Քաղաք բերող մայրուղու սկզբնամասում արդեն զգացվում էր օվկիանոսի շունչը, որ բերում էր քամին` կարծես ողջունելով բոլոր ժամանողներին: Հյուրանոցը, որ կառուցված էր քաղաքի հենց կենտրոնում, լողափից տասը րոպեի հեռավորության վրա էր: Սենյակը, որտեղ պետք է բնակություն հաստատեր Մարկը, հյուրանոցի վեցերորդ հարկում էր: Նշանակված ժամից մոտ տասը րոպե շուտ տեղ հասնելով` Մարկը որոշեց նոր գնած ծխախոտի տուփից մեկ գլանակ հանել` նշելու այն ազատությունը, որը պետք է բերեր օվկիանոսն ու այս քաղաքը, որը դրախտի հավակնելու բոլոր արժանիքներն ուներ:
Ընդունարանի անցուդարձը առաջին հայացքից նման էր դրախտի ուղեգրի մրցույթի, ուր բոլորը փորձում էին առաջինը գրանցվել, կարծես դրանով առավելություն պետք է ունենային մյուսների հանդեպ: Կարծես խելագարների տարեկան համաժողով պետք է տեղի ունենար, և նրանք, թողնելով իրենց պալատները, եկել էին մասնակցելու նիստին, ասես՝ առանց իրենց հնարավոր չէր լինելու որոշում կայացնել:
Ավելի լավ համար Մարկը չէր էլ կարող պատկերացնել իր նոր կյանքի համար: Հին քաղաքը մնացել էր շատ հեռու, այս դրախտից շատ հարավ: Տեղավորելով իրերը իրենց համապատասխան վայրերում` Մարկը փորձեց գրել, սակայն համարը դեռ չէր տրամադրում ստեղծագործելուն, և Մարկը իջավ առաջին հարկի ռեստորանը՝ ծանոթանալու մյուս կենվորների հետ:
Ռեստորանը նման էր ներգաղթյալների ժամանակավոր ապաստարանի` կարծես հեռավոր մի վայրում խոշոր տարերային աղետ էր եղել, իսկ այդ ռեստորանն էլ դարձել էր այն եզակի տեղն այս կապույտ մոլորակի, ուր հնարավոր էր տանիք պեղել:
Մարկը, ռոմի հերթական քանակությունը երակներ ուղարկելով, զգաց, որ ևս մեկ բաժակը իրեն կմոտեցնի մոռացության արահետի վերջին կանգառին, և արդեն պատրաստվում էր իրեն նետել խոհերի հորձանուտի մեջ, երբ հանկարծ ռեստորանի արդեն խելագարության հասցնող միապաղաղությունը խախտվեց դռան ձայնից:
Կարմիր զգեստը, որ կրում էր միջին տարիքի երիտասարդ կինը, հրաշալիորեն ներդաշնակում էր պատերի գույների հետ, իսկ հայացքները, որ հետևում էին կնոջը, լի էին սպասումով. կարծես այդ կինը լիներ այն հրեշտակը, որ պետք է ավետեր դրախտի ուղեգիրը նվաճածներին, սակայն այդ կինը ընդամենը թեթևակի ժպտալով առաջ եկավ և տեղավորվեց Մարկի կողքին` հուսախաբ անելով մի ողջ բանակ:
— Հորոսկոպը կանխագուշակել էր, որ ինձ այսօր գեղեցիկ վերջաբան է սպասվում, բայց որ այն ինձ կներկայանա քեզ պես գեղեցիկ կնոջ տեսքով, դրան չէի հավատա,- հայացքը չհեռացնելով կնոջ դեմքից` ասաց Մարկը:
— Այս ծանոթության առաջարկի վրա երկար ես մտածել,- ամենևին չվրդովվելով Մարկի հանդուգն քայլից` ասաց երիտասարդ կինը, ով կարծես դեմ չէր գիշերը անցկացնել ուրիշի բնակարանում և բարմենին նշելով նախապատվելի խմիչքի անունը` սպասումով լի հայացքը հառեց Մարկի կողմը:
— Դե ինչ, եկ խմենք… աստղերի կենացը, որ մեզնից միլիոնավոր կիլոմետրեր հեռու են, բայց ամեն ինչ արեցին, որ մեր երեկոն դեռ երկար հիշվի,- ասաց Մարկը` բաժակը մոտեցնելով բարմենին:
— Գեղեցիկ անուն ունես, Աննա,- շարունակ նայելով նրա աչքերի մեջ` ասաց Մարկը, ով չէր էլ նկատել, որ արդեն կես ժամից ավելի է, ինչ զրուցում է այդ կնոջ հետ: Նկատելով Մարկի` զարմանքով լի հայացքը, Աննան, դեմքին թեթևակի ժպիտ տալով, ասաց.
— Այս քաղաքում ժամանակն էլ է կարծես ուրիշ տեմպով ընթանում` ավելի արագ, ավելի թեթև:
Աննան դեռ չէր էլ հասցրել իջեցնել բաժակը, երբ Մարկը, թեքվելով դեպի նա, կարծես պոկեց իրեն աթոռից, և չդիմանալով վայրկյանի ազդեցությանը` պարզապես կախվեց Մարկի պարանոցից` իր գեղեցիկ շուրթերով ագահորեն կլանելով նրա լեզուն, և միայն իր զբաղեցրած աթոռի ձայնն էր, որ, չդիմանալով Աննայի շեշտակի շարժումներին, շախմատի թագուհու պես ընկավ գետնին:
Գիշերը բուռն էր անցել. դատելով սենյակի հատակին թափված շորերից` Մարկը հասկացավ, որ Աննան դեռ լուսաբացին է լքել համարը: Եղանակը խոստացվածի պես արևային էր, ավելի լավ ժամ լողափով զբոսնելու համար հնարավոր չէր պատկերացնել: Քաղաքի բնակիչները, չնայած տեղացի լինելուն, այդքան էլ չէին տարբերվում եկվորներից. կարծես միայն օվկիանոսն էր, որ այդտեղ էր դեռ նահապետական ժամանակներից և լինելու էր դեռ երկար, ու բոլորը ակամա վարժվել էին դրան:
Ազատության յուրահատուկ զգացում կար քաղաքում. կենտրոնական հատվածներից մեկում, որ ավանդաբար հրապարակների համար են նախագծում, զետեղված էր քաղաքի կենդանաբանական այգին, որից լողափ տանող ծառուղով ընթացքը Մարկի համար շարունակ ուղեկցվում էր այգում պահվող կենդանիների տարբեր բնաձայնություններով: Կենդանիները այնքան թեթև էին քայլում, որ երբեմն նույնիսկ թվում էր, թե իրենց կյանքի իմաստը հենց այդ վանդակներն ու ցանկապատերն էին, առանց որոնց կարծես իրենց գոյության նպատակն էլ կկորչեր:
Լողափը վայելում էր թեթևության վերջին վայրկյանները, երբ դեռ ստիպված չէր իր վրա կրել կյանքի ունայնության ծանր բեռը, որ բերում էին իրենց հետ այցելուները: Մարկը արդեն հասցրել էր տեղավորվել առափնյա բլրակներից մեկի վրա, երբ հանկարծ ափ դուրս եկան ջրասուզորդները` իրենց հագին կրելով ծանր սարքերը, որ հազիվ էին կարողանում հանել:
— Այսօր ահագին խորն էինք սուզվել, մեկ ամսից լրիվ պատրաստ կլինենք,- ասաց սուզորդներից մեկը, ով տարիքով ավագն էր և ղեկավարում էր թիմը:
— Հա, պարոն Առաքելյան, գրեթե հասել ենք մեր նախանշած շեմին,- ասաց թիմի կին անդամը, որի ձայնը Մարկին խիստ ծանոթ թվաց, և թեքելով հայացքը դեպի սուզորդների կողմը` Մարկը տեսավ Աննային:
— Մարկ, ողջույն, չէի մտածում, որ այս ժամին քեզ այստեղ կտեսնեմ,- ասաց Աննան: — Ի՞նչ է պատահել, մտահոգ ես երևում:
— Չէ, պարզապես Պուշկինի բանաստեղծություններից մեկը հիշեցի: Փաստորեն ջրասուզորդ ես: — Ծոցագրպանում տեղավորելով թղթերն ու գրիչը, որ իր հետ բերել էր լողափ, Մարկը իջավ բլրակից` կանգնելով Աննային դեմ հանդիման:
— Հա, մեր թիմով վերջին փորձն էինք անում էքսպեդիցիայից առաջ, երեկոյան պետք է մեկնենք հարավային սահման,- ասաց Աննան` հայացքը չհեռացնելով Մարկի ծոցագրպանից: — Թղթերդ բերել էիր գրելու համար, չէ՞, երբեք չէի մտածի, որ գրող ես:
— Հա, ուզում էի նոր գործ սկսել, որոշեցի դիմել օվկիանոսի օգնությանը,- հայացքը հառելով հորիզոնին` ասաց Մարկը: — Վերջիվերջո մեր առաքելությունները որոշ չափով իրար նման են. դու օվկիանոսի հատակն ես պեղում, ես՝ մարդու հոգին, դու ջրի երես ես հանում այն, ինչ կա օվկիանոսի խոր հատակին, ես թղթին եմ տալիս այն, ինչ կա մարդու ներաշխարհի թաքուն շերտերում:
— Ուզում ես ասել` մենք իրար լավ սազում ենք,- ժպիտը դեմքին` պատասխանեց Աննան` շփոթության մատնելով Մարկին, այնուհետև լսելով հեռվից ձայնած իր անունը` շրթունքները մոտեցրեց Մարկի երեսին և պահ անց ասաց: — Դե, երեկոյան կհանդիպենք, նույն տեղում քեզ կսպասեմ:
Հյուրանոցը լի էր նոր եկվորներով, որ թափվել էին ռետորանի սրահով` մասնակցելու դիմակահանդեսին, որ ամեն ամիսը մեկ կազմակերպվում էր հյուրանոցի ղեկավարության կողմից՝ այցելուների շրջանում նոր ծանոթություններ ձեռք բերելու համար: Մարկը առանձնապես տոգորված չէր մասնակցելու դիմակահանդեսին` ցանկանալով առանձնանալ իր համարում` գործը սկսելու համար, երբ սրահի մեջտեղով անցավ կարմիր զգեստով մի կին, և Մարկը, վերցնելով իր համարն ու հինգ այլ համարներ, որոնց կրողների հետ պետք է ծանոթանալ ըստ միջոցառման կանոնակարգի, անցավ դեպի սրահի մեջտեղը` որոնելով կարմիր զգեստով կնոջը:
Մոտ կես ժամ էր արդեն անցել, սակայն Մարկը այդպես էլ չէր կարողանում որսալ Աննային` կարծես միտումնավոր` հենց այդ օրը պետք է կայանար դիմակահանդեսը, որ թույլ չէր տալիս Մարկին մասնակիցների միջից դուրս հանել այն մեկին, ով իր կարմիր զգեստով շարունակ անցնում էր իր առջևով` հաջորդ իսկ վայրկյանին կարծես գոլորշիանալով դիմակահանդեսի սրահից:
Մարկի համարը տանող աստիճաններին տարբեր շորեր էին թափված, իսկ պատերին զանազան գրություններ էին` արված վառ կարմիր շրթներկով: Դռան առաջ ընկած էր կարմիր զգեստը, սակայն հարկի համարներից ոչ մեկում աշխուժություն չէր նկատվում: Մարկը, վերցնելով շորը, ձեռքը տարավ դեպի բանալին, որն արդեն կողպեքի մեջ էր, երբ հանկարծ թիկունքից լսվեց դռան բացվելու ձայնը: Մարկի առաջ հառնեց Աննան` լիովին մերկ ու ճերմակ` դրախտի հրեշտակի պես, և մոտենալով Մարկին` հրեց նրան դեպի սենյակի ներսը:
— Շատ ուշացար,- ասաց Աննան, այնուհետև տապալելով Մարկին անկողնուն` ընկավ նրա վրա:
— Հիմա ինչ, վաղը գնո՞ւմ ես,- ծխախոտի գլանակից արձակելով առաջին քուլան` հարցրեց Մարկը:
— Դե դու ուզում էիր նոր գործ սկսել, չէ՞,- ասաց Աննան,- չե՞ս ուզում, որ մնամ կողքիդ:
Մարկը լուռ էր` համարելով, որ լռությունը ավելի շատ բան կարող է ասել այդ պահին, քան ամեն տեսակի հավատարմության երդում:
Առավոտյան Մարկը, զարթնելով հեռախոսի ձայնից, վերստին ականատես էր, թե ինչպես էին շորերը հատակով մեկ թափված, սակայն Աննայի կարմիր զգեստը չկար, իսկ հեռախոսի էկրանին անծանոթ համար էր:
— Ուշ ես զարթնում: — Աննայի ձայնն էր:
— Ո՞ւր ես, Աննա:
— Իսկ դու ի՞նչ ես կարծում…