Դժվար է ասել` տասը տարին տարեկան առավելագույնը չորս համար պարբերականությամբ լույս տեսնող թերթի համար կարճ, թե երկար ժամանակ է, սակայն հաշվի առնելով մեր արդի գրական ընթացքի տարաբնույթ խնդիրները, գրողի, գրականագետի նկատմամբ հասարակական հետաքրքրությունների մակարդակը և այն համեմատելով «Գրեթերթի» գրականագիտական հունձքի հետ՝ կարող ենք ասել, որ եթե ոչ երկար, ապա արգասաբեր տարիներ էին: Դրանք նշանավորվեցին նոր դեմքերի հայտնությամբ, գրական ընթացքի համար նշանակալի բազմաթիվ անդրադարձներով և գրականության պատմության համար կարևոր ընդհանրացումներով:
Օգտվելով տարեկան տեսությունների ստեղծման ավանդական սկզբունքներից, նաև առաջնորդվելով նյութի փաստացի որակի մասին մեր պատկերացումներով՝ նպատակահարմար գտանք քննությունն իրականացնել ու գրեթերթյան գրականագիտական խնդրառություն ունեցող նյութերը դասակարգել ըստ հեղինակների ու նրանց մասնագիտական բարեշրջության ընթացքի, վերջինիս հետ կապված ժանրի և ըստ գրական ընթացքի վավերագրությանն ու համակարգմանը միտված ընդհանրացնող ակնարկների:
Ա. Դեմքեր ու մասնագիտական ընթացք
Գրեթերթյան գրականագետների առաջին ու երկրորդ, մասամբ արդեն նաև երրորդ սերնդի համար «Գրեթերթը» դարձավ մասնագիտական կայացման կարևոր հարթակ ու օղակ: Մասնավորապես, գրականագետների գերակշիռ մասը Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի վերջին տասը տարիների ուսանողներ, ասպիրանտներ, ապա նաև դասախոսներ են: Առաջին սերունդը, եթե կարելի է այդպես ասել, Արքմենիկ Նիկողոսյան, Արմեն Ավանեսյան, Հայկ Համբարձումյան, Վահրամ Դանիելյան «փորձառու» քառյակն էր, որը գրական մամուլում տարբեր հրապարակումներում նաև «խիզախ», ավագների կողմից երբեմն «ջրիկ» ու «թիթիզ» բնութագրված, տարեկան տեսություն-«հիթ շքերթներով» ու հոդվածներով երևում էր նաև մինչև «Գրեթերթը», հետո իր գործունեությունը փոխադրեց «Գրեթերթ» ու, ցավոք, այստեղ էլ կազմալուծվեց: Հատկապես Ա. Ավանեսյանի ու Վ. Դանիելյանի համար, որոնք նեղ մասնագիտական առումով զբաղվում էին (են) արդի գրականության ուսումնասիրությամբ, «Գրեթերթում» երևումները զուգահեռվեցին թեկնածուական ատենախոսությունների ստեղծմանն ու պաշտպանությանը, մասնակի փորձաքննություն անցան հենց գրեթերթյան գրական շրջանակում:
Այս առումով մասնավորապես հիշատակության արժանի են Վ. Դանիելյանի «Վեպը երազ է, որի համար ամաչում ես Տոլստոյից» տպավորվող վերնագրով տեսական ակնարկը, Ա. Ավանեսյանի «Քրիստոնեական թեմաներն ու արձագանքները արդի հայ դրամատուրգիայում» հոդվածը: Նույն կերպ թեկնածուական ատենախոսության խնդրառության` հետանկախության շրջանի հայ պոեզիայի հետ են կապված Հասմիկ Հակոբյանի երևումները` «Ջրհեղեղ` ժամանակային անանցանելիություն» (2010, թիվ 4) հոդվածը, «Թղթի ու թանաքի երկիրը» ակնարկը` Հուսիկ Արայի պոեզիայի մասին:
Արքմենիկ Նիկողոսյանի պարագայում պետք է շնորհակալաբար արձանագրել այն մեծ ներդրումը, որ գրականագետն ունեցել է և ունի «Գրեթերթի» հիմնադրման ու ընթացքի, ինչպես նաև քննադատների ու գրողների մի ամբողջ սերնդի կայացման, նրանց ստեղծագործությունների հանրայնացման, վերջին շրջանում նաև հրատարկության գործում: Զուտ հոդվածների առումով նշանակալի են Ա. Նիկողոսյանի «Խոսքի տարածություն, որ չի վերջակետվում» խորհրդավոր վերնագրով գրախոսությունը` Գևորգ Թումանյանի «Ճախրող սարդ» ժողովածուի մասին: Ընդ որում, հոդվածի վերնագրի առաջին մասը արդեն 2016-ին դարձավ Արքմենիկի հոդվածների ժողովածուի վերնագիրը: Առավել չափով կարևոր են գրական դաշտի համակարգմանն ու տեսական իմաստավորմանը միտված այլ հոդվածներ` «Արդի հայ արձակը քննադատության գնահատմամբ», «Մրցանակաբաշխություններ, մրցանակներ, մրցանակակիրներ», խոհագրական խնդրառությամբ ու գրական դաշտի խնդիրների մասին բարձրաձայնող «Ափսոս գրաքննադատությունը» ողբը. «…որովհետև Ֆեյսբուքն ու մյուս սոցիալական տարածությունները, «քոմենթելու» սանձարձակությունը կսպանի գրաքննադատությունը, եթե արդեն իսկ չի սպանել: Քննադատի մեծ դիալոգն այդպես էլ չի կայանում ու այսուհետ երևի չի էլ կայանա: Որովհետև ի՞նչ էր գրողի ուզածը. էն գովեստի խոսքը, որ հնչեցնում ես իր մասին բանավոր, անպայման գրավոր հնչեցնես, որ նախ՝ ասածիցդ ետ չկանգնես հանկարծ, և ապա՝ որ այդ մասին աշխարհն իմանա: Ֆեյսբուքում ու այլուր քոմենթները եկել են փոխարինելու այդ ամենին: Գրավոր, փաստացի խոսք է՝ աշխարհն է տեսնում»,- խտացնելով գույները` հուսահատությամբ արձանագրում է գրականագետը (2012, թիվ 4): Այդուհանդերձ, նույնիսկ այս ծանր ու հոռետեսական հոդվածից հետո «Գրեթերթում» շարունակվեցին քննադատական հոդվածներ հրատարակվել:
Ավելի երիտասարդների պարագայում «Գրեթերթ» մուտքը սկսվել է համալսարանական հատուկ դասընթացի շրջանակում գրված ռեֆերատով, որը վերածվել է հոդվածի, ապա շարունակվել ավարտական ու մագիստրոսական աշխատանքներով, որով էլ գծագրվել է գրականագիտական հետագա մասնագիտական-թեմատիկ կողմնորոշումը: Այս ընթացքն են անցել Գոհարիկ Աքելյանը, Անի Հովնանը, մասամբ՝ Աննա Միկոյանը, Թագուհի Ղազարյանը:
Հատկապես պետք է առանձնացնել երկու առավել ակտիվ քննադատների` Գոհարիկ Աքելյանի և Անի Հովնանի մի շարք հոդվածներ, առավելապես գրախոսություններ, որտեղ հեղինակներին հաջողվել է ժանրի և նյութի ընձեռած հնարավորություններով ներկայացնել ու արժևորել ժամանակակից երիտասարդ գրողների` Կ. Անտաշյանի, Թոնդրակի, Ս. Օհանյանի, Ա. Օհանյանի, Ա. Դավթյանի, Վ. Արսենի, Է. Հարենցի և այլոց ժողովածուները:
Ժամանակը ցույց տվեց, որ «Գրեթերթում» պատահական մարդիկ գրեթե չեն հայտնվում կամ գրեթերթյան միջավայրը համապատասխան նախադրյալներ է ստեղծում գրականագետների հետագա մասնագիտական կողմնորոշման համար: Նաև այս գրախոսականների փորձառությամբ ներշնչված վերոհիշյալ քննադատներն արդեն ասպիրանտներ են և առաջիկա տարիներին իրենց գիտական աշխատանքին զուգահեռ գրական մամուլում հանդես կգան նոր հոդվածներով:
Բ. Տարիքն ու ժանրը
Ընդհանրապես «Գրեթերթի» ամենակարևոր ձեռքբերումն, ըստ իս, սերնդային, մասամբ էլ՝ մասնագիտական համերաշխության ստեղծումն էր, որը քննադատական անդրադարձներում դրսևորվեց սերնդակից, հաճախ մտերիմ մարդկանց՝ միմյանց ստեղծագործությունների նկատմամբ փոխշահավետ հետաքրքրությամբ: Երիտասարդ գրականագետը գրում է իր առաջին հոդվածը, գրում է գրախոսություն երիտասարդ գրողի առաջին կամ երկրորդ գրքի մասին: Նպաստում է գրողի անվան ու ստեղծագործության մուտքին գրական դաշտ, իր անդրադարձով հիմք նախապատրաստում նոր հեղինակի գրական դաշտում հետագա դիրքավորման համար: Միաժամանակ երիտասարդ գրողի ստեղծագործության անդրադարձը առանց մեծ ցնցումների ու հակազդեցության ապահովում է երիտասարդ գրականագետի մուտքը գրական դաշտ, նրան անհրաժեշտ խիզախություն ու ներշնչանք տալիս հետագա աշխատանքի համար:
Այս ճանապարհով անցել են (անցել ենք) գրեթերթյան գրեթե բոլոր գրականագետները, և այս ճանապարհի համար թերևս ամենից հարմար հարթակը հենց «Գրեթերթն» էր` իր խմբագրական ազատ ու անկաշկանդ քաղաքականությամբ, երիտասարդ գրողների ու գրականագետների նկատմամբ չափազանց բարյացակամ վերաբերմունքով, նոր անուններ բացահայտելու ձգտումներով ու եղածների աշխատանքը խթանելու միտումներով: Եվ ինչպես Գ. Խանջյանն է գրում իր` «Գրեթերթի» 7-ամյակին նվիրված խմբագրականում` «Մի՛ տագնապիր, թո՛ղ, թող տո՛ւն մտնի Thrash-Metal ռոքը» (2013, թիվ 2):
Չեմ կարող ասել, թե Thrash-Metal-ը որպես ժանր հիմնավորվեց «Գրեթերթում», թե ոչ, սակայն գրականագետների տարիքով ու փորձառությամբ պայմանավորված գերակշռող գրականագիտական ժանրը գրախոսությունն էր: Այն հնարավորություն էր տալիս առանց խորամուխ լինելու այս կամ այն հեղինակի ստեղծագործության ու ուսումնասիրության պատմության մեջ (եթե այդպիսին կար) որոշակի գրական փաստի ներկայացում-վերլուծությամբ պատշաճ մակարդակի գրականագիտական տեքստ ապահովել:
Եվ անցնող տասնամյակում այդպիսի տեքստեր «Գրեթերթում» շատ են եղել: Անի Հովնանի «Արևային ճամփորդի հետքերով ակնարկը» Վահե Արսենի «Կանաչ աստվածների վերադարձը» ժողովածուի մասին (2012, թիվ 1), «Գիրք շնորհակալության կամ շնորհ» հոդվածը Աննա Դավթյանի համանուն գրքի մասին, Գրիգի ստեղծագործություններին անդրադարձը, Էդուարդ Հարենցի գրքի գրախոսությունը (2012, թիվ 4), Կարինե Հարությունյանի «Երկու պատմվածքի արանքում» հոդվածը Նառա Վարդանյանի «Կանաչ տետրի» մասին, Գոհարիկ Աքելյանի «Նոր քաղաքի հայտնությունը» Կարեն Անտաշյանի` «Անտաշատի» մասին (2010, թիվ 1), «Կիկոսապատում» հոդվածը Արմեն Օհանյանի գրքի մասին, Աննա Միկոյանի՝ Մհեր Բեյլերյանի «Կիրակնօրյա պատմվածքները» հոդվածը` նվիրված հեղինակի «Վերջին օրը» ժողովածուին, Մարիամ Կարապետյանի «Էսսե Թոնդրակի սևի մասին «Արարման ութերորդ եղանակը» գրքի լույս ընծայման առիթով» ակնարկը և այլն:
Թվարկումը կարելի է շարունակել, սակայն նշված անուններն էլ բավական են տեսնելու համար քննադատական ու գրողական մի քանի սերնդի ներկայություն-կայացումը:
Անշնորհակալ գործ կլինի այս ակնարկի փոքր սահմաններում այս գրախոսություններին ընդհանուր ու վերացական գնահատականներ տալը, իսկ դրանց առանձին-առանձին քննությունը՝ անհնար, սակայն կարող ենք նշել երիտասարդ քննադատների հոդվածների հիմնական առանձնահատկությունները. առաջինը` հոգատարությունը երիտասարդ հեղինակների նկատմամբ, որն արտահայտվում է հիմնավոր դիտողություններով, հեղինակներին ուղղորդելու ցանկությամբ, առանց ավագ սերնդի գրականագետներին բնորոշ` վերևից հայացքի: Սակայն հանդիպում են նաև անհարկի գովեստներ, ընդհանրացումներ, հեղինակների լավ ապագայի ցանկություն-տեսլականներ: Գրականագետի տարիքով, տեսադաշտով ու մեթոդական սահմանափակվածությամբ պայմանավորված զգուշավորություն, գրականության վերլուծության ավանդական մեթոդների կիրառության հետևանք` ակադեմիզմ, ինչը բնական է սկսնակ գրականագետների համար: Կան նաև ժանրի ու կենդանի գրական ընթացքի հանգամանքներով պայմանավորված առանձնահատկություններ. նախ` գրախոսության պահանջներից ելնելով՝ հասցնում են ընդամենը ներկայացնել գիրքը, նշել հիմնական յուրահատկությունները, հետո՝ հեղինակի հետ մտերմության կամ սերնդային համերաշխության, մի փոքր էլ ընկալված չլինելու վախից ու երիտասարդական տարբեր բարդույթների պատճառով ոչ միշտ են կարողանում սուր դիտողություններ անել: Գրում են այնպես, որ բավարարի բոլորին, ո՛չ շատ քննադատում են, ո՛չ գովերգում, սահմանափակվում են միայն ընդհանուր բնույթի դիտարկումներով: Սա, իհարկե, մեղադրանք չէ, այլ փաստի արձանագրություն, որն իրականում չի ստվերում կատարված աշխատանքը:
Մյուս կողմից գրականագիտական խոսքն ուղիղ համեմատական է նյութին. ինչպիսին նյութն է, այնպիսին էլ` գրախոսությունը: Երիտասարդ հեղինակի առաջին երևման մասին շատ դժվար է ընդհանրացնող խոսք ասել` առանց խուսափելու սխալված լինելու վախից: Այս տեսանկյունից գրեթերթյան երիտասարդ քննադատությունը, կարծում եմ, արել է առավելը, քան հնարավոր էր, և մեծ մասամբ չի սխալվել, քանի որ գրախոսված հեղինակները, գրեթե առանց բացառության, շարունակում են գրական ընթացքի մաս մնալ, նոր գրքեր ու գործեր են հրատարակում:
Գ. Փորձն ու ընդհանրացումը
Եթե երիտասարդների գրախոսություններով ուրվագծվում էր գրական դաշտի պատկերը, ապա ավելի ավագները պետք է փորձեին տեսական համակարգման ենթարկել իրարից անկախ գրափաստերը, դիտեին դրանք գրական ընթացքի համատեքստում: Այս ամենի համար շատ հարմար էին տարեկան տեսությունները, նաև գրական որևէ ձևային կամ բովանդակային խնդրի նվիրված ուսումնասիրությունները, որոնք բարեբախտաբար նույնպես եղել են «Գրեթերթում»: Ինչպես արձանագրում է Ա. Նիկողոսյանն իր` «Արդի հայ արձակը քննադատության գնահատմամբ» հոդվածում, «Արդի հայ գրականության, մասնավորապես՝ արձակի, այսպես ասեմ՝ օպերատիվ գնահատման տեսանկյունից բոլորովին նոր ձևաչափ էր Արմեն Ավանեսյանի, Վահրամ Դանիելյանի, Հայկ Համբարձումյանի և տողերիս հեղինակի նախաձեռնած «Գրականություն» գրաքննադատական նախագիծը, որ իրականացվեց 4 անգամ» (…), որոնցից երկուսը` «Գրականություն 2007»-ն ու «Գրականություն 2008»-ը (2008, թիվ 1 («Հավելված»), 2009, թիվ 1 («Հավելված») հենց «Գրեթերթում»: Եվ, իսկապես, այդ տարեկան անդրադարձները, բազմաթիվ քննադատություններից անկախ, գրական ընթացքի համակարգման ու արժևորման գործում նշանակալի դերակատարություն ունեցան:
«Գրեթերթում» տեղ էին գտնում նաև ծաղկաձորյան ամենամյա գրական հավաքների ժամանակ ընթերցված զեկուցումները: Մասնավորապես այդպիսին է Ա. Ավանեսյանի «Նոր սերունդ, նոր գրքեր» (2009-2010) (2010, թիվ 3), հոդվածը, որտեղ ընդհանուր գծերով ներկայացվում են նշված տարիներին երիտասարդական գրականության զարգացման միտումները:
Առանձին խնդիրների ու հեղինակների ստեղծագործությունների առանձնահատկություններին են նվիրված Արմեն Ավանեսյանի «Քրիստոնեական թեմաներն ու արձագանքները արդի հայ դրամատուրգիայում», Հասմիկ Հակոբյանի «Ջրհեղեղ`ժամանակային անանցանելիություն», Անի Հովնանի «Կենաց ողբերգություն կամ կյանքի արդարացում» (Որբության և մարդու ծննդյան մութ կողմերի մոտիվը Գուրգեն Խանջյանի տեքստում) հոդվածը, Աշոտ Գաբրիելյանի՝ «Գրեթերթի» դերը անկախության շրջանի գրականության մեջ» (2012, թիվ 1) ակնարկը:
Կան նաև ընդհանուր գրականագիտական խնդիրներ արծարծող այլ հոդվածներ, գրականագիտական նյութերի թարգամանություններ և այլն:
Երբեմն էլ թերթում հայտնվում էին ավագ գրականագետների սուր ու վիճահարույց հոդվածներ. «Հեղափոխությունը շարունակվո՞ւմ է…»,- հարցնում է Սուրեն Աբրահամյանը համանուն ծավալուն անդրադարձում և մեծաքանակ նյութի քննությամբ հղում կատարելով Հովհաննես Թեքգյոզյանի Գրեթերթում հրատարակված «Հոգևոր վթար» էսսեին՝ հայտարարում է, որ «մեր գրականության մեջ հայտնվել են «ոսկե տղերքը», որոնք հաճախ կոչումը շփոթում են հեղինակության հետ», ապա հոդվածն ավարտում ընդհանուր տրամադրությունից չբխող ապագայի լուսավոր տեսիլքով` «որ թե՛ ճանապարհ, թե՛ անունների խոստումներ ունի» (2011, թիվ 3):
Մեծաքանակ ու տարասեռ նյութի հետ աշխատանքը` հավաքումը, դասակարգումն ու բնութագրումը, համակարգման տեսական ու գրապատմական կարևորությունից բացի, կարող է հարուցել որոշակի խնդիրներ. ամբողջացնող եզրակացությունն իր ընդհանրականությամբ կարող է չարտացոլել նյութի առանձին տարրերի որակները, կախված աշխատանքն իրականացնողի տեսանկյունից՝ նախապես ստեղծված սխեմաների մեջ փորձի տեղավորել նյութը, սահմանափակվի նյութի թվարկմամբ ու ընդհանուր բնութագրումներով, անխուսափելիորեն չանդրադառնա որոշակի, գուցե կարևոր փաստերի ու անունների և այլն: Վերևում թվարկված հոդվածներում ավելի կամ պակաս չափով տեսանելի են թվարկված խնդիրները, սակայն հոդվածագիրներին հաջողվել է գլխավորը` շոշափել արդի գրականության զարկերակը, տալ գրական ընթացքի ուրվագիծը, առանձնացնել համակարգային ու հանգրվանային իրողությունները, հղումների դաշտ ու հող նախապատրաստել քննադատական ու գրապատմական հետագա անդրադարձների համար:
Նաև, ինչը թերևս ամենակարևորն է` հավատ ներշնչել «Գրեթերթի» պատկերազարդ սենյակի դուռը թակող երիտասարդ գրողի ու գրականագետի մեջ, որ գրի ու գիտության համար անբարենպաստ մեր ժամանակներում ոչ միայն գրողներ կան, այլ նաև գրական ընթացք ու այդ ընթացքին հետևող ու վավերագրող ռոմանտիկ մարդիկ, որոնք թեև հոգու խորքում գիտեն, որ «ժամանակի հոլովույթում մոռացվում է կյանքը` հիշվելով միայն ըստ գրականության պատկերվածի, ու ժամանակի հոլովույթում մոռացվում է գրաքննադատը` հիշվելով միայն այս կամ այն գրողի ու ստեղծագործության առիթով»,- ինչպես նկատում է Ա. Նիկողոսյանը, սակայն շարունակում են հավատալ, որ գրականությունն ու գրողը բոլոր ժամանակներում ընթերցման, հոգատար վերաբերմունքի, ընկալման ու ներկայացման, նաև քննադատության կարիք ունեն: Շարունակում են հավատալ ու խիզախել: