցավ չու­նե­ցող սուպ­րե­մա­տիզմ: Երևույթ­նե­րի դեմ­քի ժխտում: Հաշ­վարկ­ված ինք­նաս­պա­նութ­յուն,  հա­նուն հե­տաքրք­րութ­յան: Կա­րե­լի է ընտ­րել, կա­րե­լի է և դա­սա­վո­րել. կար­ծես թե փոր­ձարկ­վում է ձ­ևը, իսկ ի­րա­կա­նում նե­խում և փտում է հո­գին (ընդս­մին` հի­շա­տա­կե­լով Բոդ­լե­րին, ես ցան­կա­ցա հի­շեց­նել նրա նշա­նա­կութ­յու­նը իբրև ճգնա­վո­րի` martyre** բա­ռի քրիս­տո­նեա­կան բա­ցար­ձակ ի­մաս­տով»: *Լեշ (ֆրանս.)- խոս­քը Շ. Բոդ­լե­րի «Լե­շը» (1843) բա­նաս­տեղ­ծութ­յան մա­սին է: **Մար­տի­րոս, նա­հա­տակ (ֆրանս.) – ­տե՛ս Շ. Բոդ­լե­րի «Մար­տի­րո­սու­հին» (1843) բա­նաս­տեղ­ծութ­յու­նը: Տե՛ս ­Շառլ Բոդ­լեր, Չա­րի ծա­ղիկ­ներ: [Բա­նաս­տեղծ., պեոմ­ներ] /Ֆրանս. թարգմ., ա­ռա­ջա­բա­նը և ծա­նո­թագր.` Հ. Բախ­չին­յա­նի/, Ե., Երևա­նի հա­մալ­սա­րա­նի հրա­տա­րակ­չութ­յուն, 1990, էջ 40 և  120:
  6. «Հանց շե­փո­րա­կանչ է հնչում սպառ­նա­լի­քը` խզմզված Դեր­ժա­վի­նի կող­մից քա­րե տախ­տա­կին» – Ն­կա­տի ու­նի Գ. Ռ. Դեր­ժա­վի­նի «Նեխ­վա­ծութ­յան մա­սին» (1816) ա­նա­վարտ բա­նաս­տեղ­ծութ­յու­նը: Այդ բա­նաս­տեղ­ծութ­յան ինք­նա­գի­րը` գրված քա­րե տախ­տա­կին, պահ­պան­վում է Ռու­սա­կան գրա­կա­նութ­յան ինս­տի­տու­տում (Պուշ­կին­յան տուն):
  7. Կոնս­տան­տին Լեոնտև (Константин Николаевич Леонтьев, 1831-1891) – ­ռուս դի­վա­նա­գետ, կրո­նա­կան մտա­ծող, փի­լի­սո­փա, գրող, գրա­կան քննա­դատ, հրա­պա­րա­կա­խոս, ուշ շրջա­նում հա­րել է սլա­վո­նա­ֆիլ­նե­րին: Լեոնտևյան ակ­նար­կում­նե­րը առ­կա են Օ. Ման­դելշ­տա­մի «Բառ և մշա­կույթ» (1921), «Բա­ռի բնույ­թի մա­սին» (1922), «Ժա­մա­նա­կի աղ­մու­կը» (1925), «Ե­գիպ­տա­կան դրոշ­մա­նիշ» (1928) ծրագ­րա­յին ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րում: Իսկ ընդ­հա­նուր առ­մամբ` Օ. Ման­դելշ­տա­մի ստեղ­ծա­գոր­ծութ­յան ար­մա­տա­կան հա­մա­կար­գում ծա­ծուկ առ­կա է լեոնտևյան շեր­տը:
  8. «Նա, ով սիրտ ու­նի, պետք է լսի, ժա­մա­նակն է…» —­ Օ. Ման­դելշ­տա­մի «Փա­ռա­բա­նենք, եղ­բայր­ներ, ա­զա­տութ­յան մթնշաղ­նե­րը…» (1918) բա­նաս­տեղ­ծութ­յու­նից:
  9. «Մի՞­թե ի­րը բա­ռի տի­րա­կալն է» — հմմտ.` «Բա­ռը` ստեղծ­ված մի ի­րից մյու­սը գնա­լու հա­մար, ըստ էութ­յան իս­կա­պես են­թա­կա է տե­ղա­փոխ­ման և ա­զատ է: Ու­րեմն` այն կա­րող է անց­նել ոչ միայն մի ըն­կալ­վող ի­րից մի այլ ըն­կալ­վող ի­րի, այլև ըն­կալ­վող ի­րից այդ ի­րի մա­սին հի­շո­ղութ­յա­նը..»: (Ա. Բերգ­սոն, Մե­տա­ֆի­զի­կա­յի նե­րա­ծութ­յուն, Ստեղ­ծա­րար է­վոլ­յու­ցիա /Ֆրանս. թարգմ.` Ա. Մու­րադ­յան/, Ե., Սար­գիս Խա­չենց հրա­տա­րակ­չութ­յուն, 2003, էջ 215):
  10. Բա­ռա­ցիո­րեն` «Հե­ռաց­րո՛ւ ­պեր­ճա­խո­սութ­յու­նը և պա­րա­նո­ցը նրա ո­լո­րի՛ր» (ֆրանս.., Պոլ Վեռ­լե­նի «Art poռtique» բա­նաս­տեղ­ծութ­յու­նից):
  11. «Եվ քաղցր է մեզ հա­մար սոսկ ակն­թար­թը ճա­նաչ­ման» —­ Օ. Ման­դելշ­տա­մի “Tristia” (1918) բա­նաս­տեղ­ծութ­յու­նից:
  12. Տար­խո­սութ­յան (глоссолалия) — հին հուն. γλῶσσα  (glossa) «լե­զու» և λᾰλέω (lalia)  «դա­տար­կա­խո­սութ­յուն, թո­թո­վանք, բլբլոց»): 1)  երևույթ, երբ խո­սո­ղը ար­տա­բե­րում է ա­նի­մաստ խոս­քեր և բա­ռա­կա­պակ­ցութ­յուն­ներ, ո­րոնք սո­վո­րա­բար պահ­պա­նում են խոս­քի լոկ ինչ-ինչ նշան­նե­րը (թափն ու ռիթ­մը, վան­կե­րի կա­ռույ­ցը, տար­բեր ձայ­նե­րի հան­դի­պող հա­րա­բե­րա­կան հա­ճա­խա­կա­նութ­յու­նը): Հան­դի­պում է հո­գե­կան հի­վանդ­նե­րի մոտ: 2) Հնա­գույն ո­րոշ կրոն­նե­րի (շու­մեր­նե­րի) և քրիս­տո­նեա­կան ա­ռան­ձին ա­ղանդ­նե­րի  կրո­նա­կան պաշ­տա­մունք­նե­րի տարր: Հա­ճախ (հատ­կա­պես ա­ղան­դա­վոր­նե­րի մոտ) խո­սո­ղը խո­րա­պես հա­մոզ­ված է, որ նա խո­սում է ի­րա­պես գո­յութ­յուն ու­նե­ցող լեզ­վով: 3) Տար­խո­սութ­յու­նը նշա­նա­կում է նաև ձայ­նե­րի և բա­ռե­րի զա­նա­զան զու­գոր­դում­նե­րը, ո­րոնք կորց­րել են ի­մաստ­նե­րը, ինչ­պես, օ­րի­նակ, հան­դի­պում են հմա­յա­խո­սութ­յուն­նե­րի, ժո­ղովր­դա­կան եր­գե­րի կրկներ­գե­րի, ման­կա­կան խա­ղե­րի, եր­գե­րի և այլ­նի մեջ: Այն հան­դի­պում է և գե­ղար­վես­տա­կան գրա­կա­նութ­յան մեջ. ֆու­տու­րիս­նե­րի վաղ շրջա­նի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րում ա­ռա­ջադր­վել էր իբրև գե­ղար­վես­տա­կան ստեղ­ծա­գոր­ծութ­յան ե­ղա­նակ, հատ­կա­պես Վել­միր Խլեբ­նի­կո­վի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րում: Ջա­զի մեջ տա­րած­ված է հա­ման­ման մի ե­ղա­նակ` սքե­թը, ո­րը վո­կալ իմպ­րո­վի­զա­ցիոն եր­գե­ցո­ղութ­յունն է, երբ ձայնն օգ­տա­գործ­վում է ե­րաժշ­տա­կան գոր­ծի­քը նմա­նա­կե­լու հա­մար, իսկ եր­գե­ցո­ղութ­յու­նը զուրկ է բա­ռա­յին ի­մաս­տա­վոր­ված ծած­կույ­թից:
  13. «Լսե՛ք երգն այս ա­ղոտ…» (ֆրանս.) — Պ. Վեր­լե­նի “Ecoutez la chanson bien douce” (բա­ռա­ցի` «Լսե՛ք քն­քուշ եր­գը») և “Art poռtique” (“Rien de plus cher que la chanson grise…” — «Ա­ղոտ եր­գից թանկ բան չկա») բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րի բա­ղար­կութ­յունն է:
  14. «Պետք է ցո­րե­նը շաղ տալ ե­թե­րում» — հմմտ.` Օ. Ման­դելշ­տա­մի «Կրկին ան­ներ­դաշ­նա­կութ­յան պա­տե­րազմ­նե­րը…» (1923) բա­նաս­տեղ­ծութ­յան «Իսկ եր­կին­քը գա­լի­քով է հղի` հուռ­թի ե­թե­րի ցո­րե­նով…» տո­ղե­րին: Այ­նու­հետև ալ­մա­նա­խում, այդ տո­ղից հե­տո, հա­ջոր­դում է «Դա­սա­կան պոե­զիան հե­ղա­փո­խութ­յան պոե­զիան է» ամ­փո­փիչ տո­ղը:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն